Ուրեմն պահե՛ք այն բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ, որպեսզի զորանաք և մտնեք ու տիրանաք այն երկրին, ուր գնում եք այն նվաճելու համար, և որպեսզի ձեր կյանքի օրերը երկար լինեն այն երկրում, որ Տերը երդվեց տալ ձեր հայրերին և նրանց սերնդին, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում։ Որովհետև այն երկիրը, ուր դու գնում ես տիրանալու համար, նման չէ Եգիպտոսի երկրին, որտեղից դուք դուրս եկաք, և որտեղ դու սերմ էիր ցանում և ապա քո ոտքերով ջրում բանջարանոցի նման. այլ այն երկիրը, ուր դուք գնում եք ժառանգելու համար, լեռների և հովիտների երկիր է. այն ոռոգվում է երկնային անձրևի ջրով։ Այնպիսի երկիր, որը քո Տեր Աստվածն է խնամում, քո Տեր Աստծու աչքը միշտ նրա վրա է տարվա սկզբից մինչև տարվա վերջը։ Եթե ուշադրությամբ լսեք իմ պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ, սիրեք ձեր Տեր Աստծուն և պաշտեք նրան ձեր ամբողջ սրտով ու ամբողջ հոգով, ապա ես ձեր երկրին անձրև կտամ իր ժամանակին, առաջին ու վերջին անձրևը, և դու կհավաքես քո ցորենը, քո գինին և քո յուղը։ Ես խոտ կտամ քո արտերին քո անասունների համար, որպեսզի ուտես և կշտանաս։ Զգո՛ւյշ եղեք. միգուցե ձեր սիրտը խաբվի, և դուք խոտորվելով օտար աստվածների պաշտեք և երկրպագեք նրանց։ Այնժամ Տիրոջ բարկությունը կբորբոքվի ձեր դեմ, և նա կփակի երկինքը, որպեսզի անձրև չլինի, ու երկիրն իր բերքը չտա. և շուտով կկորչեք այդ լավ երկրից, որ Տերը տալիս է ձեզ։