ԵԼՔ 39:1-21

ԵԼՔ 39:1-21 ՆՎԱԱ

Կապույտից, ծիրանագույնից և կարմիրից պատրաստեցին սրբազան զգեստները՝ սրբարանում դրանցով ծառայություն անելու համար։ Ահարոնի համար էլ պատրաստեցին սուրբ զգեստներ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Եփուդը պատրաստեցին ոսկուց և կապույտ, ծիրանագույն ու կարմիր և մանած նուրբ կտավից։ Ոսկու թիթեղները ծեծեցին և թել-թել կտրեցին, որպեսզի դրանք գործվեն կապույտ, ծիրանագույն ու կարմիր և նուրբ կտավի հետ՝ վարպետորեն հյուսելով։ Ագուցիկ ուսադիրներ պատրաստեցին նրան. այն կոճկվում էր երկու ծայրերից։ Եփուդի վրայի գոտին հենց իրենից էր, ուներ նույն գործվածքը, ոսկուց և կապույտ, ծիրանի ու կարմիր և մանած նուրբ կտավից, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Ոսկե խորշերի մեջ ամրացված եղնգաքարեր պատրաստեցին և դրանց վրա փորագրեցին Իսրայելի որդիների անունները կնիք քանդակողների արվեստով։ Դրանք դրեցին եփուդի ուսերի վրա՝ իբրև հիշատակի քարեր Իսրայելի որդիների համար, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Եփուդի գործվածքի նման գեղարվեստական հյուսվածքով պատրաստեցին լանջապանակը՝ ոսկուց և կապույտ, ծիրանագույն ու կարմիր և մանած նուրբ կտավից։ Քառակուսի և կրկնածալ արեցին լանջապանակը. մի թզաչափ երկարությամբ ու մի թզաչափ լայնությամբ և երկծալ էր։ Դրա վրա ամրացվեցին չորս շարք ակնաքարեր։ Առաջին շարքի վրա՝ սարդիոն, տպազիոն և զմրուխտ։ Երկրորդ շարքը կարկեհան, շափյուղա և ադամանդ էր։ Երրորդ շարքը՝ գոճազմ, ակատ և սուտակ։ Չորրորդ շարքը՝ ոսկեքար, եղնգաքար և հասպիս։ Դրանք ամրացված էին ոսկե խորշերի մեջ։ Քարերը տասներկու հատ էին՝ ըստ Իսրայելի որդիների անունների։ Դրանք փորագրված էին կնիքների նման՝ յուրաքանչյուրը տասներկու ցեղերից մեկի անունով։ Լանջապանակի վրա ամրացրին մաքուր ոսկուց պատրաստված հյուսված շղթաներ։ Պատրաստեցին երկու ոսկե խորշիկներ և երկու ոսկե օղակներ. երկու օղակներն ամրացրին լանջապանակի երկու ծայրերին։ Երկու հյուսված ոսկե շղթաներն անցկացրին լանջապանակի ծայրերին եղած երկու օղակների մեջ։ Հյուսված շղթաների մյուս երկու ծայրերն էլ մտցրին այդ երկու խորշիկների մեջ և դրանք դրեցին եփուդի ուսերին՝ երեսի կողմից։ Ոսկե երկու օղակներ էլ շինեցին և լանջապանակի ներսի կողմից դրեցին եփուդին կցված եզերքի երկու ծայրերին։ Նաև ուրիշ երկու ոսկե օղակներ շինեցին և դրանք դրեցին եփուդի երկու ուսերի ներքևի մասում՝ դրա առջևի կողմի կցվածքի մոտ, եփուդի գոտու վրայից։ Լանջապանակի օղակները կապույտ մի ժապավենով կապեցին եփուդի օղակներին, որպեսզի եփուդի գոտու վրա լինի, և լանջապանակը չբաժանվի եփուդից, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։