Գործք Առաքելոց 3:1-26

Գործք Առաքելոց 3:1-26 ՆՎԱԱ

Պետրոսն ու Հովհաննեսը բարձրանում էին տաճար՝ իններորդ ժամի աղոթքի համար։ Ի ծնե կաղ մի մարդ կար, որին ամեն օր բերում էին տաճարի դռան մոտ, որ «Գեղեցիկ» էր կոչվում, որպեսզի նա տաճար մտնողներից ողորմություն խնդրեր։ Երբ նա տեսավ Պետրոսին ու Հովհաննեսին տաճար մտնելիս, ողորմություն խնդրեց նրանցից։ Պետրոսը Հովհաննեսի հետ նայեց նրան ու ասաց. «Մե՛զ նայիր»։ Նա հայացքը նրանց վրա սևեռեց՝ ինչ-որ բան նրանցից վերցնելու ակնկալիքով։ Պետրոսն ասաց. «Արծաթ ու ոսկի չունեմ, բայց ինչ ունեմ, քեզ կտամ։ Հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի վե՛ր կաց և քայլի՛ր»։ Եվ նա, բռնելով նրա աջ ձեռքից, նրան ոտքի կանգնեցրեց, և նրա սրունքներն ու ազդրերն իսկույն ամրացան։ Նա ցատկելով ոտքի կանգնեց ու քայլեց և նրանց հետ տաճար մտավ՝ քայլելով, ցատկելով ու Աստծուն օրհնելով։ Ամբողջ ժողովուրդը տեսավ նրան, որ քայլում էր և օրհնում Աստծուն։ Եվ ճանաչում էին նրան, որ ողորմության համար նստում էր տաճարի «Գեղեցիկ» դռան մոտ։ Եվ պատահածի համար լցվեցին երկյուղով ու զարմանքով։ Մինչ նա Պետրոսին ու Հովհաննեսին բաց չէր թողնում, ամբողջ ժողովուրդը երկյուղած վազեց նրանց մոտ՝ այն սրահը, որ «Սողոմոնի սրահ» էր կոչվում։ Երբ Պետրոսը տեսավ, ժողովրդին ասաց. «Ո՛վ իսրայելացիներ, ինչո՞ւ եք սրա վրա զարմացել կամ ինչո՞ւ եք ապշած մեզ վրա նայում, կարծես թե մենք մեր զորությամբ կամ բարեպաշտությամբ ենք նրան քայլել տվել։ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը՝ մեր հայրերի Աստվածը, փառավորեց իր Որդի Հիսուսին, որին դուք մատնեցիք ու Պիղատոսի առաջ ուրացաք, երբ նա վճռեց ազատ արձակել նրան։ Դուք Սրբին ու Արդարին մերժեցիք և խնդրեցիք, որ ձեզ մի մարդասպանի շնորհի։ Սպանեցիք կյանքի Առաջնորդին, որին Աստված մեռելներից հարություն տվեց, և մենք այդ բանին վկա եղանք։ Հիսուսի անվան հանդեպ հավատը ոտքի կանգնեցրեց սրան, որին դուք տեսնում և ճանաչում եք, և նրանով հավատը ձեր բոլորի առաջ սրան այս առողջությունը տվեց։ Եվ այժմ, եղբայրնե՛ր, գիտեմ, որ ինչպես դուք, այնպես էլ ձեր իշխանավորները անգիտությամբ արեցին։ Բայց Աստված ինչ որ իր բոլոր մարգարեների բերանով նախապես հայտնել էր Քրիստոսի չարչարվելու մասին, այնպես էլ կատարեց։ Արդ ապաշխարե՛ք ու դարձի՛ եկեք, որպեսզի ձեր մեղքերը ջնջվեն, որպեսզի Տիրոջից հանգստյան ժամանակները գան, և նա ուղարկի վաղօրոք ձեզ համար քարոզված Հիսուս Քրիստոսին. նա պետք է մնա երկնքում այնքան ժամանակ, մինչև իրականանա այն ամենը, ինչի մասին Աստված դարեր առաջ խոսեց իր սուրբ մարգարեների բերանով։ Նախ Մովսեսն է ասել. "Ձեր Տերը՝ Աստվածը, ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարե պիտի հանի. նրան պիտի լսեք ամեն ինչում, ինչ էլ ձեզ ասի։ Եվ ամեն մարդ, ով այդ մարգարեին չլսի, ժողովրդի միջից պիտի բնաջնջվի" ։ Սկսած Սամուելից՝ նրան հաջորդած բոլոր մարգարեները կանխասացին այս օրերի մասին։ Դուք եք որդիները մարգարեների և այն ուխտի, որ Աստված մեր հայրերի հետ հաստատեց և Աբրահամին ասաց. "Եվ քո սերնդով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը" ։ Աստված նախ ձեզ համար հարություն տվեց իր Որդի Հիսուսին և ուղարկեց նրան ձեզ օրհնելու՝ յուրաքանչյուրիդ իր չար գործերից հետ դարձնելով»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում