ԵԼՔ 35
35
Կարգադրություններ շաբաթ օրվա համար
1Մովսեսը հավաքեց Իսրայելի որդիների ամբողջ բազմությունը և ասաց նրանց. «Սրանք են այն բաները, որ Տերը պատվիրեց, որ անեք. 2վեց օր պիտի աշխատեք, բայց յոթերորդ օրը սուրբ պիտի լինի ձեզ համար, այսինքն՝ հանգստյան շաբաթ Տիրոջ համար։ Ով որ գործ անի այդ օրը, պիտի մեռցվի։ 3Շաբաթ օրը ձեր բոլորի բնակարաններում կրակ չվառեք»։
Ընծաներ սուրբ խորանին
(Ելք 25.1-9)
4Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների ամբողջ բազմության հետ՝ ասելով. «Այս է այն պատվերը, որ Տերը տվեց՝ ասելով. 5“Ձեր միջից Տիրոջ համար ընծա՛ վերցրեք։ Ում սիրտը որ հոժար է, թող ընծա բերի Տիրոջ համար. ոսկի, արծաթ, պղինձ, 6կապույտ, ծիրանի, կարմիր գույնի նուրբ կտավ, այծի մազ, 7խոյի կարմիր ներկված մորթիներ, թեհաշի մորթիներ, սատիմի փայտեր, 8լույսի համար ձեթ, համեմունքներ օծության յուղի համար և անուշահոտ խնկի համար, 9եղնգաքարեր և ամրացնելու քարեր եփուդի համար և լանջապանակի համար”։
Ժողովի վրանի առարկաները
(Ելք 39.32-43)
10Ձեր միջից սրտով բոլոր իմաստունները թող գան և շինեն այն ամենը, ինչ պատվիրել է Տերը. 11տաաղավարը, նրա վրանը, նրա ծածկը, նրա ճարմանդները, նրա շրջանակները, նրա նիգերը, նրա սյուները, նրա խարիսխները, 12տապանակն ու նրա ձողերը, քավությունը և այն ծածկող վարագույրը, 13զոհասեղանն ու նրա ձողերը, նրա բոլոր անոթները, առաջավորության հացը, 14լույսի աշտանակն ու նրա ամբողջ սպասքը, նրա կանթեղներն ու լույսի ձեթը, 15խնկարկության սեղանն ու նրա ձողերը, օծության յուղը, անուշահոտ խունկը, վրանի մուտքի վարագույրը, 16ողջակեզի սեղանն ու նրա պղնձե ցանցակերպ կասկարան, նրա ձողերն ու նրա ամբողջ սպասքը, ավազանն ու նրա խարիսխը, 17գավթի վարագույրները, նրա սյուներն ու խարիսխները, գավթի մուտքի վարագույրը, 18վրանի ցցերն ու սրահի ցցերը, դրանց պարանները, 19ծառայության զգեստները սրբարանում ծառայության համար, Ահարոն քահանայի սուրբ զգեստներն ու նրա որդիների զգեստները՝ քահանայություն անելու համար»։
Ժողովուրդը բերում է իր ընծաները
20Իսրայելի ամբողջ ժողովուրդը գնաց Մովսեսի մոտից։ 21Բոլորը, ովքեր հոժարասիրտ էին և ամբողջ հոգով կամեցող, եկան և Տիրոջն ընծա բերեցին ժողովի վրանի գործի համար, նրա ամբողջ ծառայության համար և սուրբ զգեստների համար։ 22Եկան տղամարդիկ և կանայք։ Բոլոր նրանք, ովքեր սրտով կամեցող էին, բերեցին գինդեր, օղեր, մատանիներ, ապարանջաններ և ամեն տեսակ ոսկե զարդեր. ամեն ոք ոսկե ընծա նվիրաբերեց Տիրոջը։ 23Բոլոր նրանք, ովքեր ունեին կապույտ, ծիրանագույն և կարմիր, նուրբ կտավներ, այծի մազ, կարմիր ներկված խոյի մորթիներ և թեհաշի մորթիներ, բերեցին։ 24Բոլոր արծաթե և պղնձե ընծա տվողներն ընծան բերեցին Տիրոջը. բոլոր նրանք, ում մոտ կար ծառայության ամեն գործի համար սատիմի փայտեր, բերեցին։ 25Եվ իմաստուն սրտով բոլոր կանայք իրենց ձեռքերով մանեցին և իրենց մանած կապույտ, ծիրանագույն, կարմիր ու նուրբ կտավը բերեցին։ 26Սրտանց ցանկացող և մանելու վարպետություն ունեցող բոլոր կանայք այծի մազ մանեցին։ 27Իշխանավորները բերեցին եղնգաքարեր և եփուդի ու լանջապանակի համար ամրացնելու քարեր, 28նաև լույսի համար, օծման յուղի համար և անուշահոտ խնկի համար համեմունքներ և յուղ բերեցին։ 29Իսրայելի որդիները՝ յուրաքանչյուր տղամարդ թե կին, որոնք հոժարություն ունեին բերելու ամեն տեսակ գործերի համար, որ Տերը Մովսեսի միջոցով պատվիրել էր անել, սիրահոժար ընծաներ բերեցին Տիրոջը։
Ժողովի վրանի սպասավորները
(Ելք 31.1-11)
30Մովսեսն ասաց Իսրայելի որդիներին. «Տեսե՛ք, Տերն անվանապես կանչեց Հուդայի ցեղից Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիելին։ 31Նա նրան լցրեց Աստծու Հոգով՝ իմաստությամբ, հանճարով, գիտությամբ և ամեն ճարտարությամբ, 32որպեսզի նա ոսկու, արծաթի և պղնձի վրա հնարամիտ վարպետի գործեր կատարի, 33քարեր տաշի ամրացնելու համար, փայտեր փորագրի և կատարի ամեն տեսակ վարպետի գործեր։ 34Տերը նրա սրտի մեջ դրեց, որ սովորեցնի էլ թե՛ նրան և թե՛ Դանի ցեղից Աքիսամայի որդի Ողիաբին։ 35Նրանց լցրեց սրտի իմաստությամբ, որպեսզի քանդակագործի գործը, նաև ամեն տեսակ գործ անող և հնարքներ հնարող արհեստավորի, կապույտի, ծիրանագույնի և կարմիրի ու նուրբ կտավի վրա նկարազարդողի և ասեղնագործողի գործն անեն»։
Արդեն Ընտրված.
ԵԼՔ 35: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018