ԵԼՔ 25

25
Ընծաներ սուրբ խորանին
(Ելք 35.4-9)
1Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 2«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ, որ ընծա բերեն ինձ։ Ամեն մարդուց, ում սիրտը հոժար է, վերցրե՛ք իմ ընծան։ 3Սրանք են այն ընծաները, որ պիտի վերցնեք նրանցից. ոսկի, արծաթ և պղինձ, 4կապույտ, ծիրանագույն, կրկնակի կարմիր, բարակ կտավ և այծի մազ, 5կարմիր ներկված խոյի մորթիներ, թեհաշի մորթիներ և սատիմի փայտեր, 6լույսի համար ձեթ և օծման յուղի ու անուշահոտ խնկի համար համեմունքներ, 7եղնգաքարեր և եփուդի ու լանջապանակի վրա ագուցվելու քարեր։
8Ինձ համար մի սրբարան թող շինեն, որպեսզի բնակվեմ իրենց մեջ։ 9Բոլորը, ինչպես որ քեզ ցույց տվեցի՝ վրանի օրինակը և նրա ամբողջ սպասքի օրինակը, այնպես պիտի անեք։
Ուխտի տապանակը
(Ելք 37.1-9)
10Սատիմի փայտից մի տապանակ թող պատրաստեն. դրա երկարությունը երկուսուկես կանգուն, դրա լայնությունը մեկուկես կանգուն, և դրա բարձրությունը մեկուկես կանգուն թող լինի։ 11Այն կպատես մաքուր ոսկով. ներսից ու դրսից կպատես այն և դրա վրա չորս կողմից ոսկե մի շրջանակ կշինես։ 12Դրա համար կձուլես չորս ոսկե օղակ ու կդնես դրա չորս անկյուններին. երկու օղակները՝ մի կողմից, և երկու օղակները՝ մյուս կողմից։ 13Սատիմի փայտից ձողեր կշինես և դրանք կպատես ոսկով։ 14Ձողերը կանցկացնես տապանակի կողքերին եղած օղակների մեջ, որպեսզի դրանցով վերցվի տապանակը։ 15Ձողերը թող մնան տապանակի օղակների մեջ, դրանցից չհանվեն։ 16Տապանակի մեջ կդնես այն վկայությունը, որ ես պիտի տամ քեզ։
17Մաքուր ոսկուց մի կափարիչ#25.17 Քավություն։ կշինես։ Դրա երկարությունը թող լինի երկուսուկես կանգուն, դրա լայնությունը՝ մեկուկես կանգուն։ 18Երկու ոսկյա քերովբեներ կպատրաստես կափարիչի երկու ծայրերի վրա. դրվագելով կշինես դրանք։ 19Մի քերովբեն պատրաստի՛ր այս ծայրին, իսկ մյուս քերովբեն՝ այն ծայրին. քերովբեները կափարիչից պիտի պատրաստես նրա երկու ծայրերին։ 20Քերովբեները վերևից տարածած պիտի լինեն թևերը՝ իրենց թևերով ծածկելով կափարիչը։ Դրանց երեսները միմյանց հանդիման թող լինեն և քերովբեների երեսները դեպի կափարիչը լինեն։ 21Կափարիչը կդնես տապանակի վրա՝ վերևից, իսկ տապանակի մեջ կդնես այն վկայությունը, որ քեզ պիտի տամ։ 22Ես քեզ կհանդիպեմ այնտեղ և քավության#25.22 Կափարիչ։ վրայից, վկայության տապանակի վրա գտնվող երկու քերովբեների մեջտեղից քեզ հետ կխոսեմ այն ամենի մասին, ինչ պատվիրելու եմ քեզ Իսրայելի որդիների համար։
Աստծուն մատուցված հացի սեղանը
(Ելք 37.10-16)
23Սատիմի փայտից մի սեղան կշինես. դրա երկարությունը երկու կանգուն թող լինի, լայնությունը՝ մեկ կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն։ 24Այն կպատես մաքուր ոսկով և դրա շուրջը ոսկե մի շրջանակ կշինես։ 25Դրա չորս կողմը մեկ թզաչափ եզրագոտի կշինես և եզրագոտուն չորս կողմից ոսկյա մի շրջանակ կդնես։ 26Սեղանի համար չորս ոսկյա օղակ կպատրաստես և այդ օղակները կդնես չորս անկյուններին՝ դրա չորս ոտքերի մոտ։ 27Օղակները կցված պետք է լինեն եզրերին իբրև ձողերի տեղեր, որպեսզի սեղանը բարձրացվի։ 28Ձողերը կպատրաստես սատիմի փայտից և դրանք կպատես ոսկով. դրանցով կբարձրացվի սեղանը։ 29Կպատրաստես դրա սկուտեղները, խնկամանները, բաժակները և սկիհները, որպեսզի դրանցով հեղելիս նվեր մատուցվի։ Դրանք կպատրաստես մաքուր ոսկուց։ 30Սեղանի վրա իմ առաջ մշտապես կդնես առաջավորության հացը։
Աշտանակը
(Ելք 37.17-24)
31Մաքուր ոսկուց կպատրաստես մի աշտանակ. աշտանակը դրվագված պիտի պատրաստվի. դրա բունը, ճյուղերը, սկահակները, գնդիկներն ու ծաղիկներն իրենից ելնեն։ 32Վեց ճյուղեր պետք է դուրս գան դրա կողքերից. երեք ճյուղ՝ աշտանակի մի կողմից, և երեք ճյուղ՝ աշտանակի մյուս կողմից։ 33Մեկ ճյուղի վրա պետք է լինի երեք նշաձև սկահակ՝ գնդիկով ու ծաղիկով։ Մյուս ճյուղերի վրա էլ պետք է լինի երեք նշաձև սկահակ՝ գնդիկով ու ծաղիկով։ Այսպես դուրս եկած վեց ճյուղերը ելնեն աշտանակից։ 34Աշտանակի վրա լինեն նշաձև չորս սկահակներ՝ իրենց գնդիկներով ու ծաղիկներով։ 35Երկու ճյուղերի տակ իրենից պետք է լինի մեկ գնդիկ, մյուս երկու ճյուղերի տակ՝ իրենից մեկ գնդիկ, և երրորդ երկու ճյուղերի տակ՝ իրենից մեկ գնդիկ։ Այսպես պետք է լինեն այն վեց ճյուղերը, որոնք դուրս են գալիս աշտանակից։ 36Նրանց գնդիկներն ու ճյուղերը թող իրենից լինեն. ամբողջը դրվագված մեկ կտոր մաքուր ոսկուց լինի։ 37Դրա համար յոթ կանթեղ կպատրաստես, և կանթեղները դնեն այնպես, որ լույս տան դեպի առջևի կողմը։ 38Դրա ունելիներն ու դրա մոխրաթիերը պիտի լինեն մաքուր ոսկուց։ 39Մեկ տաղանդ մաքուր ոսկուց շինեն այս ամբողջ սպասքի հետ։ 40Նայի՛ր, որ լեռան վրա քեզ ցույց տրված օրինակի պես շինես»։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 25: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք