ԵԼՔ 20

20
Տասը պատվիրանները
(Բ Օր. 5.1-21)
1Աստված ասաց հետևյալը.
2«Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ հանեցի Եգիպտոսի երկրից՝ ստրկության տնից։
3Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։ 4Քեզ համար կուռք չշինես ո՛չ վերևում՝ երկնքում, ո՛չ ներքևում՝ երկրի վրա, և կամ երկրի տակ՝ ջրերի մեջ եղած բաների նմանությամբ։ 5Նրանց երկրպագություն չանես և չպաշտես նրանց, որովհետև ես՝ քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենության համար պատժում եմ որդիներին՝ մինչև նրանց երրորդ և չորրորդ սերունդը, որոնք ատում են ինձ, 6և ողորմում եմ նրանց մինչև հազարերորդ սերունդը, որոնք սիրում են ինձ և պահում են իմ պատվիրանները։
7Քո Տեր Աստծու անունը զուր տեղը բերանդ չառնես, որովհետև Տերն իր անունը զուր տեղը բերանն առնողին անպատիժ չի թողնի։
8Հիշի՛ր հանգստի օրը, որպեսզի սուրբ պահես այն։ 9Վեց օր աշխատի՛ր և կատարի՛ր քո բոլոր գործերը։ 10Բայց յոթերորդ օրը քո Տեր Աստծու հանգստի օրն է. դու ոչ մի գործ չանես, ո՛չ դու, ո՛չ քո որդին, ո՛չ քո աղջիկը, ո՛չ քո ծառան ու աղախինը, ո՛չ քո անասունը, ո՛չ էլ քո դռանը եղող օտարականը. 11որովհետև Տերը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու դրա մեջ բոլոր եղածները, իսկ յոթերորդ օրը հանգստացավ։ Դրա համար Տերն օրհնեց հանգստի օրը և սրբացրեց այն։
12Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի քո կյանքի օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ։
13Մի՛ սպանիր։
14Մի՛ շնացիր։
15Մի՛ գողացիր։
16Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր։
17Մի՛ ցանկացիր քո հարևանի տունը։ Մի՛ ցանկացիր քո հարևանի կնոջը կամ նրա ծառային կամ նրա աղախնին կամ նրա եզանը կամ նրա էշին և քո հարևանի ոչ մի բանին մի՛ ցանկացիր»։
Ժողովրդի վախը
(Բ Օր. 5.22-33)
18Ամբողջ ժողովուրդը լսում էր որոտները, կայծակները և փողի ձայնը ու տեսնում լեռան ծխալը։ Ժողովուրդը վախենալով ետ քաշվեց ու հեռու կանգնեց։ 19Եվ ասացին Մովսեսին. «Դո՛ւ խոսիր մեզ հետ, և մենք կլսենք. բայց Աստված թող չխոսի մեզ հետ, որ չմեռնենք»։ 20Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, որովհետև Աստված եկել է, որ փորձի ձեզ, այնպես որ նրա երկյուղը ձեր առաջ լինի, որպեսզի չմեղանչեք»։ 21Ժողովուրդը հեռու կանգնեց, իսկ Մովսեսը մոտեցավ այն թանձր խավարին, ուր Աստված էր։
Օրենքներ զոհասեղանի մասին
22Տերն ասաց Մովսեսին. «Այսպես կասես Իսրայելի որդիներին. “Դուք տեսաք, որ երկնքից խոսեցի ձեզ հետ։ 23Ինձ զուգահեռ պաշտելու համար ձեզ համար ոսկե կամ արծաթե աստվածներ չշինեք։ 24Ինձ համար հողե զոհասեղա՛ն պատրաստիր և դրա վրա մատուցի՛ր քո ողջակեզներն ու քո խաղաղության զոհերը, քո ոչխարներն ու քո արջառները։ Եվ ամեն տեղ, ուր հիշել կտամ իմ անունը, քեզ մոտ կգամ և կօրհնեմ քեզ։ 25Եթե ինձ համար քարե զոհասեղան շինելու լինես, տաշած քարից չշինես, որովհետև եթե դրա վրա քո երկաթե գործիքը բարձրացնես, այն կպղծես։ 26Աստիճաններով չբարձրանաս իմ զոհասեղանի վրա, որպեսզի քո մերկությունը չերևա դրա վրա”»։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 20: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք