Բ ՕՐԵՆՔ 7
7
Տիրոջ սեփական ժողովուրդը
(Ելք 34.11-16)
1«Երբ քո Տեր Աստվածը տանի քեզ այն երկիրը, ուր գնում ես ժառանգելու համար, և քո առջևից հալածի շատ ազգերի, այսինքն՝ քետացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին, այս յոթ ազգերին, որոնք քեզանից բազմամարդ և հզոր են, 2և քո Տեր Աստվածը նրանց մատնի քո ձեռքը, ու դու հարվածես նրանց, այն ժամանակ նրանց անպատճառ կբնաջնջես։ Նրանց հետ ուխտ չդնես և չխնայես նրանց։ 3Նրանց հետ խնամություն չանես, քո աղջկան նրա որդուն չտաս և նրա աղջկան քո որդու համար չառնես, 4որովհետև իմ ծառայությունից կխոտորեցնեն քո որդիներին, և նրանք օտար աստվածների կպաշտեն. այն ժամանակ Տիրոջ բարկությունը կբորբոքվի ձեր դեմ, և նա իսկույն կոչնչացնի ձեզ։ 5Այլ այսպես կվարվեք նրանց հետ. կկործանեք նրանց զոհասեղանները, կխորտակեք նրանց արձանները, կկոտորեք նրանց աստարովթները#7.5 Բարի բախտի և ուրախության չաստվածուհու խորհրդանշանն է, որ փայտե սյուն է։ և կրակով կայրեք նրանց քանդակված կուռքերը, 6որովհետև դու սուրբ ժողովուրդ ես քո Տեր Աստծու համար. քո Տեր Աստվածը երկրի երեսին ապրող բոլոր ժողովուրդների միջից քե՛զ ընտրեց, որ դու լինես իր սեփական ժողովուրդը։ 7Տերը ձեզ սիրեց և ձեզ ընտրեց ոչ թե նրա համար, որ դուք բոլոր ազգերից բազմամարդ էիք, քանի որ դուք բոլոր ազգերից սակավաթիվ էիք, 8այլ Տերը ձեզ սիրելու համար և հայրերին արած երդումը պահելու համար, Տերը հզոր ձեռքով ձեզ հանեց ծառայության տնից, ազատեց եգիպտացիների փարավոն թագավորի ձեռքից։ 9Իմացի՛ր ուրեմն, որ քո Տեր Աստվածն է Աստված, հավատարիմ Աստվածը, որ իրեն սիրողների և իր պատվիրանները պահողների մինչև հազարերորդ սերունդը ուխտ ու ողորմածություն է պահում։ 10Բայց նա անմիջապես պատժում է իրեն ատողներին՝ կորստյան մատնելով նրանց. իրեն ատողի պատիժը անմիջապես հատուցում է։ 11Արդ, պահի՛ր այն պատվիրանները, կանոններն ու օրենքները, որ պատվիրում եմ քեզ այսօր, որ կատարես դրանք։
Հնազանդության օրհնությունները
(Բ Օր. 28.1-14)
12Եվ եթե լսես այս բոլոր հրամանները, դրանք պահես ու կատարես, քո Տեր Աստվածն էլ կպահի քեզ համար քո հայրերին երդումով արած իր ուխտն ու ողորմածությունը։ 13Նա կսիրի քեզ, կօրհնի քեզ և կբազմացնի քեզ։ Նա կօրհնի քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո ցորենը, քո գինին, քո յուղը, քո կովերի ծնունդն ու քո ոչխարների հոտերն այն երկրում, որ քո հայրերին երդվեց քեզ տալու համար։ 14Բոլոր ազգերից ավելի օրհնված կլինես, և քո մեջ ու քո անասունների մեջ՝ արու թե էգ, ամուլ չի լինի։ 15Տերը քեզանից կվերացնի բոլոր հիվանդությունները և քեզ վրա չի բերի եգիպտացիների այն վատ ցավերը, որոնք գիտես, այլ դրանք կուղարկի քո բոլոր թշնամիների վրա։ 16Դու կոչնչացնես այն բոլոր ազգերին, որոնց քո ձեռքը կմատնի քո Տեր Աստվածը։ Քո աչքը թող չնայի նրանց, և չպաշտես նրանց աստվածներին, որովհետև դա որոգայթ կդառնա քեզ համար։ 17Եթե քո սրտում ասես, թե՝ “Այդ ազգերն ինձանից մեծաթիվ են, ես ինչպե՞ս կարող եմ հալածել նրանց”, 18մի՛ վախեցիր նրանցից. լա՛վ հիշիր, թե քո Տեր Աստվածն ինչ արեց փարավոնին և բոլոր եգիպտացիներին, 19այն մեծամեծ փորձությունները, որ տեսան քո աչքերը, այն նշաններն ու հրաշքները, այն հզոր ձեռքն ու բարձր բազուկը, որոնցով քեզ դուրս հանեց քո Տեր Աստվածը. այդպես պիտի անի քո Տեր Աստվածն այն բոլոր ազգերին, որոնցից դու վախենում ես։ 20Քո Տեր Աստվածը նաև իշամեղուներ պիտի ուղարկի նրանց վրա, որ կոտորվեն մնացածներն ու քեզանից թաքնվածները։ 21Մի՛ սարսափիր նրանցից, որովհետև քո Տեր Աստվածը՝ այն հզոր և ահարկու Աստվածը, ձեր մեջ է։ 22Քո Տեր Աստվածը այդ ազգերին քիչ-քիչ կքշի քո առջևից։ Դու չես կարող միանգամից ոչնչացնել նրանց, որ դաշտի գազանները չբազմանան քո դեմ։ 23Քո Տեր Աստվածը նրանց կմատնի քո ձեռքը և նրանց կկործանի մեծ կործանումով, մինչև որ նրանք բնաջինջ լինեն։ 24Եվ նրանց թագավորներին կհանձնի քո ձեռքը, և դու նրանց անունները կվերացնես երկնքի տակից։ Ոչ ոք չի կարողանա կանգնել քո դեմ, մինչև որ բնաջնջես նրանց։ 25Նրանց աստվածների քանդակված կուռքերը կայրես կրակով։ Դրանց վրա եղած ոսկին ու արծաթը չցանկանաս և չվերցնես քեզ համար, որպեսզի դրանով որոգայթի մեջ չբռնվես, քանի որ քո Տեր Աստծու առաջ դրանք գարշելի են։ 26Ոչ մի գարշելի բան չտանես քո տունը, որպեսզի դու էլ դրա նման նզովված չլինես։ Դու բոլորովին պիտի զզվես դրանից և անչափ գարշելի պիտի համարես դա, որովհետև այն նզովված է»։
Արդեն Ընտրված.
Բ ՕՐԵՆՔ 7: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018