ԵԼՔ 36

36
1Բեսելիելը, Ողիաբը և սրտով բոլոր իմաստունները, որոնց Տերը օժտել էր իմաստությամբ և խելամտությամբ՝ գիտենալու և գործադրելու սրբարանի ծառայության համար ամեն տեսակ գործերը, կատարեցին, ինչպես որ պատվիրել էր Տերը։
Ժողովուրդը շատ ընծաներ է բերում
2Մովսեսը կանչեց Բեսելիելին, Ողիաբին և սրտով բոլոր իմաստուններին, որոնց Տերն իմաստության ոգի էր պարգևել, այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր սրտով հոժար էին գործի անցնելու և ավարտելու գործը։ 3Նրանք Մովսեսից առան բոլոր ընծաները, որ Իսրայելի որդիները բերել էին սրբարանի ծառայություն անելու համար։ Նրանք տակավին ամեն առավոտ կամավոր ընծաներ էին բերում նրա մոտ։
4Սրբարանի ամբողջ գործը կատարող բոլոր իմաստուն մարդիկ, յուրաքանչյուրը, թողնելով իր գործը, եկավ. 5խոսեցին Մովսեսի հետ՝ ասելով. «Ժողովուրդն ավելին է բերում, քան անհրաժեշտ է այն գործի համար, որ Տերը պատվիրել է անել»։ 6Մովսեսը պատվիրեց բանակատեղիում հայտարարություն անել և ասել. «Թող այլևս ոչ ոք, տղամարդ լինի, թե կին, սրբարանի համար ընծաներ չբերի»։ Եվ ժողովուրդը դադարեց նվերներ բերելուց։ 7Նյութը բավական էր այդ բոլոր գործերը պատրաստելու համար. դեռ ավելացավ։
Ժողովի վրանի շինությունը
(Ելք 26.1-37)
8Վրանի գործն անող բոլոր սրտով իմաստունները պատրաստեցին տասը վարագույրները՝ մանած նուրբ կտավից և կապույտից, ծիրանագույնից և կարմիրից, և այն պատրաստեցին ճարտարորեն ասեղնագործված քերովբեներով։ 9Մեկ վարագույրի երկարությունը քսանութ կանգուն էր, և մեկ վարագույրի լայնությունը՝ չորս կանգուն։ Բոլոր վարագույրների չափսը նույնն էր#36.9 Երկարությունը՝ 13 մ, լայնությունը՝ 1.8 մ։։ 10Հինգ վարագույրներն իրար էին կցված, մյուս հինգ վարագույրները նույնպես կցված էին իրար։ 11Կցվածքի ծայրի մեկ վարագույրի եզերքին նա կապույտ օղակներ դրեց. մյուս կցվածքի ծայրի վարագույրի եզերքին էլ նույնն արեց։ 12Մեկ վարագույրի վրա դրեց հիսուն օղակ, իսկ մյուս կցվածքի վրա եղած վարագույրի ծայրին նույնպես դրեց հիսուն օղակ։ Այդ օղակները դեմ դիմաց էին։ 13Ապա հիսուն ոսկե ճարմանդներ դրեց և վարագույրները ճարմանդներով միացրեց իրար։ Վրանը մեկ ամբողջություն դարձավ։
14Վրանի համար այծի մազից վարագույրներ պատրաստեց որպես ծածկ. տասնմեկ այդպիսի վարագույրներ պատրաստեց։ 15Մեկ վարագույրի երկարությունը երեսուն կանգուն էր, և մեկ վարագույրի լայնությունը՝ չորս կանգուն։ Տասնմեկ վարագույրների չափսը նույնն էր։ 16Հինգ վարագույրներն իրար միացրեց առանձին և վեց վարագույրներն էլ՝ առանձին։ 17Հիսուն օղակ դրեց մեկ վարագույրի եզերքին՝ կցվածքի մոտ, և հիսուն օղակ՝ մյուս կցվածքի մոտ եղած վարագույրի եզերքին։ 18Պատրաստեց հիսուն պղնձե ճարմանդներ՝ վրանը կոճկելու համար, որպեսզի մեկ ամբողջություն լինի։ 19Վրանի համար մի ծածկոց պատրաստեց խոյի կարմիր ներկված մորթիներից և մի ծածկոց էլ թեհաշի մորթիներից՝ դրա վրա։
20Վրանի համար սատիմի փայտից ուղղահայաց դիրքով շրջանակներ պատրաստեց։ 21Մեկ շրջանակի երկարությունը տասը կանգուն էր, և մեկ շրջանակի լայնությունը՝ մեկուկես կանգուն։ 22Ամեն մեկ շրջանակն ուներ իրար ագուցված երկու ցցվածք։ Այդպես արեց նաև վրանի բոլոր շրջանակների համար։ 23Վրանի շրջանակները պատրաստեց. քսան շրջանակ դրեց դեպի հարավ՝ հարավային կողմում։ 24Քսան շրջանակների տակ դրեց քառասուն արծաթե խարիսխ. մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ իր երկու ցցվածքների համար, և մյուս շրջանակի տակ էլ՝ երկու խարիսխ իր երկու ցցվածքների համար։ 25Վրանի մյուս՝ հյուսիսային կողմի համար պատրաստեց քսան շրջանակ 26և քառասուն արծաթե խարիսխ. մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ և մյուս շրջանակի տակ էլ՝ երկու խարիսխ։ 27Վրանի ետևի՝ արևմտյան կողմի համար պատրաստեց վեց շրջանակ 28և երկու շրջանակ էլ՝ վրանի մյուս անկյունների համար՝ ետևի կողմից։ 29Ներքևի կողմից դրանք զույգ էին, իսկ վերևից իրար միացած էին մեկ օղակով։ Երկուսն էլ պատրաստեց երկու անկյուններում։ 30Այսպիսով՝ վրանները ութն էին իրենց արծաթե խարիսխներով. տասնվեց խարիսխ. ամեն մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ։ 31Սատիմի փայտից նիգեր պատրաստեց. հինգը՝ վրանի մի կողմի շրջանակների համար, 32հինգ նիգ՝ վրանի մյուս կողմի շրջանակների համար և հինգ նիգ՝ վրանի ետևի՝ արևմտյան կողմի շրջանակների համար։ 33Պատրաստեց նաև մեջտեղի նիգը, որպեսզի շրջանակների միջով այն անցկացվի մեկ ծայրից մինչև մյուս ծայրը։ 34Շրջանակները պատեց ոսկով։ Ոսկուց պատրաստեց դրանց օղակները, որոնց միջով պիտի անցկացվեին նիգերը. նիգերը պատեց ոսկով։
35Վարագույրը պատրաստեց կապույտ, ծիրանագույն, կարմիր և մանած նուրբ կտավից. պատրաստեց ճարտարորեն ասեղնագործված քերովբեներով։ 36Սատիմի փայտից չորս սյուն շինեց նրա համար և դրանք պատեց ոսկով։ Դրանց կեռիկները ոսկուց էին։ Դրանց համար ձուլեց չորս արծաթե խարիսխներ։ 37Վրանի մուտքի համար պատրաստեց նկարազարդ մի վարագույր՝ կապույտ, ծիրանագույն, կարմիր և մանած նուրբ կտավից։ 38Եվ նրա հինգ սյուներն ու դրանց կեռիկները, դրանց խոյակներն ու դրանց կապերը պատեց ոսկով. դրանց հինգ խարիսխները պղնձից էին։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 36: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք