Բ ՕՐԵՆՔ 11:1-32

Բ ՕՐԵՆՔ 11:1-32 ՆՎԱԱ

«Ուրեմն սիրի՛ր քո Տեր Աստծուն և միշտ պահի՛ր նրա պատվիրածները, կանոնները, հրամաններն ու պատվիրանները։ Այսօր իմացե՛ք, որ իմ խոսքը ձեր որդիների հետ չէ, որոնք չգիտեն և չեն տեսել ձեր Տեր Աստծու խրատը, նրա մեծությունը, նրա հզոր ձեռքն ու բարձր բազուկը, նրա նշաններն ու նրա գործերը, որ նա կատարեց Եգիպտոսում եգիպտացիների արքա փարավոնի և նրա ամբողջ երկրի հանդեպ։ Եվ ինչ որ արեց եգիպտացիների զորքերին, նրանց ձիերին և կառքերին. Կարմիր ծովի ջրերը թափեց նրանց վրա, երբ նրանք հալածում էին ձեզ, և Տերը նրանց կորցրեց մինչև այսօր։ Եվ ինչ որ արեց ձեզ համար անապատում՝ մինչև ձեր այստեղ գալը, և ինչ որ արեց Ռուբենի ցեղից Եղիաբի որդիներ Դաթանին և Աբիրոնին, որ երկիրն իր երախը բաց արեց և կուլ տվեց նրանց ու նրանց ընտանիքներին, նրանց վրաններն ու այն ամենը, ինչ որ կար իրենց մոտ ամբողջ Իսրայելում։ Սակայն ձեր աչքերը տեսել են Տիրոջ արած բոլոր մեծամեծ գործերը։ Ուրեմն պահե՛ք այն բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ, որպեսզի զորանաք և մտնեք ու տիրանաք այն երկրին, ուր գնում եք այն նվաճելու համար, և որպեսզի ձեր կյանքի օրերը երկար լինեն այն երկրում, որ Տերը երդվեց տալ ձեր հայրերին և նրանց սերնդին, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում։ Որովհետև այն երկիրը, ուր դու գնում ես տիրանալու համար, նման չէ Եգիպտոսի երկրին, որտեղից դուք դուրս եկաք, և որտեղ դու սերմ էիր ցանում և ապա քո ոտքերով ջրում բանջարանոցի նման. այլ այն երկիրը, ուր դուք գնում եք ժառանգելու համար, լեռների և հովիտների երկիր է. այն ոռոգվում է երկնային անձրևի ջրով։ Այնպիսի երկիր, որը քո Տեր Աստվածն է խնամում, քո Տեր Աստծու աչքը միշտ նրա վրա է տարվա սկզբից մինչև տարվա վերջը։ Եթե ուշադրությամբ լսեք իմ պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ, սիրեք ձեր Տեր Աստծուն և պաշտեք նրան ձեր ամբողջ սրտով ու ամբողջ հոգով, ապա ես ձեր երկրին անձրև կտամ իր ժամանակին, առաջին ու վերջին անձրևը, և դու կհավաքես քո ցորենը, քո գինին և քո յուղը։ Ես խոտ կտամ քո արտերին քո անասունների համար, որպեսզի ուտես և կշտանաս։ Զգո՛ւյշ եղեք. միգուցե ձեր սիրտը խաբվի, և դուք խոտորվելով օտար աստվածների պաշտեք և երկրպագեք նրանց։ Այնժամ Տիրոջ բարկությունը կբորբոքվի ձեր դեմ, և նա կփակի երկինքը, որպեսզի անձրև չլինի, ու երկիրն իր բերքը չտա. և շուտով կկորչեք այդ լավ երկրից, որ Տերը տալիս է ձեզ։ Իմ այս խոսքերը դրե՛ք ձեր սրտում և ձեր հոգում. դրանք որպես նշան կապե՛ք ձեր ձեռքերին, և ճակատանոց լինեն դրանք ձեր աչքերի միջև։ Սովորեցրե՛ք դրանք ձեր որդիներին և դրանց մասին խոսե՛ք ձեր տանը նստած ժամանակ, ճանապարհ գնալիս, պառկելիս և վեր կենալիս։ Դրանք գրի՛ր քո տան դրանդիների և քո դռների վրա, որպեսզի քո և քո որդիների օրերն այն երկրի վրա, որ Տերը ձեր հայրերին երդվեց նրանց տալու համար, լինեն այնքան շատ, որքան շատ կլինեն երկնքի օրերը երկրի վրա։ Որովհետև եթե զգուշությամբ պահեք ու կատարեք այս բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ, որ կատարեք, այն է՝ սիրեք ձեր Տեր Աստծուն, գնաք նրա բոլոր ճանապարհներով և հարեք նրան, ապա Տերն էլ ձեր առջևից կքշի այդ բոլոր ազգերին, և դուք կտիրեք ձեզանից մեծ և հզոր ազգերի վրա։ Ուր որ ձեր ոտքերը կկոխեն, ձերը կլինի. ձեր սահմանը կտարածվի անապատից և Լիբանանից, գետից, այսինքն՝ Եփրատ գետից մինչև Արևմտյան ծովը։ Ոչ ոք չի կանգնի ձեր դեմ. ձեր Տեր Աստվածը ձեր ահն ու սարսափը կտարածի ձեր կոխած ամբողջ երկրի վրա, ինչպես որ ասել է ձեզ։ Ահա ես այսօր ձեր առջև դնում եմ օրհնություն և անեծք. օրհնություն, եթե լսեք ձեր Տեր Աստծու պատվիրանները, որոնք ես այսօր պատվիրում եմ ձեզ, և անեծք, եթե չլսեք ձեր Տեր Աստծու պատվիրանները, շեղվեք այն ճանապարհից, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ, և գնաք օտար աստվածների ետևից, որոնց չեք ճանաչում։ Ուստի երբ քո Տեր Աստվածը քեզ տանի այն երկիրը, ուր գնում ես այն ժառանգելու համար, ապա օրհնություն կտաս Գարիզին լեռան վրա և անեծք՝ Գեբաղ լեռան վրա։ Չէ՞ որ դրանք գտնվում են Հորդանան գետի այն կողմում՝ արևմտյան ճանապարհի վրա, քանանացիների երկրում, որոնք բնակվում են հովտում, Գաղգաղայի դիմաց, Մորեի կաղնիների մոտ։ Որովհետև դուք անցնելու եք Հորդանան գետով՝ մտնելու և ժառանգելու համար այն երկիրը, որը ձեր Տեր Աստվածը տալիս է ձեզ։ Դուք կժառանգեք այն և կբնակվեք այնտեղ։ Ուրեմն զգո՛ւյշ եղեք, որ կատարեք այն բոլոր կանոններն ու հրամանները, որոնք ես այսօր դնում եմ ձեր առաջ»։