Եփեսացիներին 4
4
Բոլորս մեկ մարմին
1Արդ աղաչում եմ ձեզ ես՝ Տիրոջ համար բանտարկյալս, որ այնպես ընթանաք, ինչպես վայել է այն կոչմանը, որի մեջ կանչվել եք. 2ամենայն խոնարհությամբ, հեզությամբ և համբերատարությամբ, սիրով միմյանց հանդուրժելով, 3ջանալով Հոգու միությունը խաղաղության կապով պահել։ 4Մեկ մարմին և մեկ հոգի, ինչպես որ մեկ է հույսը, որին կանչված եք։ 5Մեկ Տեր, մեկ հավատ, մեկ մկրտություն։ 6Մեկ Աստված ու բոլորի Հայր, որ բոլորի վրա է, բոլորի հետ ու բոլորի մեջ է։
7Բայց մեզ՝ յուրաքանչյուրիս, Քրիստոսի պարգևի չափով շնորհ է տրված։ 8Դրա համար ասում է.
«Ելավ բարձունքները, գերիներ տարավ
և մարդկանց պարգևներ տվեց» (Սաղ. 68.18)։
9Ի՞նչ է նշանակում «ելավ», եթե ոչ՝ որ նախ երկրի ստորին կողմերն իջավ։ 10Այն իջնողը նույն ինքն է, որ բոլոր երկինքներից ավելի վեր ելավ, որպեսզի ամեն ինչ լցնի։ 11Եվ նա ոմանց տվեց առաքյալներ լինելու, ոմանց՝ մարգարեներ, ոմանց՝ ավետարանիչներ, ոմանց՝ հովիվներ ու վարդապետներ՝ 12կատարելագործելու սրբերին ծառայության գործում՝ Քրիստոսի մարմնի շինության համար, 13մինչև ամենքս հասնենք հավատի միության և Աստծու Որդու ճանաչողության՝ որպես հասուն և կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշ ունենալով։ 14Որպեսզի այլևս չլինենք երեխաներ, որոնք քշվում ու տատանվում են ամեն վարդապետության քամուց և մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ մոլորեցնում են, 15այլ սիրո մեջ ճշմարիտ լինելով՝ ամեն բանով աճենք դեպի նա, որ գլուխն է, դեպի Քրիստոսը, 16որից ամբողջ մարմինը՝ միասնական ու ներդաշնակ, բոլոր հոդերի օգնությամբ, յուրաքանչյուր անդամի ներգործության չափով, աճում է՝ ինքն իրեն սիրո մեջ հաստատելու համար։
Քրիստոսով նոր կյանք
17Արդ Տիրոջով սա եմ ասում ու վկայում, որ դուք այլևս չընթանաք, ինչպես հեթանոսները՝ իրենց մտքի ունայնությամբ. 18նրանք խավար մտքով են ու Աստծու կյանքից օտարացած՝ այն տգիտության պատճառով, որ նրանց մեջ է իրենց սրտերի կուրության պատճառով. 19որ անզգայացած՝ ագահորեն իրենց անձն անառակության մատնեցին պղծության բոլոր գործերի մեջ։ 20Բայց դուք Քրիստոսի կողմից այդպես չուսուցանվեցիք, 21որովհետև դուք լսեցիք նրա մասին ու նրանով սովորեցիք այն ճշմարտությունը, որ Հիսուսի մեջ է. 22հանե՛ք ձեր վրայից հին ընթացքն ունեցող մարդուն, որ ապականված է խաբուսիկ ցանկություններով, 23և ձեր մտքով ու հոգով նորոգվե՛ք 24ու նոր մարդո՛ւն հագեք, որ Աստծու պատկերի համաձայն է ստեղծված՝ ճշմարտությամբ և սրբությամբ, որ արդարությունից է։
25Արդ սուտը դեն նետելով՝ թող յուրաքանչյուր ոք ճշմարտությո՛ւնը խոսի իր ընկերոջ հետ (Զաք. 8.16), քանի որ միմյանց անդամներ ենք։ 26Եթե բարկանաք, մի՛ մեղանչեք (Սաղ. 4.4). թող արեգակը ձեր բարկության վրա մայր չմտնի։ 27Եվ սատանային առիթ մի՛ տվեք։ 28Նա, ով գողանում էր, թող այլևս չգողանա, ավելին՝ թող աշխատի՝ իր ձեռքերով բարիք գործելով, որպեսզի կարիքավորին տալու բան ունենա։ 29Ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա, միայն այն, որ բարի է, հավատի շինության համար պիտանի, որպեսզի շնորհ տա լսողներին։ 30Եվ մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ 31Ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, աղաղակ և հայհոյություն թող վերանա ձեզանից ամբողջ չարությամբ հանդերձ։ 32Միմյանց հետ քա՛ղցր եղեք, գթած՝ միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց։
Արդեն Ընտրված.
Եփեսացիներին 4: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018