Բ ՕՐԵՆՔ 7:1-26

Բ ՕՐԵՆՔ 7:1-26 ՆՎԱԱ

«Երբ քո Տեր Աստվածը տանի քեզ այն երկիրը, ուր գնում ես ժառանգելու համար, և քո առջևից հալածի շատ ազգերի, այսինքն՝ քետացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին, այս յոթ ազգերին, որոնք քեզանից բազմամարդ և հզոր են, և քո Տեր Աստվածը նրանց մատնի քո ձեռքը, ու դու հարվածես նրանց, այն ժամանակ նրանց անպատճառ կբնաջնջես։ Նրանց հետ ուխտ չդնես և չխնայես նրանց։ Նրանց հետ խնամություն չանես, քո աղջկան նրա որդուն չտաս և նրա աղջկան քո որդու համար չառնես, որովհետև իմ ծառայությունից կխոտորեցնեն քո որդիներին, և նրանք օտար աստվածների կպաշտեն. այն ժամանակ Տիրոջ բարկությունը կբորբոքվի ձեր դեմ, և նա իսկույն կոչնչացնի ձեզ։ Այլ այսպես կվարվեք նրանց հետ. կկործանեք նրանց զոհասեղանները, կխորտակեք նրանց արձանները, կկոտորեք նրանց աստարովթները և կրակով կայրեք նրանց քանդակված կուռքերը, որովհետև դու սուրբ ժողովուրդ ես քո Տեր Աստծու համար. քո Տեր Աստվածը երկրի երեսին ապրող բոլոր ժողովուրդների միջից քե՛զ ընտրեց, որ դու լինես իր սեփական ժողովուրդը։ Տերը ձեզ սիրեց և ձեզ ընտրեց ոչ թե նրա համար, որ դուք բոլոր ազգերից բազմամարդ էիք, քանի որ դուք բոլոր ազգերից սակավաթիվ էիք, այլ Տերը ձեզ սիրելու համար և հայրերին արած երդումը պահելու համար, Տերը հզոր ձեռքով ձեզ հանեց ծառայության տնից, ազատեց եգիպտացիների փարավոն թագավորի ձեռքից։ Իմացի՛ր ուրեմն, որ քո Տեր Աստվածն է Աստված, հավատարիմ Աստվածը, որ իրեն սիրողների և իր պատվիրանները պահողների մինչև հազարերորդ սերունդը ուխտ ու ողորմածություն է պահում։ Բայց նա անմիջապես պատժում է իրեն ատողներին՝ կորստյան մատնելով նրանց. իրեն ատողի պատիժը անմիջապես հատուցում է։ Արդ, պահի՛ր այն պատվիրանները, կանոններն ու օրենքները, որ պատվիրում եմ քեզ այսօր, որ կատարես դրանք։ Եվ եթե լսես այս բոլոր հրամանները, դրանք պահես ու կատարես, քո Տեր Աստվածն էլ կպահի քեզ համար քո հայրերին երդումով արած իր ուխտն ու ողորմածությունը։ Նա կսիրի քեզ, կօրհնի քեզ և կբազմացնի քեզ։ Նա կօրհնի քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո ցորենը, քո գինին, քո յուղը, քո կովերի ծնունդն ու քո ոչխարների հոտերն այն երկրում, որ քո հայրերին երդվեց քեզ տալու համար։ Բոլոր ազգերից ավելի օրհնված կլինես, և քո մեջ ու քո անասունների մեջ՝ արու թե էգ, ամուլ չի լինի։ Տերը քեզանից կվերացնի բոլոր հիվանդությունները և քեզ վրա չի բերի եգիպտացիների այն վատ ցավերը, որոնք գիտես, այլ դրանք կուղարկի քո բոլոր թշնամիների վրա։ Դու կոչնչացնես այն բոլոր ազգերին, որոնց քո ձեռքը կմատնի քո Տեր Աստվածը։ Քո աչքը թող չնայի նրանց, և չպաշտես նրանց աստվածներին, որովհետև դա որոգայթ կդառնա քեզ համար։ Եթե քո սրտում ասես, թե՝ “Այդ ազգերն ինձանից մեծաթիվ են, ես ինչպե՞ս կարող եմ հալածել նրանց”, մի՛ վախեցիր նրանցից. լա՛վ հիշիր, թե քո Տեր Աստվածն ինչ արեց փարավոնին և բոլոր եգիպտացիներին, այն մեծամեծ փորձությունները, որ տեսան քո աչքերը, այն նշաններն ու հրաշքները, այն հզոր ձեռքն ու բարձր բազուկը, որոնցով քեզ դուրս հանեց քո Տեր Աստվածը. այդպես պիտի անի քո Տեր Աստվածն այն բոլոր ազգերին, որոնցից դու վախենում ես։ Քո Տեր Աստվածը նաև իշամեղուներ պիտի ուղարկի նրանց վրա, որ կոտորվեն մնացածներն ու քեզանից թաքնվածները։ Մի՛ սարսափիր նրանցից, որովհետև քո Տեր Աստվածը՝ այն հզոր և ահարկու Աստվածը, ձեր մեջ է։ Քո Տեր Աստվածը այդ ազգերին քիչ-քիչ կքշի քո առջևից։ Դու չես կարող միանգամից ոչնչացնել նրանց, որ դաշտի գազանները չբազմանան քո դեմ։ Քո Տեր Աստվածը նրանց կմատնի քո ձեռքը և նրանց կկործանի մեծ կործանումով, մինչև որ նրանք բնաջինջ լինեն։ Եվ նրանց թագավորներին կհանձնի քո ձեռքը, և դու նրանց անունները կվերացնես երկնքի տակից։ Ոչ ոք չի կարողանա կանգնել քո դեմ, մինչև որ բնաջնջես նրանց։ Նրանց աստվածների քանդակված կուռքերը կայրես կրակով։ Դրանց վրա եղած ոսկին ու արծաթը չցանկանաս և չվերցնես քեզ համար, որպեսզի դրանով որոգայթի մեջ չբռնվես, քանի որ քո Տեր Աստծու առաջ դրանք գարշելի են։ Ոչ մի գարշելի բան չտանես քո տունը, որպեսզի դու էլ դրա նման նզովված չլինես։ Դու բոլորովին պիտի զզվես դրանից և անչափ գարշելի պիտի համարես դա, որովհետև այն նզովված է»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում