Գործք Առաքելոց 7:1-22

Գործք Առաքելոց 7:1-22 ՆՎԱԱ

Եվ քահանայապետն ասաց. «Արդյոք այդ բաներն այդպե՞ս են»։ Նա ասաց. «Եղբայրնե՛ր ու հայրե՛ր, լսե՛ք. փառքի Աստվածը երևաց մեր հայր Աբրահամին՝ Միջագետքում եղած ժամանակ, մինչև Խառանում նրա բնակություն հաստատելը, և նրան ասաց. "Դո՛ւրս ել քո երկրից ու քո ազգատոհմից և արի՛ այն երկիրը, որ ես ցույց կտամ քեզ" ։ Այդ ժամանակ նա դուրս եկավ քաղդեացիների երկրից, բնակվեց Խառանում։ Այնտեղից էլ նրա հոր մահվանից հետո նրան փոխադրեց այս երկիրը, որտեղ հիմա դուք բնակվում եք։ Եվ այստեղ նրան ժառանգություն չտվեց, ոչ էլ անգամ մի ոտնաչափ հող, բայց նրան խոստացավ տալ այս տիրույթը, իսկ նրանից հետո՝ նրա սերնդին, չնայած որ Աբրահամը դեռ որդի չուներ։ Եվ Աստված այսպես խոսեց. "Նրա սերունդն օտար երկրում պանդուխտ պիտի լինի, նրան ծառա պիտի դարձնեն և չորս հարյուր տարի պիտի չարչարեն։ Եվ այն ազգին, որին ծառա պիտի լինեն, ես պիտի դատեմ ,- ասաց Աստված,- և դրանից հետո պիտի ելնեն և ինձ պիտի պաշտեն այս տեղում" ։ Եվ նրան թլփատության ուխտը տվեց։ Ապա նա Իսահակին ծնեց և ութերորդ օրը նրան թլփատեց, և Իսահակը՝ Հակոբին, իսկ Հակոբը՝ տասներկու նահապետներին։ Նահապետները, Հովսեփին նախանձելով, նրան Եգիպտոս վաճառեցին, բայց Աստված նրա հետ էր և նրան իր բոլոր նեղություններից ազատեց, Եգիպտոսի փարավոնի առաջ նրան շնորհ ու իմաստություն տվեց և նրան Եգիպտոսի ու իր ամբողջ տան վրա իշխան կարգեց։ Ամբողջ Եգիպտոսի և Քանանի վրա սով ու մեծ նեղություն վրա հասավ, և մեր հայրերն ուտելիք չէին գտնում։ Հակոբը, լսելով, որ Եգիպտոսում ցորեն կա, մեր հայրերին առաջին անգամ այնտեղ ուղարկեց։ Իսկ երկրորդ անգամ Հովսեփն իրեն ճանաչել տվեց իր եղբայրներին, և Հովսեփի ազգը փարավոնին հայտնի դարձավ։ Հովսեփը մարդ ուղարկեց, կանչել տվեց իր հայր Հակոբին և ամբողջ ազգատոհմին՝ յոթանասունհինգ հոգի։ Հակոբը Եգիպտոս իջավ, որտեղ վախճանվեցին ինքը և մեր հայրերը։ Նրանց մարմինները փոխադրվեցին Սյուքեմ և դրվեցին այն գերեզմանում, որ Աբրահամը արծաթով գնել էր Սյուքեմում Եմովրի որդիներից։ Երբ մոտեցավ Աբրահամին Աստծու տված խոստման իրականացման ժամանակը, Եգիպտոսում ժողովուրդն աճեց ու բազմացավ, մինչև որ Եգիպտոսում ելավ մի ուրիշ թագավոր, որը Հովսեփին չէր ճանաչում։ Նա մեր ազգի դեմ հնարքներ գործադրեց, մեր հայրերին չարչարեց՝ նրանց երեխաներին դուրս նետելով, որպեսզի չապրեն։ Այդ ժամանակ ծնվեց Մովսեսը, որն Աստծու առաջ վայելուչ էր և որն իր հոր տանը երեք ամիս մեծացավ։ Եվ երբ նրան դուրս նետեցին, փարավոնի աղջիկը նրան վերցրեց, իբրև իր որդու մեծացրեց նրան։ Մովսեսը կրթվեց եգիպտացիների ողջ իմաստությամբ և զորավոր էր իր խոսքերով ու գործերով։