ԺՈՂՈՎՈՂ 2:18-25

ԺՈՂՈՎՈՂ 2:18-25 ՆՎԱԱ

Եվ ես ատեցի արեգակի տակ արած ամբողջ աշխատանքս, որ թողնելու եմ ինձանից հետո եկող մարդու համար։ Եվ ո՞վ գիտի՝ ինքն իմաստո՞ւն կլինի, թե՞ անխելք, սակայն նա տիրելու է ամբողջ աշխատանքին, որ կատարեցի և որի մեջ իմաստություն ցույց տվեցի արեգակի տակ. սա էլ է ունայնություն։ Եվ ես ետ դարձա, որպեսզի սրտիս հույսը կտրեմ արեգակի տակ արած ամբողջ աշխատանքիցս։ Որովհետև մարդ կա, որի աշխատանքն իմաստությամբ, գիտությամբ և հաջողությամբ է եղել, բայց այն իբրև բաժին տալու է դրա մեջ չաշխատած մարդուն։ Սա էլ է ունայնություն և մի մեծ չարիք։ Որովհետև ի՞նչ է մնում մարդուն իր ամբողջ տաժանքից և իր մտատանջությունից, որ նա կատարեց արեգակի տակ։ Որովհետև նրա բոլոր օրերը ցավալի են, և նրա գործերը՝ տաղտկալի, նրա միտքը գիշերն իսկ հանգիստ չէ. սա էլ է ունայնություն։ Սրանից ավելի լավ բան չկա մարդու համար. որ ուտի և խմի ու իր աշխատանքով զվարթացնի իր սիրտը, բայց ես սա էլ տեսա, որ այդ բանն էլ Աստծու ձեռքով է լինում։ Որովհետև առանց նրա ո՞վ կարող է ուտել և ո՞վ կարող է զվարճանալ։