Կողոսացիներին 4:7-18

Կողոսացիներին 4:7-18 ՆՎԱԱ

Իմ մասին ձեզ ամեն ինչ կտեղեկացնի Տյուքիկոսը՝ սիրելի եղբայրը, հավատարիմ սպասավորը և ծառայակիցը Տիրոջով։ Նրան հենց դրա համար ձեզ մոտ ուղարկեցի, որ մեր մասին իմանաք, ու նա ձեր սրտերը մխիթարի։ Նա Օնեսիմոս հավատարիմ ու սիրելի եղբոր հետ է, որ ձեր համաքաղաքացին է։ Նրանք ամեն բանի մասին, ինչ որ այստեղ լինում է, ձեզ կտեղեկացնեն։ Ձեզ ողջունում են Արիստարքոսը՝ իմ բանտակիցը, և Բառնաբասի եղբորորդի Մարկոսը, որի համար պատվեր ստացաք, որ եթե ձեզ մոտ գա, նրան ընդունեք, և Հիսուսը, որ Հուստոս է կոչվում, որոնք թլփատվածներից են։ Միայն նրանք են իմ գործակիցներն Աստծու արքայության մեջ, որով ինձ համար էլ մխիթարություն եղան։ Ձեզ ողջունում է Եպափրասը՝ Քրիստոսի ծառան, որ ձեր համաքաղաքացին է. նա ամեն ժամ ձեզ համար տքնում է աղոթքներով, որ մնաք կատարյալ և լցված լինեք Աստծու ամբողջ կամքով։ Վկայում եմ նրա համար, որ խիստ նախանձախնդիր է ձեր և նրանց նկատմամբ, ովքեր Լաոդիկիայում և Հերապոլիսում են։ Ողջունում են ձեզ Ղուկասը՝ սիրելի բժիշկը, և Դեմասը։ Ողջունե՛ք Լաոդիկիայում եղող եղբայրներին, Նիմֆային ու նրա տանը հավաքվող եկեղեցուն։ Երբ այս նամակը ձեզ մոտ կարդացվի, լաոդիկեցիների եկեղեցում էլ կարդալ տվեք, իսկ Լաոդիկիայից եկած նամակն էլ դո՛ւք կարդացեք։ Արքիպպոսին ասե՛ք. «Զգո՛ւյշ եղիր այն սպասավորության մեջ, որ Տիրոջով ստացար, որպեսզի այն կատարես»։ Այս ողջույնն իմ՝ Պողոսիս ձեռքով է գրվում։ Հիշե՛ք կապանքներս։ Շնորհըձեզ հետ լինի։ Ամեն։