Եվ քահանայապետն ասաց. «Արդյոք այդ բաներն այդպե՞ս են»։ Նա ասաց. «Եղբայրնե՛ր ու հայրե՛ր, լսե՛ք. փառքի Աստվածը երևաց մեր հայր Աբրահամին՝ Միջագետքում եղած ժամանակ, մինչև Խառանում նրա բնակություն հաստատելը, և նրան ասաց. "Դո՛ւրս ել քո երկրից ու քո ազգատոհմից և արի՛ այն երկիրը, որ ես ցույց կտամ քեզ" ։ Այդ ժամանակ նա դուրս եկավ քաղդեացիների երկրից, բնակվեց Խառանում։ Այնտեղից էլ նրա հոր մահվանից հետո նրան փոխադրեց այս երկիրը, որտեղ հիմա դուք բնակվում եք։ Եվ այստեղ նրան ժառանգություն չտվեց, ոչ էլ անգամ մի ոտնաչափ հող, բայց նրան խոստացավ տալ այս տիրույթը, իսկ նրանից հետո՝ նրա սերնդին, չնայած որ Աբրահամը դեռ որդի չուներ։ Եվ Աստված այսպես խոսեց. "Նրա սերունդն օտար երկրում պանդուխտ պիտի լինի, նրան ծառա պիտի դարձնեն և չորս հարյուր տարի պիտի չարչարեն։ Եվ այն ազգին, որին ծառա պիտի լինեն, ես պիտի դատեմ ,- ասաց Աստված,- և դրանից հետո պիտի ելնեն և ինձ պիտի պաշտեն այս տեղում" ։ Եվ նրան թլփատության ուխտը տվեց։ Ապա նա Իսահակին ծնեց և ութերորդ օրը նրան թլփատեց, և Իսահակը՝ Հակոբին, իսկ Հակոբը՝ տասներկու նահապետներին։
Նահապետները, Հովսեփին նախանձելով, նրան Եգիպտոս վաճառեցին, բայց Աստված նրա հետ էր և նրան իր բոլոր նեղություններից ազատեց, Եգիպտոսի փարավոնի առաջ նրան շնորհ ու իմաստություն տվեց և նրան Եգիպտոսի ու իր ամբողջ տան վրա իշխան կարգեց։ Ամբողջ Եգիպտոսի և Քանանի վրա սով ու մեծ նեղություն վրա հասավ, և մեր հայրերն ուտելիք չէին գտնում։ Հակոբը, լսելով, որ Եգիպտոսում ցորեն կա, մեր հայրերին առաջին անգամ այնտեղ ուղարկեց։ Իսկ երկրորդ անգամ Հովսեփն իրեն ճանաչել տվեց իր եղբայրներին, և Հովսեփի ազգը փարավոնին հայտնի դարձավ։ Հովսեփը մարդ ուղարկեց, կանչել տվեց իր հայր Հակոբին և ամբողջ ազգատոհմին՝ յոթանասունհինգ հոգի։ Հակոբը Եգիպտոս իջավ, որտեղ վախճանվեցին ինքը և մեր հայրերը։ Նրանց մարմինները փոխադրվեցին Սյուքեմ և դրվեցին այն գերեզմանում, որ Աբրահամը արծաթով գնել էր Սյուքեմում Եմովրի որդիներից։
Երբ մոտեցավ Աբրահամին Աստծու տված խոստման իրականացման ժամանակը, Եգիպտոսում ժողովուրդն աճեց ու բազմացավ, մինչև որ Եգիպտոսում ելավ մի ուրիշ թագավոր, որը Հովսեփին չէր ճանաչում։ Նա մեր ազգի դեմ հնարքներ գործադրեց, մեր հայրերին չարչարեց՝ նրանց երեխաներին դուրս նետելով, որպեսզի չապրեն։ Այդ ժամանակ ծնվեց Մովսեսը, որն Աստծու առաջ վայելուչ էր և որն իր հոր տանը երեք ամիս մեծացավ։ Եվ երբ նրան դուրս նետեցին, փարավոնի աղջիկը նրան վերցրեց, իբրև իր որդու մեծացրեց նրան։ Մովսեսը կրթվեց եգիպտացիների ողջ իմաստությամբ և զորավոր էր իր խոսքերով ու գործերով։ Երբ նրա քառասուն տարին լրացավ, նա միտք հղացավ իր եղբայրների՝ իսրայելացիների մեջ շրջելու։ Եվ անիրավված մեկին տեսնելով ու տուժածի վրեժը լուծելով՝ սպանեց եգիպտացուն։ Նա կարծում էր, թե իր եղբայրները կհասկանան, որ Աստված իր ձեռքով նրանց փրկություն է տալու. բայց նրանք չհասկացան։ Հաջորդ օրը տեսավ նրանց միմյանց հետ կռվելիս և նրանց հաշտեցնելով՝ ասաց. "Մարդի՛կ, դուք եղբայրներ եք, ինչո՞ւ եք միմյանց նեղացնում"։ Սակայն նա, ով ընկերոջը նեղացնում էր, նրան առարկեց ու ասաց. "Քեզ ո՞վ մեզ վրա իշխան ու դատավոր կարգեց։ Մի՞թե դու ուզում ես ինձ էլ սպանել, ինչպես որ երեկ եգիպտացուն սպանեցիր"։ Մովսեսն այս խոսքի վրա փախավ ու Մադիամի երկրում պանդուխտ դարձավ, որտեղ երկու որդի ունեցավ։
Երբ քառասուն տարին լրացավ, Սինա լեռան անապատում Տիրոջ հրեշտակը երևաց նրան մորենու կրակի բոցի մեջ։ Այդ տեսնելով՝ Մովսեսը զարմացավ տեսիլքի վրա։ Եվ երբ մոտենում էր նայելու, Տիրոջ ձայնը լսվեց. "Ես եմ քո հայրերի Աստվածը, Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը"։ Եվ Մովսեսը, զարհուրելով, չէր համարձակվում նայել։ Տերը նրան ասաց. "Հանի՛ր ոտքերիդ կոշիկները, որովհետև այդ տեղը, որտեղ դու կանգնած ես, սուրբ հող է։ Ես տեսա Եգիպտոսում իմ ժողովրդի չարչարանքները, լսեցի նրա հառաչանքը և իջա, որ նրան փրկեմ։ Այժմ արի՛, ես քեզ պիտի ուղարկեմ Եգիպտոս"։ Այն Մովսեսին, որին մերժեցին և ասացին. "Ո՞վ քեզ իշխան ու դատավոր կարգեց մեզ վրա", Աստված նրան որպես իշխան ու փրկիչ ուղարկեց հրեշտակի միջոցով, որ Մովսեսին երևաց մորենու միջից։ Նա՛ դուրս հանեց նրանց և հրաշքներ ու նշաններ կատարեց Եգիպտոսի երկրում, Կարմիր ծովում և քառասուն տարի՝ անապատում։ Այս Մովսեսն է, որ Իսրայելի որդիներին ասաց. "Աստված ձեր եղբայրների միջից ձեզ համար ինձ նման մի մարգարե պիտի հանի. նրա՛ն լսեք"։ Նա՛ է, որ երբ ժողովուրդն անապատում էր, Սինա լեռան վրա խոսեց հրեշտակի և մեր հայրերի հետ. նա՛ ստացավ կյանքի պատգամները, որպեսզի մեզ տա։ Մեր հայրերը չցանկացան նրան հնազանդ լինել, այլ մերժեցին ու մտքով դեպի Եգիպտոս դարձան։ Եվ Ահարոնին ասացին. "Մեզ համար աստվածնե՛ր կերտիր, որոնք կառաջնորդեն մեզ, որովհետև այդ Մովսեսը, որ Եգիպտոսի երկրից մեզ հանեց, չգիտենք՝ նրան ի՛նչ պատահեց"։ Եվ այդ օրերին մի հորթ ձուլեցին ու կուռքին զոհ մատուցեցին՝ ուրախանալով իրենց ձեռքի գործերով։ Աստված երես դարձրեց ու թողեց նրանց, որ երկնքի զորություններին պաշտեն, ինչպես որ մարգարեների գրքում է գրված.
"Մի՞թե անապատում քառասուն տարի
ինձ զոհեր ու ընծաներ մատուցեցիք, ո՛վ Իսրայելի տուն։
Դուք կրեցիք Մողոքի վրանը,
ձեր Հռեմփա աստծու աստղը
և այն կուռքերը , որ շինեցիք նրանց երկրպագելու համար։
Արդ ես ձեզ պիտի փոխադրեմ Բաբելոնից այն կողմ" ։
Վկայության խորանը մեր հայրերի հետ անապատում էր. Մովսեսի հետ խոսողը հրամայել էր այն կառուցել ըստ այն օրինակի, որ Մովսեսը տեսել էր։ Հաջորդ սերնդի մեր հայրերը Հեսուի հետ այն բերեցին այն ազգերի երկիրը, որոնց Աստված վտարել էր մեր հայրերի առաջից մինչև Դավթի օրերը։ Նա Աստծու առաջ շնորհ գտավ ու խնդրեց Հակոբի Աստծու համար բնակարան հիմնել։ Բայց Սողոմոնը նրա համար տուն շինեց։ Սակայն Բարձրյալը ձեռակերտ տաճարներում չի բնակվում, ինչպես մարգարեն է ասում.
"Երկինքն իմ աթոռն է,
երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը։
Ինչպիսի՞ տուն պիտի շինեիք ինձ համար,- ասում է Տերը,-
կամ ո՞րն է հանգիստ առնելու իմ տեղը.
չէ՞ որ իմ ձեռքն է այս ամենը ստեղծել" ։
Համառնե՛ր և սրտերով ու ականջներով անթլփատնե՛ր, դուք միշտ ընդդիմանում եք Սուրբ Հոգուն. ինչպես ձեր հայրերն էին, այնպես էլ դուք եք։ Ձեր հայրերը մարգարեներից որի՞ն չհալածեցին. սպանեցին նրանց, ովքեր կանխավ հայտնեցին Արդարի գալստյան մասին, որի մատնիչներն ու սպանողները հիմա դուք եղաք. դուք, որ օրենքն ստացաք հրեշտակների պատվերով, բայց այն չպահեցիք»։
Նրանք, այս խոսքերը լսելով, իրենց սրտերում զայրանում էին ու նրա վրա կրճտացնում ատամները։ Իսկ նա, Սուրբ Հոգով լցված, դեպի երկինք նայեց ու տեսավ Աստծու փառքը և Հիսուսին՝ Աստծու աջ կողմում կանգնած։ Եվ ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացված ու Մարդու Որդուն՝ Աստծու աջ կողմում կանգնած»։ Իսկ նրանք, բարձրաձայն աղաղակելով, փակեցին իրենց ականջները և բոլորը միասին հարձակվեցին նրա վրա։ Եվ նրան քաղաքից դուրս հանելով՝ քարկոծում էին. վկաներն իրենց զգեստները դնում էին մի երիտասարդի ոտքերի առաջ, որ Սողոս էր կոչվում։ Մինչ Ստեփանոսին քարկոծում էին, նա խոսքն ուղղեց Հիսուսին՝ ասելով. «Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ հոգին»։ Ապա ծնկի եկավ ու բարձր ձայնով աղաղակեց. «Տե՛ր, այդ մեղքը նրանց մի՛ վերագրիր»։ Եվ այս ասելով՝ մահացավ։