Գործք Առաքելոց 7

7
Ստեփանոսի ճառը
1Եվ քահանայապետն ասաց. «Արդյոք այդ բաներն այդպե՞ս են»։ 2Նա ասաց. «Եղբայրնե՛ր ու հայրե՛ր, լսե՛ք. փառքի Աստվածը երևաց մեր հայր Աբրահամին՝ Միջագետքում եղած ժամանակ, մինչև Խառանում նրա բնակություն հաստատելը, 3և նրան ասաց. "Դո՛ւրս ել քո երկրից ու քո ազգատոհմից և արի՛ այն երկիրը, որ ես ցույց կտամ քեզ" (Ծնն. 12.1)։ 4Այդ ժամանակ նա դուրս եկավ քաղդեացիների երկրից, բնակվեց Խառանում։ Այնտեղից էլ նրա հոր մահվանից հետո նրան փոխադրեց այս երկիրը, որտեղ հիմա դուք բնակվում եք։ 5Եվ այստեղ նրան ժառանգություն չտվեց, ոչ էլ անգամ մի ոտնաչափ հող, բայց նրան խոստացավ տալ այս տիրույթը, իսկ նրանից հետո՝ նրա սերնդին, չնայած որ Աբրահամը դեռ որդի չուներ։ 6Եվ Աստված այսպես խոսեց. "Նրա սերունդն օտար երկրում պանդուխտ պիտի լինի, նրան ծառա պիտի դարձնեն և չորս հարյուր տարի պիտի չարչարեն։ 7Եվ այն ազգին, որին ծառա պիտի լինեն, ես պիտի դատեմ,- ասաց Աստված,- և դրանից հետո պիտի ելնեն և ինձ պիտի պաշտեն այս տեղում" (հմմտ. Ծնն. 15.13-14)։ 8Եվ նրան թլփատության ուխտը տվեց։ Ապա նա Իսահակին ծնեց և ութերորդ օրը նրան թլփատեց, և Իսահակը՝ Հակոբին, իսկ Հակոբը՝ տասներկու նահապետներին։
9Նահապետները, Հովսեփին նախանձելով, նրան Եգիպտոս վաճառեցին, բայց Աստված նրա հետ էր 10և նրան իր բոլոր նեղություններից ազատեց, Եգիպտոսի փարավոնի առաջ նրան շնորհ ու իմաստություն տվեց և նրան Եգիպտոսի ու իր ամբողջ տան վրա իշխան կարգեց։ 11Ամբողջ Եգիպտոսի և Քանանի վրա սով ու մեծ նեղություն վրա հասավ, և մեր հայրերն ուտելիք չէին գտնում։ 12Հակոբը, լսելով, որ Եգիպտոսում ցորեն կա, մեր հայրերին առաջին անգամ այնտեղ ուղարկեց։ 13Իսկ երկրորդ անգամ Հովսեփն իրեն ճանաչել տվեց իր եղբայրներին, և Հովսեփի ազգը փարավոնին հայտնի դարձավ։ 14Հովսեփը մարդ ուղարկեց, կանչել տվեց իր հայր Հակոբին և ամբողջ ազգատոհմին՝ յոթանասունհինգ հոգի։ 15Հակոբը Եգիպտոս իջավ, որտեղ վախճանվեցին ինքը և մեր հայրերը։ 16Նրանց մարմինները փոխադրվեցին Սյուքեմ և դրվեցին այն գերեզմանում, որ Աբրահամը արծաթով գնել էր Սյուքեմում Եմովրի որդիներից։
17Երբ մոտեցավ Աբրահամին Աստծու տված խոստման իրականացման ժամանակը, Եգիպտոսում ժողովուրդն աճեց ու բազմացավ, 18մինչև որ Եգիպտոսում ելավ մի ուրիշ թագավոր, որը Հովսեփին չէր ճանաչում։ 19Նա մեր ազգի դեմ հնարքներ գործադրեց, մեր հայրերին չարչարեց՝ նրանց երեխաներին դուրս նետելով, որպեսզի չապրեն։ 20Այդ ժամանակ ծնվեց Մովսեսը, որն Աստծու առաջ վայելուչ էր և որն իր հոր տանը երեք ամիս մեծացավ։ 21Եվ երբ նրան դուրս նետեցին, փարավոնի աղջիկը նրան վերցրեց, իբրև իր որդու մեծացրեց նրան։ 22Մովսեսը կրթվեց եգիպտացիների ողջ իմաստությամբ և զորավոր էր իր խոսքերով ու գործերով։ 23Երբ նրա քառասուն տարին լրացավ, նա միտք հղացավ իր եղբայրների՝ իսրայելացիների մեջ շրջելու։ 24Եվ անիրավված մեկին տեսնելով ու տուժածի վրեժը լուծելով՝ սպանեց եգիպտացուն։ 25Նա կարծում էր, թե իր եղբայրները կհասկանան, որ Աստված իր ձեռքով նրանց փրկություն է տալու. բայց նրանք չհասկացան։ 26Հաջորդ օրը տեսավ նրանց միմյանց հետ կռվելիս և նրանց հաշտեցնելով՝ ասաց. "Մարդի՛կ, դուք եղբայրներ եք, ինչո՞ւ եք միմյանց նեղացնում"։ 27Սակայն նա, ով ընկերոջը նեղացնում էր, նրան առարկեց ու ասաց. "Քեզ ո՞վ մեզ վրա իշխան ու դատավոր կարգեց։ 28Մի՞թե դու ուզում ես ինձ էլ սպանել, ինչպես որ երեկ եգիպտացուն սպանեցիր"։ 29Մովսեսն այս խոսքի վրա փախավ ու Մադիամի երկրում պանդուխտ դարձավ, որտեղ երկու որդի ունեցավ։
30Երբ քառասուն տարին լրացավ, Սինա լեռան անապատում Տիրոջ հրեշտակը երևաց նրան մորենու կրակի բոցի մեջ։ 31Այդ տեսնելով՝ Մովսեսը զարմացավ տեսիլքի վրա։ Եվ երբ մոտենում էր նայելու, Տիրոջ ձայնը լսվեց. 32"Ես եմ քո հայրերի Աստվածը, Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը"։ Եվ Մովսեսը, զարհուրելով, չէր համարձակվում նայել։ 33Տերը նրան ասաց. "Հանի՛ր ոտքերիդ կոշիկները, որովհետև այդ տեղը, որտեղ դու կանգնած ես, սուրբ հող է։ 34Ես տեսա Եգիպտոսում իմ ժողովրդի չարչարանքները, լսեցի նրա հառաչանքը և իջա, որ նրան փրկեմ։ Այժմ արի՛, ես քեզ պիտի ուղարկեմ Եգիպտոս"։ 35Այն Մովսեսին, որին մերժեցին և ասացին. "Ո՞վ քեզ իշխան ու դատավոր կարգեց մեզ վրա", Աստված նրան որպես իշխան ու փրկիչ ուղարկեց հրեշտակի միջոցով, որ Մովսեսին երևաց մորենու միջից։ 36Նա՛ դուրս հանեց նրանց և հրաշքներ ու նշաններ կատարեց Եգիպտոսի երկրում, Կարմիր ծովում և քառասուն տարի՝ անապատում։ 37Այս Մովսեսն է, որ Իսրայելի որդիներին ասաց. "Աստված ձեր եղբայրների միջից ձեզ համար ինձ նման մի մարգարե պիտի հանի. նրա՛ն լսեք"։ 38Նա՛ է, որ երբ ժողովուրդն անապատում էր, Սինա լեռան վրա խոսեց հրեշտակի և մեր հայրերի հետ. նա՛ ստացավ կյանքի պատգամները, որպեսզի մեզ տա։ 39Մեր հայրերը չցանկացան նրան հնազանդ լինել, այլ մերժեցին ու մտքով դեպի Եգիպտոս դարձան։ 40Եվ Ահարոնին ասացին. "Մեզ համար աստվածնե՛ր կերտիր, որոնք կառաջնորդեն մեզ, որովհետև այդ Մովսեսը, որ Եգիպտոսի երկրից մեզ հանեց, չգիտենք՝ նրան ի՛նչ պատահեց"։ 41Եվ այդ օրերին մի հորթ ձուլեցին ու կուռքին զոհ մատուցեցին՝ ուրախանալով իրենց ձեռքի գործերով։ 42Աստված երես դարձրեց ու թողեց նրանց, որ երկնքի զորություններին պաշտեն, ինչպես որ մարգարեների գրքում է գրված.
"Մի՞թե անապատում քառասուն տարի
ինձ զոհեր ու ընծաներ մատուցեցիք, ո՛վ Իսրայելի տուն։
43 Դուք կրեցիք Մողոքի վրանը,
ձեր Հռեմփա աստծու աստղը
և այն կուռքերը # 7.43 Հուն. պատկերներ։ , որ շինեցիք նրանց երկրպագելու համար։
Արդ ես ձեզ պիտի փոխադրեմ Բաբելոնից այն կողմ" (Ամս. 5.25-27)։
44Վկայության խորանը մեր հայրերի հետ անապատում էր. Մովսեսի հետ խոսողը հրամայել էր այն կառուցել ըստ այն օրինակի, որ Մովսեսը տեսել էր։ 45Հաջորդ սերնդի մեր հայրերը Հեսուի հետ այն բերեցին այն ազգերի երկիրը, որոնց Աստված վտարել էր մեր հայրերի առաջից մինչև Դավթի օրերը։ 46Նա Աստծու առաջ շնորհ գտավ ու խնդրեց Հակոբի Աստծու համար բնակարան հիմնել։ 47Բայց Սողոմոնը նրա համար տուն շինեց։ 48Սակայն Բարձրյալը ձեռակերտ տաճարներում չի բնակվում, ինչպես մարգարեն է ասում.
49 "Երկինքն իմ աթոռն է,
երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը։
Ինչպիսի՞ տուն պիտի շինեիք ինձ համար,- ասում է Տերը,-
կամ ո՞րն է հանգիստ առնելու իմ տեղը.
50 չէ՞ որ իմ ձեռքն է այս ամենը ստեղծել" (Ես. 66.1-2)։
51Համառնե՛ր և սրտերով ու ականջներով անթլփատնե՛ր, դուք միշտ ընդդիմանում եք Սուրբ Հոգուն. ինչպես ձեր հայրերն էին, այնպես էլ դուք եք։ 52Ձեր հայրերը մարգարեներից որի՞ն չհալածեցին. սպանեցին նրանց, ովքեր կանխավ հայտնեցին Արդարի գալստյան մասին, որի մատնիչներն ու սպանողները հիմա դուք եղաք. 53դուք, որ օրենքն ստացաք հրեշտակների պատվերով, բայց այն չպահեցիք»։
Ստեփանոսի քարկոծումը
54Նրանք, այս խոսքերը լսելով, իրենց սրտերում զայրանում էին ու նրա վրա կրճտացնում ատամները։ 55Իսկ նա, Սուրբ Հոգով լցված, դեպի երկինք նայեց ու տեսավ Աստծու փառքը և Հիսուսին՝ Աստծու աջ կողմում կանգնած։ 56Եվ ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացված ու Մարդու Որդուն՝ Աստծու աջ կողմում կանգնած»։ 57Իսկ նրանք, բարձրաձայն աղաղակելով, փակեցին իրենց ականջները և բոլորը միասին հարձակվեցին նրա վրա։ 58Եվ նրան քաղաքից դուրս հանելով՝ քարկոծում էին. վկաներն իրենց զգեստները դնում էին մի երիտասարդի ոտքերի առաջ, որ Սողոս էր կոչվում։ 59Մինչ Ստեփանոսին քարկոծում էին, նա խոսքն ուղղեց Հիսուսին՝ ասելով. «Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ հոգին»։ 60Ապա ծնկի եկավ ու բարձր ձայնով աղաղակեց. «Տե՛ր, այդ մեղքը նրանց մի՛ վերագրիր»։ Եվ այս ասելով՝ մահացավ։

Արդեն Ընտրված.

Գործք Առաքելոց 7: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք