ԱՄՈՎՍ 5
5
Ապաշխարության կոչ
1Լսե՛ք այս խոսքը, որով ես ողբում եմ ձեզ վրա, ո՛վ Իսրայելի տուն։ 2Ընկավ Իսրայելի կույսը, այլևս վեր չի կենալու, լքված է իր երկրի վրա, կանգնեցնող չունի։ 3Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Այն քաղաքում, որ հազար էր դուրս բերում, հարյուրը պիտի մնա, և այնտեղ, ուր հարյուր էր դուրս բերում, տասը պիտի մնա Իսրայելի տանը»։ 4Որովհետև Տերը Իսրայելի տանն այսպես է ասում. «Ինձ փնտրեցե՛ք, որ ապրեք»։ 5Բայց Բեթելին մի՛ փնտրեք և Գաղգաղա մի՛ մտեք և Բերսաբեից մի՛ անցեք, որովհետև Գաղգաղան անպատճառ պիտի տարագրվի, և Բեթելը պիտի ոչնչանա։ 6Տիրո՛ջը փնտրեք, որ ապրեք, որ նա կրակի պես չբռնկվի Հովսեփի տան վրա և նրան լափի, ու Բեթելը հանգցնող չունենա։ 7Դուք, որ իրավունքը օշինդր եք դարձնում և արդարությունը գետնով տալիս, 8փնտրե՛ք նրան, որ ստեղծեց Բազմաստեղն ու Հայկը, որ մահվան ստվերն առավոտ է դարձնում և ցերեկը խավարեցնում գիշերվա, որ ծովի ջրերն է կանչում և լցնում երկրի մակերեսի վրա. նրա անունը Տեր է։ 9Նա կործանում է փայլատակեցնում հզորի վրա, որ կործանումը մինչև ամրոցն է գալիս։
10Ատում են դարպասում հանդիմանողին և զզվում են ուղիղ խոսողից։ 11Նրա համար, որ ոտնահարում եք աղքատին և նրանից ցորենի հարկեր եք կորզում։ Դուք տաշված քարից տներ եք կառուցել, բայց նրանց մեջ չեք բնակվի, ցանկալի այգիներ եք տնկել, բայց նրանց գինին չեք խմի։ 12Որովհետև ես գիտեմ՝ որքան բազմաթիվ են ձեր հանցանքները, և որքան ծանր՝ ձեր մեղքերը, դուք, որ նեղում եք արդարին, կաշառք եք վերցնում և դատարանում աղքատներին զրկում եք արդարությունից։
13Ուստի այն ժամանակ խոհեմը լռում է, որովհետև այն չար ժամանակ է։ 14Բարությո՛ւն փնտրեք և ո՛չ չարություն, որ ապրեք, և Տերը՝ Զորքերի Աստվածը, ձեզ հետ կլինի, ինչպես որ ասել եք։ 15Ատե՛ք չարությունը և բարի՛ն սիրեք և դարպասում իրավո՛ւնքը հաստատեք, գուցե Տերը՝ Զորքերի Աստվածը, գթա Հովսեփի մնացորդին։
16Ուստի Տերը՝ Զորքերի Տեր Աստվածը, այսպես է ասում. «Բոլոր հրապարակներում ողբ պիտի լինի, և բոլոր փողոցներում “վա՜յ, վա՜յ” պիտի ասեն և հողագործին սգի պիտի կանչեն և եղերերգուներին՝ ողբի։ 17Եվ խաղողի բոլոր այգիներում ողբ է լինելու, որովհետև ես պիտի անցնեմ քո միջով»,- ասում է Տերը։ 18Վա՜յ ձեզ, որ Տիրոջ օրն եք ցանկանում, ձեզ ի՞նչ պետք է Տիրոջ օրը. այն խավար է և ոչ թե լույս։ 19Ինչպես որ երբ մարդ փախչի առյուծի բերանից, և արջը հանդիպի նրան, կամ տուն մտնի և ձեռքը պատին հենի, և օձը կծի նրան. 20ահա Տիրոջ օրը մութ չէ՞ և ոչ թե լույս, ու խավար, և ոչ մի լույսի նշույլ նրանում։
21«Ես ատում եմ, մերժում եմ ձեր տոները, և ձեր հանդեսները հաճելի չեն ինձ։ 22Թեկուզ ինձ ողջակեզներ մատուցեք և ձեր հացի ընծաներն էլ, ես դրանք չեմ ընդունի և ձեր պարարտ անասունների խաղաղության զոհերին չեմ նայի։ 23Քո երգերի աղմուկը հեռացրո՛ւ ինձանից. թող չլսեմ քո տավիղների մեղեդին։ 24Բայց թող իրավունքը հորդի ջրերի պես, և արդարությունը՝ վարար գետի պես։ 25Մի՞թե ինձ զոհեր և հացի ընծաներ էիք մատուցում քառասուն տարի անապատում, ո՛վ Իսրայելի տուն։ 26Դուք կրեցիք Սիքքութի՝ ձեր թագավորի, և Քիյյունի՝ ձեր Աստծու կուռքերը, որ շինել էիք ձեզ համար, 27ուստի ես ձեզ գերի քշել պիտի տամ Դամասկոսից այն կողմ»,- ասում է Տերը, որի անունը Զորքերի Աստված է։
Արդեն Ընտրված.
ԱՄՈՎՍ 5: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018