Բ ՕՐԵՆՔ 18

18
Քահանաների բաժինը
1«Ղևտացի քահանաները՝ Ղևիի ամբողջ ցեղը, Իսրայելի հետ բաժին ու ժառանգություն չեն ունենա։ Նրանք պիտի ուտեն Տիրոջն արված զոհաբերություններն ու նրա ժառանգությունը։ 2Նրանք իրենց եղբայրների մեջ ժառանգություն չեն ունենա. նրանց ժառանգությունը Տերն ինքն է, ինչպես որ ասել է նրանց։
3Այս կլինի քահանաների իրավունքը ժողովրդի կողմից և մատուցված զոհերի կողմից, դրանք լինեն արջառ, թե ոչխար։ Քահանային պետք է տրվի թիակը, ծնոտները և փորը։ 4Դու նրան պետք է տաս նաև քո ցորենի, գինու, յուղի երախայրիքը և քո ոչխարների առաջին խուզից ստացված բուրդը, 5որովհետև քո Տեր Աստվածը բոլոր ցեղերի միջից նրան է ընտրել, որպեսզի նա և նրա որդիները մշտապես կանգնեն ծառայություն անելու Տիրոջ անունով։
6Երբ մի ղևտացի դուրս գա քո քաղաքներից մեկից, այսինքն՝ այն վայրից, ուր նա պանդխտել է Իսրայելում, և ըստ իր սրտի մեծ փափագի գա Տիրոջ ընտրած վայրը, 7ապա Տիրոջ առջև այնտեղ կանգնած իր բոլոր ղևտացի եղբայրների նման կծառայի իր Տեր Աստծու անունով։ 8Նա թող ստանա նրանց սննդաբաժնին հավասար սննդաբաժին, բացի իր հայրենական ունեցվածքի վաճառքից ստացած եկամուտներից։
Զգուշացում կռապաշտության փորձերի դեմ
9Երբ մտնես քո Տեր Աստծու քեզ տված երկիրը, չհետևես այդ ազգերի գարշելի սովորույթներին։ 10Ձեր մեջ չպիտի գտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող կամ կախարդությամբ զբաղվող, գուշակող ու հմայող և կամ հավահմա, 11նաև կախարդ կամ վհուկ, կամ բախտասաց կամ ոգեհարցուկ, 12որովհետև այս բոլոր բաներով զբաղվողը գարշելի է Տիրոջ աչքին, և այդպիսի գարշելի բաների պատճառով քո Տեր Աստվածը նրանց հալածում է քո առջևից։ 13Քո Տեր Աստծու առջև կատարյալ պետք է լինես, 14որովհետև այն ազգերը, որոնց դու տիրելու ես, լսում են գուշակներին և կախարդներին. բայց քեզ քո Տեր Աստվածը այդպես անելու հրաման չի տալիս։
15Քո Տեր Աստվածը քո եղբայրների միջից ինձ նման մի մարգարե մեջտեղ պիտի հանի քեզ համար. նրա՛ն լսեք. 16ամբողջապես այնպես, ինչպես որ Քորեբում հավաքի օրը քո Տեր Աստծուն խնդրեցիր՝ ասելով. “Իմ Տեր Աստծու ձայնն այլևս չլսեմ և այդ մեծ կրակն այլևս չտեսնեմ, որպեսզի չմեռնեմ”։ 17Այն ժամանակ Տերն ինձ ասաց. “Լավ է, ինչ որ նրանք ասում են. 18ես քեզ նման մի մարգարե մեջտեղ կհանեմ նրանց համար իրենց եղբայրների միջից և իմ խոսքերը կդնեմ նրա բերանը. նա նրանց կասի այն, ինչ որ կպատվիրեմ նրան։ 19Եվ այն մարդը, որ չլսի իմ խոսքերը, որ նա կասի իմ անունից, ես այդ մարդուց հաշիվ կպահանջեմ։
20Իսկ այն մարգարեն, որ կհանդգնի իմ անունից խոսք ասել, որ ես չեմ պատվիրել նրան ասել, կամ օտար աստվածների անունից մի բան խոսի, այդ մարգարեն պետք է մեռնի”։ 21Եթե քո սրտի մեջ ասես՝ “Ինչպե՞ս իմանանք այն խոսքը, որ Տերը չի ասել”, 22եթե այդ մարգարեն Տիրոջ անունից մի բան ասի, և այդ բանը չկատարվի, ուրեմն դա Տիրոջ ասած խոսքը չէ. մարգարեն հանդգնությամբ է ասել դա։ Նրանից չվախենաս»։

Արդեն Ընտրված.

Բ ՕՐԵՆՔ 18: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք