ԵԼՔ 32

32
Ոսկե հորթը
(Բ Օր. 9.6-26)
1Ժողովուրդը, տեսնելով, որ Մովսեսն ուշացավ լեռից իջնելու, հավաքվեց Ահարոնի մոտ և ասաց նրան. «Վե՛ր կաց, մեզ համար աստվածնե՛ր շինիր, որպեսզի մեր առջևից գնան. որովհետև այդ մարդը՝ Մովսեսը, որ մեզ դուրս հանեց Եգիպտոսի երկրից, չգիտենք, թե ի՛նչ եղավ»։ 2Ահարոնն ասաց նրանց. «Ձեր կանանց, ձեր որդիների և ձեր աղջիկների ականջներից հանե՛ք ոսկե օղերը և բերե՛ք ինձ մոտ»։ 3Ամբողջ ժողովուրդն իր ականջներից հանեց ոսկե օղերը և բերեց Ահարոնի մոտ։ 4Նա դրանք վերցրեց նրանց ձեռքից և քանդակագործի գործիքով ձև տալով դրան՝ կերտեց մի ձուլածո հորթ։ Եվ ասացին. «Սա է քո աստվածը, ո՛վ Իսրայել, որ քեզ հանեց Եգիպտոսի երկրից»։ 5Ահարոնը, տեսնելով այդ, զոհասեղան շինեց դրա առաջ։ Նա հայտարարեց՝ ասելով. «Վաղը տոն է Տիրոջ համար»։ 6Հետևյալ առավոտյան կանուխ վեր կենալով՝ ողջակեզներ մատուցեցին և խաղաղության զոհեր բերեցին։ Ժողովուրդը նստեց ուտելու և խմելու։ Ու վեր կացան պարելու։
7Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛, իջի՛ր, որովհետև ապականվեց քո ժողովուրդը, որին դուրս հանեցիր Եգիպտոսի երկրից։ 8Նրանք շուտով շեղվեցին այն ճանապարհից, որ պատվիրեցի իրենց։ Ձուլածո հորթ շինեցին իրենց համար, երկրպագեցին նրան, զոհեր մատուցեցին նրան և ասացին. “Սրանք են քո աստվածները, ո՛վ Իսրայել, որ քեզ հանեցին Եգիպտոսի երկրից”»։ 9Տերն ասաց Մովսեսին. «Տեսա այս ժողովրդին. ահավասիկ խստապարանոց ժողովուրդ է նա։ 10Այժմ թո՛ւյլ տուր ինձ, որ իմ բարկությունը բորբոքվի նրանց դեմ, և կոտորեմ նրանց, բայց քեզ մեծ ազգ դարձնեմ»։ 11Մովսեսն աղաչեց իր Տեր Աստծուն՝ ասելով. «Ո՛վ Տեր, ինչո՞ւ բորբոքվի քո բարկությունը քո ժողովրդի վրա, որին դուրս հանեցիր Եգիպտոսի երկրից քո մեծ զորությամբ և հզոր բազկով։ 12Ինչո՞ւ եգիպտացիները խոսեն և ասեն, թե չար մտադրությամբ դուրս հանեց նրանց, որպեսզի լեռների վրա սպանի և երկրի երեսից բնաջնջի նրանց։ Մեղմացրո՛ւ քո սաստիկ բարկությունը և վերացրո՛ւ այս չարիքը քո ժողովրդի վրայից։ 13Հիշի՛ր քո ծառաներ Աբրահամին, Իսահակին և Իսրայելին, որոնց դու երդվեցիր քո անձով և ասացիր նրանց. “Երկնքի աստղերի չափ պիտի շատացնեմ ձեր սերունդը և այս ամբողջ երկիրը, որի մասին խոսեցի, ձեր սերնդին պիտի տամ, և հավիտյան պիտի ժառանգեն”»։ 14Եվ Տերը ետ կանգնեց այն չարիքից, որ ասել էր, թե պիտի աներ իր ժողովրդին։
15Մովսեսը դարձավ և իջավ լեռից։ Նրա ձեռքին էին վկայության երկու տախտակները։ Տախտակների երկու երեսին էլ գրված էր. թե՛ այս կողմից և թե՛ այն կողմից նրանք գրված էին։ 16Տախտակներն Աստծու գործն էին, և գրվածքն Աստծու գրվածքն էր՝ տախտակների վրա փորագրված։ 17Հեսուն, լսելով աղաղակող ժողովրդի ձայնը, ասաց Մովսեսին. «Բանակատեղիում պատերազմի ձայն կա»։ 18Մովսեսն ասաց. «Դա ո՛չ հաղթության աղաղակ է և ո՛չ էլ պարտության աղաղակ. այլ երգի ձայն եմ լսում ես»։ 19Երբ մոտեցավ բանակատեղիին և տեսավ հորթն ու պարողներին, Մովսեսի բարկությունը բորբոքվեց, տախտակները շպրտեց իր ձեռքից և դրանք կոտրատեց լեռան ստորոտին։ 20Վերցրեց նրանց կերտած հորթը և կրակով այրեց ու մանրեց, մինչև որ փոշու վերածեց. ցանեց ջրի վրա և խմեցրեց Իսրայելի որդիներին։
21Մովսեսն ասաց Ահարոնին. «Այս ժողովուրդն ի՞նչ արեց քեզ, որ դու նրանց վրա այս մեծ մեղքը բերեցիր»։ 22Ահարոնն ասաց. «Թող իմ տիրոջ բարկությունը չբորբոքվի. դու գիտես այս ժողովրդին, որ հակված է չարին։ 23Նրանք ինձ ասացին. “Մեզ համար աստվածնե՛ր շինիր, որպեսզի մեր առջևից գնան, որովհետև այդ մարդը՝ Մովսեսը՝ Եգիպտոսի երկրից մեզ դուրս հանողը, չգիտենք, թե ի՛նչ եղավ”։ 24Ես նրանց ասացի. “Ով որ ոսկի ունի, թող հանի, և բերեն ինձ մոտ”։ Ես այն նետեցի կրակը, և դուրս եկավ այս հորթը»։
25Մովսեսը տեսավ, որ ժողովուրդը անզուսպ է (որովհետև Ահարոնը անզուսպ էր դարձրել նրանց՝ իրենց թշնամիների մեջ խայտառակ լինելու համար)։ 26Մովսեսը, կանգնելով բանակատեղիի դռան մոտ, ասաց. «Ով որ Տիրոջն է պատկանում, ինձ մոտ թող գա»։ Եվ Ղևիի բոլոր որդիները հավաքվեցին նրա մոտ։ 27Եվ ասաց նրանց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ամեն մարդ իր սուրը թող կապի իր մեջքին։ Բանակատեղիի մի դռնից մյուսն անցեք-դարձե՛ք, և ձեզնից յուրաքանչյուրը թող սպանի իր եղբորը, յուրաքանչյուրը՝ իր ընկերոջը, յուրաքանչյուրը՝ իր հարևանին”»։ 28Ղևիի որդիները Մովսեսի խոսքի պես արեցին, և այդ օրը ժողովրդի միջից մոտ երեք հազար մարդ ընկավ։ 29Ապա Մովսեսն ասաց. «Այսօր դուք նվիրվեցիք Տիրոջը. ձեզնից ամեն մեկն իր որդու և իր եղբոր դեմ ելավ. Տերը ձեզ օրհնեց այսօր»։
30Հաջորդ օրը Մովսեսն ասաց ժողովրդին. «Դուք մեծ մեղք գործեցիք. հիմա ես կբարձրանամ Տիրոջ մոտ, գուցե քավություն անեմ ձեր մեղքերի համար»։ 31Մովսեսը վերադարձավ Տիրոջ մոտ և ասաց. «Ա՜հ, այս ժողովուրդը մեծ մեղք գործեց. նրանք իրենց համար ոսկե աստվածներ կերտեցին։ 32Բայց հիմա եթե ներելու ես նրանց մեղքերը, ների՛ր, ապա թե ոչ, աղաչում եմ, ջնջի՛ր ինձ քո գրած գրքից»։ 33Տերն ասաց Մովսեսին. «Ով մեղանչել է իմ դեմ, ես նրա՛ն կջնջեմ իմ մատյանից։ 34Իսկ հիմա գնա՛ և ժողովրդին տա՛ր այնտեղ, ուր քեզ ասացի։ Ահա իմ հրեշտակը կգնա քո առջևից. բայց իմ այցելության օրը նրանց մեղքը իրենց վրա պիտի բերեմ»։ 35Եվ Տերը հարվածեց ժողովրդին պատրաստված այն հորթի համար, որ շինել էր Ահարոնը։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 32: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք