ԵԼՔ 38

38
Ողջակեզի սեղանի պատրաստումը
(Ելք 27.1-8)
1Ողջակեզի սեղանը պատրաստեց սատիմի փայտից։ Դրա երկարությունը հինգ կանգուն էր, լայնությունը՝ հինգ կանգուն՝ քառակուսի, և բարձրությունը՝ երեք կանգուն։ 2Դրա չորս անկյունների վրա եղջյուրներ արեց. նրա եղջյուրներն իրենից էին ելնում. և այն պատեց պղնձով։ 3Զոհասեղանի ամբողջ սպասքը, այսինքն՝ մոխրակալները, բահերը, կոնքերը, մեծ պատառաքաղներն ու կրակարանները պատրաստեց. նրա ամբողջ սպասքը պղնձից պատրաստեց։ 4Զոհասեղանի համար պատրաստեց պղնձե ցանցակերպ մի կասկարա, որը դրեց նրա շրջանակի տակ ներքևից, մինչև նրա կեսը։ 5Ձուլեց չորս օղակներ պղնձե կասկարայի չորս անկյուններին՝ ձողեր անցկացնելու համար։ 6Ձողերը շինեց սատիմի փայտից և դրանք պատեց պղնձով։ 7Ձողերն անցկացրեց զոհասեղանի կողքերին գտնվող օղակների մեջ՝ զոհասեղանը դրանցով բարձրացնելու համար։ Այն պատրաստեց տախտակներից՝ մեջը դատարկ։
Պղնձե ավազանի պատրաստումը
(Ելք 30.18)
8Պղնձե ավազանն ու դրա պղնձե պատվանդանը պատրաստեց ժողովի վրանի մուտքին խմբերով հավաքվող կանանց հայելիներից։
Ժողովի վրանի վարագույրը
(Ելք 27.9-19)
9Կառուցեց գավիթը. հարավային կողմի համար՝ վարագույրները դեպի հարավ, մանած նուրբ կտավից, հարյուր կանգուն։ 10Դրանց սյուները՝ քսան, դրանց խարիսխները՝ քսան։ Սյուների կեռիկներն ու դրանց ճանկերն արծաթից էին։ 11Հյուսիսային կողմի համար՝ հարյուր կանգուն վարագույր. սյուները՝ քսան հատ, և դրանց խարիսխները՝ քսան, պղնձից։ Սյուների կեռիկներն ու դրանց ճանկերն արծաթից էին։ 12Արևմտյան կողմի համար վարագույրները՝ հիսուն կանգուն. դրանց սյուները՝ տասը, խարիսխները՝ տասը։ Սյուների կեռիկներն ու դրանց ճանկերն արծաթից էին։ 13Արևելյան կողմի համար, դեպի արևելք, վարագույրը հիսուն կանգուն էր։ 14Մուտքի մեկ կողմի վարագույրները տասնհինգ կանգուն էին, դրանց սյուները՝ երեք, ու դրանց խարիսխները՝ երեք։ 15Մյուս կողմի համար էլ, այսինքն՝ գավթի դռան այս կողմից և մյուս կողմից վարագույրները տասնհինգ կանգուն էին, դրանց սյուները՝ երեք, և դրանց խարիսխները՝ երեք։ 16Գավթի չորս կողմերի բոլոր վարագույրները մանած նուրբ կտավից էին։ 17Սյուների խարիսխները պղնձից էին, սյուների կեռիկներն ու դրանց ճանկերը՝ արծաթից, դրանց խոյակները՝ արծաթապատ։ Գավթի բոլոր սյուներն էլ արծաթե ճանկերով իրար կցված էին։ 18Գավթի մուտքի վարագույրը նկարազարդ էր, կապույտ, ծիրանագույն, կարմիր և մանած նուրբ կտավից։ Դրա երկարությունը քսան կանգուն էր, բարձրությունը՝ հինգ կանգուն, գավթի վարագույրների չափ։ 19Դրանց սյուները չորս հատ էին, դրանց պղնձե խարիսխները՝ չորս. դրանց կեռիկներն արծաթից էին, դրանց խոյակները՝ արծաթապատ, և ճանկերը՝ արծաթից։ 20Խորանի ու գավթի չորս կողմերի բոլոր ցցերը պղնձից էին։
Ժողովի վրանի մեջ գործածված մետաղներ
21Այս է խորանի, այսինքն՝ վկայության խորանի կառուցման հաշիվը, որը հաշվարկվեց Ահարոն քահանայի որդի Իթամարի հսկողությամբ, ինչպես պատվիրել էր Մովսեսը ղևտացիների միջոցով։ 22Հուդայի ցեղից Բեսելիելը՝ Ուրիի որդին, որը որդին էր Ովրի, արեց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին։ 23Նրա հետ էր Դանի ցեղից Աքիսամայի որդի Ողիաբը, որը վարպետ փորագրիչ և ձեռագործող էր և կապույտ, ծիրանագույն ու կարմիր և նուրբ կտավների վրա նկարազարդող։
24Այն ամբողջ ոսկին, որ գործածվեց այս շինության համար, այսինքն՝ սրբարանի ամբողջ կառուցման համար նվիրված ոսկին քսանինը տաղանդ և յոթ հարյուր երեսուն սիկղ էր՝ ըստ սրբարանի սիկղի։ 25Մարդահամարով ժողովրդից հավաքված արծաթը հարյուր տաղանդ և հազար յոթ հարյուր յոթանասունհինգ սիկղ էր՝ ըստ սրբարանի սիկղի. 26մարդագլուխ՝ կես սիկղ, այսինքն՝ սրբարանի սիկղի հետ համեմատած՝ սիկղի կեսը քսան տարեկան և ավելի ամեն մարդու համար, որ անցնում էր մարդահամարից, այսինքն՝ վեց հարյուր երեք հազար հինգ հարյուր հիսուն մարդուց։ 27Հարյուր տաղանդ արծաթ օգտագործվեց սրբարանի խարիսխները և վարագույրի խարիսխները ձուլելու համար. հարյուր տաղանդ՝ հարյուր խարիսխի համար. մեկ տաղանդ՝ յուրաքանչյուր խարիսխի համար։ 28Այն հազար յոթ հարյուր յոթանասունհինգ սիկղ արծաթով պատրաստեց սյուների կեռիկները և դրանց խոյակները պատեց ու կապեց նրանց։ 29Նվիրված պղինձը յոթանասուն տաղանդ և երկու հազար չորս հարյուր սիկղ էր։ 30Դրանով պատրաստեց ժողովի վրանի մուտքի խարիսխները, պղնձե զոհասեղանը, դրա պղնձե կասկարան և զոհասեղանի բոլոր գործիքները, 31գավթի չորս կողմերի խարիսխները, գավթի դռան խարիսխները, վրանի բոլոր ցցերը և գավթի չորս կողմերի բոլոր ցցերը։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 38: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք