Գործք Առաքելոց 7:17-38

Գործք Առաքելոց 7:17-38 ՆՎԱԱ

Երբ մոտեցավ Աբրահամին Աստծու տված խոստման իրականացման ժամանակը, Եգիպտոսում ժողովուրդն աճեց ու բազմացավ, մինչև որ Եգիպտոսում ելավ մի ուրիշ թագավոր, որը Հովսեփին չէր ճանաչում։ Նա մեր ազգի դեմ հնարքներ գործադրեց, մեր հայրերին չարչարեց՝ նրանց երեխաներին դուրս նետելով, որպեսզի չապրեն։ Այդ ժամանակ ծնվեց Մովսեսը, որն Աստծու առաջ վայելուչ էր և որն իր հոր տանը երեք ամիս մեծացավ։ Եվ երբ նրան դուրս նետեցին, փարավոնի աղջիկը նրան վերցրեց, իբրև իր որդու մեծացրեց նրան։ Մովսեսը կրթվեց եգիպտացիների ողջ իմաստությամբ և զորավոր էր իր խոսքերով ու գործերով։ Երբ նրա քառասուն տարին լրացավ, նա միտք հղացավ իր եղբայրների՝ իսրայելացիների մեջ շրջելու։ Եվ անիրավված մեկին տեսնելով ու տուժածի վրեժը լուծելով՝ սպանեց եգիպտացուն։ Նա կարծում էր, թե իր եղբայրները կհասկանան, որ Աստված իր ձեռքով նրանց փրկություն է տալու. բայց նրանք չհասկացան։ Հաջորդ օրը տեսավ նրանց միմյանց հետ կռվելիս և նրանց հաշտեցնելով՝ ասաց. "Մարդի՛կ, դուք եղբայրներ եք, ինչո՞ւ եք միմյանց նեղացնում"։ Սակայն նա, ով ընկերոջը նեղացնում էր, նրան առարկեց ու ասաց. "Քեզ ո՞վ մեզ վրա իշխան ու դատավոր կարգեց։ Մի՞թե դու ուզում ես ինձ էլ սպանել, ինչպես որ երեկ եգիպտացուն սպանեցիր"։ Մովսեսն այս խոսքի վրա փախավ ու Մադիամի երկրում պանդուխտ դարձավ, որտեղ երկու որդի ունեցավ։ Երբ քառասուն տարին լրացավ, Սինա լեռան անապատում Տիրոջ հրեշտակը երևաց նրան մորենու կրակի բոցի մեջ։ Այդ տեսնելով՝ Մովսեսը զարմացավ տեսիլքի վրա։ Եվ երբ մոտենում էր նայելու, Տիրոջ ձայնը լսվեց. "Ես եմ քո հայրերի Աստվածը, Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը"։ Եվ Մովսեսը, զարհուրելով, չէր համարձակվում նայել։ Տերը նրան ասաց. "Հանի՛ր ոտքերիդ կոշիկները, որովհետև այդ տեղը, որտեղ դու կանգնած ես, սուրբ հող է։ Ես տեսա Եգիպտոսում իմ ժողովրդի չարչարանքները, լսեցի նրա հառաչանքը և իջա, որ նրան փրկեմ։ Այժմ արի՛, ես քեզ պիտի ուղարկեմ Եգիպտոս"։ Այն Մովսեսին, որին մերժեցին և ասացին. "Ո՞վ քեզ իշխան ու դատավոր կարգեց մեզ վրա", Աստված նրան որպես իշխան ու փրկիչ ուղարկեց հրեշտակի միջոցով, որ Մովսեսին երևաց մորենու միջից։ Նա՛ դուրս հանեց նրանց և հրաշքներ ու նշաններ կատարեց Եգիպտոսի երկրում, Կարմիր ծովում և քառասուն տարի՝ անապատում։ Այս Մովսեսն է, որ Իսրայելի որդիներին ասաց. "Աստված ձեր եղբայրների միջից ձեզ համար ինձ նման մի մարգարե պիտի հանի. նրա՛ն լսեք"։ Նա՛ է, որ երբ ժողովուրդն անապատում էր, Սինա լեռան վրա խոսեց հրեշտակի և մեր հայրերի հետ. նա՛ ստացավ կյանքի պատգամները, որպեսզի մեզ տա։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում