Բ ՕՐԵՆՔ 25

25
1«Երբ մարդկանց միջև վեճ առաջանա, դատարան թող գնան, և դատավորները դատեն նրանց. արդարին արդարացնեն, իսկ հանցավորին դատապարտեն։ 2Եթե հանցավորը ծեծի է արժանի, դատավորը գետին պառկեցնել տա նրան և իր ներկայությամբ նրա հանցանքի ծանրության համեմատական թվով հարվածել տա։ 3Քառասուն հարվածից ավելի չպետք է խփել տա. միգուցե դրանից ավելի հարվածներ ստանալով՝ քո եղբայրն անարգվի քո աչքի առաջ։
4Կալում աշխատող եզան դունչը չկապես։
Պարտականություններ մահացած եղբոր հանդեպ
5Երբ եղբայրները միասին բնակվեն, և նրանցից մեկը մեռնի առանց զավակ ունենալու, մեռնողի կինը դրսում օտար մարդու հետ չպիտի ամուսնանա։ Նրա տագրը պիտի մոտենա նրան, կնության առնի և կատարի տագրության պարտականությունը նրա հանդեպ։ 6Առաջին զավակը, որ նա կծնի, կկրի մահացած եղբոր անունը, որպեսզի նրա անունն Իսրայելից չջնջվի։ 7Իսկ եթե այդ մարդը չուզենա ամուսնանալ իր հարսի հետ, այն ժամանակ նրա հարսը թող դուրս գա քաղաքի դարպասի մոտ, ծերերի առջև և ասի նրանց. “Իմ տագրը հրաժարվում է Իսրայելում իր եղբոր անունը հաստատելուց. նա չի ուզում տագրության պարտականությունը հատուցել ինձ”։ 8Այն ժամանակ իր քաղաքի ծերերը թող կանչեն մահացածի եղբորը և խոսեն նրա հետ։ Եթե նա կանգնի ու ասի՝ “Չեմ ուզում ամուսնանալ նրա հետ”, 9այն ժամանակ հարսը կմոտենա նրան, ծերերի առաջ, նրա ոտքից կհանի կոշիկը, կթքի նրա երեսին և պատասխան տալով՝ կասի. “Այսպես թող արվի այն մարդուն, որը չի վերականգնում իր եղբոր տունը”։ 10Նրա անունն Իսրայելում “Կոշկահան արված մարդու տունը” կլինի։
Ուրիշ օրենքներ
11Երբ երկու մարդ կռվեն միմյանց հետ, և նրանցից մեկի կինը մոտենա ազատելու իր ամուսնուն նրան հարվածողի ձեռքից ու իր ձեռքը մեկնելով՝ բռնի նրա ամորձիներից, 12այն ժամանակ պետք է կտրես նրա ձեռքը և բնավ չպիտի խղճաս։
13Տոպրակիդ մեջ տեսակ-տեսակ կշռաքարեր չլինեն՝ մեծ ու փոքրիկ։ 14Քո տանը տեսակ-տեսակ չափսեր#25.14 Արդուներ։ չլինեն՝ մեծ ու փոքր։ 15Քո կշեռքի քարը ճշգրիտ և արդար լինի, արդուդ ճշգրիտ և արդար լինի, որպեսզի կյանքիդ օրերը երկար լինեն այն երկրում, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ, 16որովհետև քո Տեր Աստծու առաջ պիղծ է բոլոր այս բաներն անողը, ամեն անիրավություն անողը։
Ամաղեկացիներին սպանելու հրահանգ
17Հիշի՛ր, թե ինչ արեց քեզ Ամաղեկը ճանապարհին, երբ դուք դուրս էիք եկել Եգիպտոսից, 18որ ճանապարհին ելավ քո դեմ և առանց Աստծուց վախենալու՝ կոտորեց քո ետևից գնացող բոլոր տկարներին, երբ դու հոգնած ու սպառված էիր։ 19Երբ քո Տեր Աստվածը քո շուրջը գտնվող քո բոլոր թշնամիներից հանգստացնի քեզ այն երկրում, որ քո Տեր Աստվածը քեզ է տալու իբրև ժառանգություն, որպեսզի տիրես նրան, այն ժամանակ կջնջես Ամաղեկի հիշատակը երկնքի տակից. չմոռանաս»։

Արդեն Ընտրված.

Բ ՕՐԵՆՔ 25: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք