ԵԼՔ 35:4-35

ԵԼՔ 35:4-35 ՆՎԱԱ

Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների ամբողջ բազմության հետ՝ ասելով. «Այս է այն պատվերը, որ Տերը տվեց՝ ասելով. “Ձեր միջից Տիրոջ համար ընծա՛ վերցրեք։ Ում սիրտը որ հոժար է, թող ընծա բերի Տիրոջ համար. ոսկի, արծաթ, պղինձ, կապույտ, ծիրանի, կարմիր գույնի նուրբ կտավ, այծի մազ, խոյի կարմիր ներկված մորթիներ, թեհաշի մորթիներ, սատիմի փայտեր, լույսի համար ձեթ, համեմունքներ օծության յուղի համար և անուշահոտ խնկի համար, եղնգաքարեր և ամրացնելու քարեր եփուդի համար և լանջապանակի համար”։ Ձեր միջից սրտով բոլոր իմաստունները թող գան և շինեն այն ամենը, ինչ պատվիրել է Տերը. տաաղավարը, նրա վրանը, նրա ծածկը, նրա ճարմանդները, նրա շրջանակները, նրա նիգերը, նրա սյուները, նրա խարիսխները, տապանակն ու նրա ձողերը, քավությունը և այն ծածկող վարագույրը, զոհասեղանն ու նրա ձողերը, նրա բոլոր անոթները, առաջավորության հացը, լույսի աշտանակն ու նրա ամբողջ սպասքը, նրա կանթեղներն ու լույսի ձեթը, խնկարկության սեղանն ու նրա ձողերը, օծության յուղը, անուշահոտ խունկը, վրանի մուտքի վարագույրը, ողջակեզի սեղանն ու նրա պղնձե ցանցակերպ կասկարան, նրա ձողերն ու նրա ամբողջ սպասքը, ավազանն ու նրա խարիսխը, գավթի վարագույրները, նրա սյուներն ու խարիսխները, գավթի մուտքի վարագույրը, վրանի ցցերն ու սրահի ցցերը, դրանց պարանները, ծառայության զգեստները սրբարանում ծառայության համար, Ահարոն քահանայի սուրբ զգեստներն ու նրա որդիների զգեստները՝ քահանայություն անելու համար»։ Իսրայելի ամբողջ ժողովուրդը գնաց Մովսեսի մոտից։ Բոլորը, ովքեր հոժարասիրտ էին և ամբողջ հոգով կամեցող, եկան և Տիրոջն ընծա բերեցին ժողովի վրանի գործի համար, նրա ամբողջ ծառայության համար և սուրբ զգեստների համար։ Եկան տղամարդիկ և կանայք։ Բոլոր նրանք, ովքեր սրտով կամեցող էին, բերեցին գինդեր, օղեր, մատանիներ, ապարանջաններ և ամեն տեսակ ոսկե զարդեր. ամեն ոք ոսկե ընծա նվիրաբերեց Տիրոջը։ Բոլոր նրանք, ովքեր ունեին կապույտ, ծիրանագույն և կարմիր, նուրբ կտավներ, այծի մազ, կարմիր ներկված խոյի մորթիներ և թեհաշի մորթիներ, բերեցին։ Բոլոր արծաթե և պղնձե ընծա տվողներն ընծան բերեցին Տիրոջը. բոլոր նրանք, ում մոտ կար ծառայության ամեն գործի համար սատիմի փայտեր, բերեցին։ Եվ իմաստուն սրտով բոլոր կանայք իրենց ձեռքերով մանեցին և իրենց մանած կապույտ, ծիրանագույն, կարմիր ու նուրբ կտավը բերեցին։ Սրտանց ցանկացող և մանելու վարպետություն ունեցող բոլոր կանայք այծի մազ մանեցին։ Իշխանավորները բերեցին եղնգաքարեր և եփուդի ու լանջապանակի համար ամրացնելու քարեր, նաև լույսի համար, օծման յուղի համար և անուշահոտ խնկի համար համեմունքներ և յուղ բերեցին։ Իսրայելի որդիները՝ յուրաքանչյուր տղամարդ թե կին, որոնք հոժարություն ունեին բերելու ամեն տեսակ գործերի համար, որ Տերը Մովսեսի միջոցով պատվիրել էր անել, սիրահոժար ընծաներ բերեցին Տիրոջը։ Մովսեսն ասաց Իսրայելի որդիներին. «Տեսե՛ք, Տերն անվանապես կանչեց Հուդայի ցեղից Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիելին։ Նա նրան լցրեց Աստծու Հոգով՝ իմաստությամբ, հանճարով, գիտությամբ և ամեն ճարտարությամբ, որպեսզի նա ոսկու, արծաթի և պղնձի վրա հնարամիտ վարպետի գործեր կատարի, քարեր տաշի ամրացնելու համար, փայտեր փորագրի և կատարի ամեն տեսակ վարպետի գործեր։ Տերը նրա սրտի մեջ դրեց, որ սովորեցնի էլ թե՛ նրան և թե՛ Դանի ցեղից Աքիսամայի որդի Ողիաբին։ Նրանց լցրեց սրտի իմաստությամբ, որպեսզի քանդակագործի գործը, նաև ամեն տեսակ գործ անող և հնարքներ հնարող արհեստավորի, կապույտի, ծիրանագույնի և կարմիրի ու նուրբ կտավի վրա նկարազարդողի և ասեղնագործողի գործն անեն»։