ԴԱՆԻԵԼ 8

8
Խոյի և այծի տեսիլքը
1«Բաղդասար թագավորի թագավորության երրորդ տարում մի տեսիլք երևաց ինձ՝ Դանիելիս, նախապես ինձ երևացածից հետո։ 2Եվ ես տեսիլքի մեջ տեսա, որ ես Շուշան մայրաքաղաքում էի, որ գտնվում է Եղամի գավառում։ Եվ տեսիլքում տեսա, որ Ուլայ գետի մոտ էի։
3Ես բարձրացրի աչքերս և տեսա, որ գետի մոտ ահա մի խոյ էր կանգնած. նա երկու եղջյուր ուներ, և այդ եղջյուրները բարձր էին, բայց մեկը մյուսից ավելի բարձր էր։ Եվ այդ բարձրը հետո աճեց։ 4Տեսա, որ խոյը պոզահարում էր դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ։ Եվ ոչ մի գազան չէր կարողանում կանգնել նրա առաջ, և նրա ձեռքից ազատող մեկը չկար. նա իր կամեցածի պես էր անում, ու մեծացավ։
5Մինչ նայում էի, ահա արևմուտքից արու մի այծ եկավ ամբողջ երկրի մակերեսի վրայով և գետնին չէր դիպչում, և այդ այծը մի երևելի եղջյուր ուներ իր աչքերի մեջտեղում։ 6Նա հասավ երկու եղջյուրներով այն խոյին, որ տեսել էի գետի մոտ կանգնած, և նրա վրա վազեց իր ուժգին զայրույթով։ 7Եվ ես տեսա նրան, որ հասավ խոյի մոտ և կատաղած նրա դեմ՝ հարվածեց խոյին և կոտրեց նրա երկու եղջյուրները։ Եվ խոյի մեջ ուժ չկար նրա դիմաց կանգնելու։ Նրան գետնին գցեց և կոխկռտեց նրան, և չկար մեկը, որ խոյին ազատեր նրա ձեռքից։ 8Եվ արու այծը խիստ մեծացավ, ու երբ ուժեղացավ, նրա մեծ եղջյուրը կոտրվեց. նրա փոխարեն չորս երևելի եղջյուրներ դուրս եկան երկնքի չորս հողմերի ուղղությամբ։ 9Եվ նրանցից մեկից մի փոքրիկ եղջյուր դուրս եկավ, և այն չափազանց մեծացավ դեպի հարավ, դեպի արևելք և դեպի փառավոր երկիրը։ 10Մեծացավ մինչև երկնքի զորքը և աստեղային զորքից մի մաս գցեց գետնին ու կոխկռտեց նրանց։ 11Մինչև զորքերի Իշխանը ինքն իրեն բարձրացրեց և նրանից վերցրեց մշտնջենական զոհն ու կործանեց նրա սրբարանի տեղը։ 12Եվ ամբարշտության պատճառով զորքը նրան տրվեց մշտնջենական զոհի հետ, և ճշմարտությունը գետնին գցեց։ Ինչ որ անում էր, հաջողում էր։ 13Եվ ես լսեցի մի սուրբի, որ խոսում էր, և մի ուրիշ սուրբ ասաց նրան, որ խոսում էր. “Մինչև ե՞րբ է լինելու մշտնջենական զոհի տեսիլքը և ավերող ամբարշտությունը, երբ սրբարանն էլ, զորքն էլ ոտնակոխության տրվեն”։ 14Եվ նա ասաց ինձ. “Մինչև երկու հազար երեք հարյուր իրիկուն և առավոտ. հետո սրբարանը պիտի մաքրվի”։
Գաբրիել հրեշտակը մեկնում է տեսիլքը
15Եվ երբ որ ես՝ Դանիելս, տեսիլքը տեսա, այն ժամանակ հասկացողություն էի որոնում, և ահա մարդու տեսքով մեկը կանգնած էր առաջս։ 16Եվ ես մարդու ձայն լսեցի Ուլայ գետի միջից, որ կանչեց ու ասաց. “Ո՛վ Գաբրիել, դրան հասկացրո՛ւ տեսիլքը”։ 17Եվ նա եկավ կանգնած տեղիս մոտ. երբ նա եկավ, ես վախեցա և ընկա երեսիս վրա։ Եվ նա ինձ ասաց. “Հասկացի՛ր, ո՛վ մարդու որդի, որ տեսիլքը վախճանի ժամանակի համար է”։ 18Եվ երբ նա խոսում էր ինձ հետ, ես թմբիրի մեջ՝ երեսիս վրա ընկա գետնին. նա դիպավ ինձ ու կանգնեցրեց տեղիս վրա։ 19Եվ ասաց. “Ահա քեզ պիտի իմացնեմ, թե ի՛նչ է լինելու ցասման վախճանին, որովհետև տեսիլքը վախճանի սահմանված ժամանակի վերաբերյալ է։ 20Երկու եղջյուրներով այն խոյը, որ տեսար, մարերի և պարսիկների թագավորներն են։ 21Այն արու այծը հույների թագավորն է, և նրա աչքերի մեջտեղի այն մեծ եղջյուրն առաջին թագավորն է։ 22Իսկ այն կոտրվածը, որի փոխարեն չորսը դուրս եկան, նրա ազգից չորս թագավորություններ են դուրս գալու, բայց ոչ թե նրա զորությամբ։ 23Եվ նրանց թագավորության վերջին, երբ ամբարիշտները ամբարշտության չափը լրացնեն, մի պնդերես և խորամանկ#8.23 Բռց. հանելուկներ հասկացող։ թագավոր վեր կկենա։ 24Եվ կհզորանա նրա կարողությունը, բայց ոչ թե նրա զորությամբ. նա ահավոր ավերածություն պիտի պատճառի և հաջողի իր կատարածի մեջ և պիտի կործանի զորավորներին ու սրբերի ժողովրդին։ 25Եվ նրա խորամանկությամբ նրա ձեռքում խաբեությունը պիտի հաջողի, նա իր մտքում պիտի հպարտանա և խաղաղության մեջ շատերին կործանի։ Եվ պիտի դեմ կանգնի Իշխանաց իշխանին, բայց պիտի կոտրվի ոչ մարդկային ձեռքով։ 26Իրիկունների ու առավոտների տեսիլքը, որ պատմվեց, ճշմարիտ է. դու տեսիլքը գաղտնի՛ պահիր, որովհետև հեռավոր օրերի մասին է”։
27Եվ ես՝ Դանիելս, նվաղեցի և մի քանի օր հիվանդացա, հետո վեր կացա և թագավորի գործերը կատարեցի։ Եվ ապշած էի տեսիլքի վրա, բայց ոչ ոք չկար, որ այն հասկանար»։

Արդեն Ընտրված.

ԴԱՆԻԵԼ 8: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք