ԵԼՔ 37

37
Ուխտի տապանակի պատրաստումը
(Ելք 25.10-22)
1Բեսելիելը տապանակը շինեց սատիմի փայտից։ Դրա երկարությունը երկուսուկես կանգուն էր, լայնությունը՝ մեկուկես կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն։ 2Ներսից և դրսից այն պատեց մաքուր ոսկով։ Դրա շուրջը շինեց ոսկե մի եզրագոտի։ 3Դրա չորս անկյունների համար ձուլեց չորս ոսկե օղակներ, այսինքն՝ երկու օղակ՝ մի կողմից և երկու օղակ՝ մյուս կողմից։ 4Սատիմի փայտից ձողեր շինեց և դրանք պատեց ոսկով։ 5Ձողերն անցկացրեց տապանակի կողքերին եղած օղակների մեջ, որպեսզի դրանցով վեր բարձրացվի տապանակը։
6Քավությունը շինեց մաքուր ոսկուց։ Դրա երկարությունը երկուսուկես կանգուն էր, և դրա լայնությունը՝ մեկուկես կանգուն։ 7Երկու ոսկե քերովբեներ շինեց. դրանք կռածո շինեց քավության երկու ծայրերին. 8մի քերովբեն՝ այս կողմի ծայրին, իսկ մյուս քերովբեն՝ մյուս կողմի ծայրին. քավությունից շինեց քերովբեները՝ նրա երկու ծայրերին։ 9Քերովբեներն իրենց թևերը տարածում էին վերևից՝ իրենց թևերով ծածկելով քավությունը, և նրանց երեսները դեմ դիմաց էին, և քերովբեների երեսները քավության վրա էին։
Աստծուն մատուցված հացի սեղանի պատրաստումը
(Ելք 25.23-30)
10Սեղանը պատրաստեց սատիմի փայտից։ Դրա երկարությունը երկու կանգուն էր, լայնությունը՝ մեկ կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն։ 11Այն պատեց մաքուր ոսկով և դրա շուրջը շինեց ոսկե մի եզրագոտի։ 12Դրա շուրջբոլորը դրեց մեկ թզաչափ բարձրությամբ մի եզրագոտի և այդ եզրագոտու շուրջը՝ ոսկե մի եզրագոտի։ 13Զոհասեղանի համար ձուլեց չորս ոսկե օղակներ և օղակները դրեց չորս անկյուններին, որոնք զոհասեղանի չորս ոտքերի մոտ էին։ 14Օղակները կցված էին պսակին իբրև ձողերի տեղեր՝ զոհասեղանը բարձրացնելու համար։ 15Ձողերը պատրաստեց սատիմի փայտից և դրանք պատեց ոսկով՝ զոհասեղանը բարձրացնելու համար։ 16Պատրաստեց սեղանի վրա դրվելիք անոթները՝ դրա սկուտեղներն ու խնկամանները, սկիհներն ու բաժակները, որոնցով հեղելու նվեր է մատուցվում։ Դրանք պատրաստեց մաքուր ոսկուց։
Աշտանակի պատրաստումը
(Ելք 25.31-40)
17Աշտանակը պատրաստեց մաքուր ոսկուց. կոփածո պատրաստեց աշտանակը. դրա բունը և ճյուղերը, սկահակները, գնդիկներն ու ծաղիկներն իրենից էին ելնում։ 18Դրա կողքերից դուրս էին գալիս վեց ճյուղեր. երեք ճյուղ՝ աշտանակի մի կողմից, և երեք ճյուղ՝ աշտանակի մյուս կողմից։ 19Մեկ ճյուղի վրա կար երեք նշաձև սկահակ՝ գնդիկով և ծաղիկով։ Մյուս ճյուղի վրա էլ՝ երեք նշաձև սկահակ՝ գնդիկով և ծաղիկով։ Այսպես էին աշտանակից դուրս ելած վեց ճյուղերը։ 20Աշտանակի բնի վրա կային նշաձև չորս սկահակներ՝ իրենց գնդիկներով ու ծաղիկներով։ 21Երկու ճյուղերի տակ կար իրենից ելնող մեկ գնդիկ, մյուս երկու ճյուղերի տակ՝ իրենից մեկ գնդիկ, և երրորդ երկու ճյուղերի տակ՝ իրենից ելնող մեկ գնդիկ։ Այսպես էին այն վեց ճյուղերը, որոնք դուրս էին գալիս նրանից։ 22Նրանց գնդիկներն ու ճյուղերն իրենից էին՝ ամբողջությամբ կոփածո մեկ կտոր մաքուր ոսկուց։ 23Դրա յոթ կանթեղները, ունելիներն ու մոխրակալները պատրաստեց մաքուր ոսկուց։ 24Մի տաղանդ մաքուր ոսկի օգտագործեց պատրաստելու համար աշտանակն ու նրա ամբողջ սպասքը։
Խնկարկության սեղանի պատրաստումը
(Ելք 30.1-5)
25Սատիմի փայտից պատրաստեց խունկ ծխելու սեղանը։ Դրա երկարությունը մեկ կանգուն էր, լայնությունը՝ մեկ կանգուն՝ քառակուսի, և բարձրությունը՝ երկու կանգուն։ Դրա եղջյուրներն իրենից էին։ 26Մաքուր ոսկով պատեց դրա մակերեսը, դրա չորս կողմի պատերն ու եղջյուրները։ Դրա շուրջբոլորը պատրաստեց ոսկե մի եզրագոտի։ 27Եզրագոտու ներքևի մասում, երկու կողմերին նրա համար ոսկուց երկու օղակներ պատրաստեց. երկու անկյունների վրա՝ դրանց մեջ ձողեր անցկացնելու և սեղանը բարձրացնելու համար։ 28Ձողերը պատրաստեց սատիմի փայտից և դրանք պատեց ոսկով։
Օծության յուղի և խնկի պատրաստությունը
(Ելք 30.22-38)
29Պատրաստեց օծության սուրբ յուղը և մաքուր, անուշահոտ խունկը՝ յուղագործի արհեստով։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 37: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք