ԵԼՔ 13

13
Անդրանիկների նվիրումը
1Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 2«Սրբացրո՛ւ ինձ համար Իսրայելի որդիների միջից ամեն առաջնեկ, ամեն մի նախածին, մարդ լինի, թե անասուն. այն իմն է»։
Բաղարջակերաց տոնը
3Մովսեսն ասաց ժողովրդին. «Հիշե՛ք այս օրը, երբ դուրս եկաք Եգիպտոսից՝ ստրկության տնից. որովհետև Տերը հզոր ձեռքով հանեց ձեզ այդ տեղից. թթխմորով հաց չպետք է ուտվի։ 4Դուք այսօր եք դուրս եկել՝ Աբիբ ամսին։ 5Երբ Տերը քեզ տանի քանանացիների, քետացիների, ամորհացիների, խևացիների և հեբուսացիների երկիրը, որը քեզ տալու համար նա երդվեց քո հայրերին, այն երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում, այս ամսին պիտի կատարես այս պաշտամունքը։ 6Յոթ օր բաղարջ հաց պիտի ուտես, իսկ յոթերորդ օրը տոն կլինի Տիրոջ համար։ 7Այդ յոթ օրերին բաղարջ հաց պիտի ուտվի. քեզ մոտ թթխմորով հաց չպետք է տեսնվի, և ոչ էլ թթխմոր պիտի տեսնվի քո երկրի բոլոր սահմաններում։ 8Այդ օրը քո որդուն պիտի պատմես՝ ասելով. “Սա այն բանի համար է, ինչ արեց ինձ Տերը, երբ ես դուրս էի գալիս Եգիպտոսից”։ 9Սա քեզ համար նշան պիտի լինի քո ձեռքի վրա և հիշատակ՝ քո աչքերի միջև, որպեսզի Տիրոջ օրենքը լինի քո բերանում, որովհետև Տերը քեզ հզոր ձեռքով հանեց Եգիպտոսից։ 10Այս կանոնը դու պիտի պահես իր ժամանակին, տարեցտարի։
Անդրանիկները
11Երբ Տերը քեզ տանի քանանացիների երկիրը, ինչպես երդվեց քեզ և քո հայրերին, որ այն քեզ տա, 12Տիրոջը կներկայացնես բոլոր առաջնեկներին. քո ունեցած անասունների բոլոր արու առաջնածինները Տիրոջը կլինեն։ 13Էշի ամեն առաջնածինը կփոխանակես մի ոչխարի հետ, իսկ եթե չփոխանակես, նրա վիզը կկտրես։ Քո որդիների մեջ մարդկանց բոլոր առաջնեկներին փրկագնով կազատես։ 14Եվ եթե քո որդին հարցնի քեզ և ասի. “Ի՞նչ է այս”, նրան կասես, թե՝ “Տերն իր հզոր ձեռքով մեզ դուրս հանեց Եգիպտոսից՝ ստրկության տնից։ 15Երբ փարավոնը խոստացավ և չուզեց արձակել մեզ, Տերը Եգիպտոսի երկրում կոտորեց բոլոր առաջնեկներին՝ մարդկանց առաջնեկներից մինչև անասունների առաջնածինները։ Դրա համար ես ամեն արու առաջնածին զոհում եմ Տիրոջը, իսկ իմ որդիների բոլոր առաջնեկներին փրկագին եմ տալիս”։ 16Եվ սա քո ձեռքի վրա նշան և քո աչքերի միջև ճակատանոց թող լինի, որովհետև Տերը հզոր ձեռքով մեզ հանեց Եգիպտոսից»։
Ամպի սյունը և կրակի սյունը
17Երբ փարավոնն արձակեց ժողովրդին, այն ժամանակ Աստված նրանց փղշտացիների երկրի ճանապարհով չտարավ, թեև այն մոտ էր. որովհետև Աստված ասաց. «Միգուցե ժողովուրդը, պատերազմը տեսնելով, զղջա և վերադառնա Եգիպտոս»։ 18Այլ Աստված ժողովրդին շրջանցել տվեց և անապատի ճանապարհով տարավ Կարմիր ծով, և Իսրայելի որդիները գոտեպնդված դուրս ելան Եգիպտոսի երկրից։ 19Մովսեսն իր հետ վերցրեց Հովսեփի ոսկորները, որովհետև Հովսեփն Իսրայելի որդիներին հաստատ երդում էր անել տվել՝ ասելով. «Աստված անպատճառ կայցելի ձեզ. իմ ոսկորներն այստեղից ձեզ հետ հանե՛ք»։
20Սոկքովթից մեկնեցին և իջևանեցին Ոթոմում՝ անապատի ծայրամասում։ 21Տերը գնում էր նրանց առջևից՝ ցերեկը ամպի սյունով ճանապարհ ցույց տալու նրանց, իսկ գիշերը՝ կրակի սյունով, որ նրանց լույս տա, որպեսզի գիշեր-ցերեկ գնան։ 22Ցերեկն ամպի սյունը, իսկ գիշերը կրակի սյունը ժողովրդի առջևից չպակասեցրեց։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 13: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք