Բ ՕՐԵՆՔ 24
24
Ապահարզան և վերամուսնություն
1«Եթե մեկը կին առնի ու նրա ամուսինը դառնա, և եթե պատահի, որ ինչ-որ անարգական բան նկատի նրա վրա, և կինը նրա աչքին հաճելի չլինի, ապա արձակման թուղթ թող գրի նրա համար, նրա ձեռքը տա և նրան արձակի իր տնից։ 2Երբ նա դուրս գա նրա տնից և գնա, ուրիշ մարդու կին դառնա, 3եթե այդ մյուս ամուսինն էլ ատի նրան, ապա սա էլ արձակման թուղթ թող գրի, նրա ձեռքը տա և արձակի իր տնից։ Կամ եթե այդ վերջին ամուսինը, որ նրան կնության էր առել, մահանա, 4առաջին ամուսինը, որ արձակել էր նրան, չի կարող նորից նրան կնության առնել նրա պղծվելուց հետո, որովհետև դա պղծություն է Տիրոջ առջև։ Այսպես, դու մեղքով չլցնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ իբրև ժառանգություն։
Զանազան օրենքներ
5Նոր ամուսնացած տղամարդը պատերազմի չպետք է գնա, և նրան ոչ մի պաշտոն չպիտի տրվի։ Մեկ տարի նա ազատ կլինի իր տան մեջ և կուրախացնի իր առած կնոջը։
6Ոչ ոք գրավ չվերցնի աղորիքը կամ նրա վերևի երկանաքարը, որովհետև դա նշանակում է գրավ վերցնել դրա տիրոջ կյանքը։
7Եթե գտնվի մեկը, որ իր եղբայրներից, այսինքն՝ Իսրայելի որդիներից մեկին գողանալով՝ նրան իր ստրուկը դարձրած կամ վաճառած լինի, ապա այդ գողը թող մահվամբ պատժվի։ Այդպիսով չարությունը կվերացնես քո միջից։
8Զգուշացե՛ք բորոտության ախտից, հետամո՛ւտ եղեք, որ կատարեք այն ամենը, ինչ ձեզ կսովորեցնեն ղևտացի քահանաները. զգո՛ւյշ եղեք, որ անեք այնպես, ինչպես որ ես պատվիրել եմ նրանց։ 9Հիշի՛ր, թե քո Տեր Աստվածը Մարիամին ինչ արեց ճանապարհին, երբ դուրս եկաք Եգիպտոսից։
10Երբ քո մերձավորին փոխ տաս որևէ բան, նրա տունը չմտնես գրավը վերցնելու համար։ 11Կկանգնես դրսում, և փոխ առնող մարդն ինքը գրավը դուրս կբերի քեզ մոտ։ 12Եթե նա աղքատ մարդ է, նրանից գրավ առած հագուստով չպառկես. 13արեգակի մայր մտնելու ժամանակ անպատճառ կվերադարձնես նրա գրավը, որպեսզի նա իր զգեստով պառկի և օրհնի քեզ. դա քեզ համար արդարություն կհամարվի քո Տեր Աստծու առջև։
14Աղքատ և կարիքավոր վարձկանին չզրկես, լինի քո եղբայրներից մեկը կամ քո երկրում, քո քաղաքում գտնվող օտարականներից։ 15Նույն օրը՝ արեգակը դեռ մայր չմտած, կհատուցես նրա վարձը, որովհետև նա աղքատ է և սրտանց սպասում է դրան։ Չլինի թե նա քո մասին բողոքի Տիրոջը, և դու մեղքի տեր դառնաս։
16Հայրերին չպետք է մեռցնել որդիների պատճառով, ոչ էլ որդիներին պետք է մեռցնել հայրերի փոխարեն. պետք է մեռցնել յուրաքանչյուրին իր հանցանքի համար։
17Օտարականի և որբի իրավունքը չոտնահարես և որբևայրու հագուստը գրավ չվերցնես։ 18Հիշի՛ր, որ ստրուկ էիր Եգիպտոսի երկրում, և քո Տեր Աստվածը քեզ ազատեց այնտեղից։ Դրա համար էլ պատվիրում եմ քեզ, որ կատարես այս բանը։
19Երբ քո արտում հնձես քո հունձը և այնտեղ մոռանաս մի խուրձ, չվերադառնաս այն վերցնելու համար. դա թող լինի օտարականին, որբին և որբևայրուն, որպեսզի քո Տեր Աստվածն օրհնի քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում։ 20Երբ թափ տաս քո ձիթենին, դրանից հետո մեկիկ-մեկիկ չքաղես ճյուղերի վրա մնացած պտուղները. դրանք թող լինեն օտարականին, որբին և որբևայրուն։ 21Երբ քաղես քո այգու խաղողները, հետո ճռաքաղ չանես. դա թող լինի օտարականին, որբին և որբևայրուն։ 22Հիշի՛ր, որ դու ստրուկ էիր Եգիպտոսի երկրում։ Դրա համար էլ պատվիրում եմ քեզ, որ կատարես այս բանը»։
Արդեն Ընտրված.
Բ ՕՐԵՆՔ 24: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018