Բ ՕՐԵՆՔ 15

15
Յոթերորդ տարին
(Ղևտ. 25.1-7)
1«Յոթերորդ տարվա վերջում պարտքերը կներես։ 2Պարտքերը ներելու կանոնն այս է. ամեն պարտատեր ինչ որ փոխ է տվել իր մերձավորին, թող դա չպահանջի իր մերձավորից կամ եղբորից, որովհետև ներում է հայտարարված հանուն Տիրոջ։ 3Օտարազգի մարդուց պահանջես, բայց ինչ որ ունենաս քո եղբոր մոտ, պիտի շնորհես նրան, 4եթե միայն քեզ մոտ կարիքավոր մեկը չգտնվի. որովհետև Տերն անպատճառ քեզ պիտի օրհնի այն երկրում, որ քո Տեր Աստվածը քեզ տալու է իբրև ժառանգություն, որպեսզի տիրես նրան, 5միայն թե ամեն կերպ հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին և զգուշությամբ կատարես այն բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ։ 6Որովհետև քո Տեր Աստվածը քեզ պիտի օրհնի, ինչպես որ ասել է քեզ։ Շատ ազգերի դու փոխ կտաս, բայց ինքդ փոխ չես առնի, և դու բազում ազգերի կտիրես, բայց նրանք քեզ չեն տիրի։
7Եթե քո Տեր Աստծու քեզ տված երկրի քաղաքներից մեկում քո եղբայրներից մեկն աղքատ լինի, ապա քո սիրտը չխստացնես և քո ձեռքը չփակես քո աղքատ եղբոր առջև, 8այլ անպատճառ ձեռքդ բաց կանես նրա համար և նրա կարիքների բավարար լինելու չափ փոխ կտաս նրան։ 9Զգո՛ւյշ եղիր. չլինի թե մտքիդ մեջ չար խորհուրդ մտնի, և դու ասես՝ “Մոտ է յոթերորդ տարին՝ թողության տարին”, և չար աչքով նայես քո աղքատ եղբոր վրա ու փոխ չտաս նրան։ Եվ նա էլ քո դեմ աղաղակի Տիրոջը, և դու հանցավոր լինես։ 10Անպատճառ պետք է տաս նրան, և նրան տալիս սիրտդ չնեղվի, որովհետև քո Տեր Աստվածը դրա համար կօրհնի քեզ քո բոլոր գործերում և քո բոլոր ձեռնարկումներում։ 11Քանի որ երկրի վրա աղքատ մարդ չի պակասի, դրա համար էլ պատվիրում եմ քեզ ու ասում. “Ձեռքդ բա՛ց քո երկրում գտնվող աղքատ և կարիքավոր եղբորդ”։
Գերիների հետ վարվելը
(Ելք 21.1-11)
12Եթե եբրայեցի քո եղբայրներից մեկը՝ տղամարդ թե կին, վաճառվի քեզ, նա վեց տարի թող ծառայի քեզ, իսկ յոթերորդ տարում նրան քո մոտից ազատ կարձակես։ 13Երբ քո մոտից ազատ արձակես նրան, դատարկ չարձակես։ 14Նրան պարգևներ կտաս քո ոչխարներից, քո կալից և քո հնձանից։ Քո Տեր Աստվածն ինչով որ քեզ օրհնել է, կտաս նրան։ 15Հիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր Եգիպտոսի երկրում, և քո Տեր Աստվածը փրկեց քեզ։ Դրա համար էլ այս բանն եմ պատվիրում քեզ այսօր։ 16Իսկ եթե քեզ ասի՝ “Դուրս չեմ գա քո մոտից”, որովհետև սիրում է քեզ ու քո տունը, քանի որ լավ է քեզ մոտ, 17այն ժամանակ հերյունը կվերցնես ու դռան շեմին կծակես նրա ականջը, և նա հավիտյան ծառա կլինի քեզ։ Այդպես կանես նաև աղախնիդ։ 18Նրան քո մոտից ազատ արձակելը քո աչքին դժվար չերևա, որովհետև վեց տարի ծառայել է քեզ, որ մի վարձկանի վարձի կրկնապատիկն է, և քո Տեր Աստվածը կօրհնի քեզ քո բոլոր գործերում։
Արջառի և ոչխարի առաջնածինները
19Քո արջառներից և հոտերից ծնված բոլոր արու առաջնածինները կնվիրաբերես քո Տեր Աստծուն։ Քո արջառների առաջնածինները գործի չլծես և քո առաջնածին ոչխարների բուրդը չխուզես։ 20Տարեցտարի դու և քո ընտանիքը կուտեք դրանք քո Տեր Աստծու առջև այն վայրում, որ Տերը կընտրի։ 21Բայց եթե դրանց մեջ արատ լինի, կաղ կամ կույր լինեն, և կամ որևէ այլ վատ արատ, դրանք քո Տեր Աստծուն չզոհես։ 22Դրանք կուտես քո դռներում։ Անմաքուրն ու մաքուրը հավասարապես կուտեն, ինչպես ուտում են այծյամին ու եղջերուին։ 23Միայն թե դրա արյունը չուտես, այլ ջրի նման գետին կթափես այն»։

Արդեն Ընտրված.

Բ ՕՐԵՆՔ 15: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք