Գործք Առաքելոց 3
3
Ի ծնե կաղի բժշկումը
1Պետրոսն ու Հովհաննեսը բարձրանում էին տաճար՝ իններորդ#3.1 Ցերեկվա ժամը երեքը։ ժամի աղոթքի համար։ 2Ի ծնե կաղ մի մարդ կար, որին ամեն օր բերում էին տաճարի դռան մոտ, որ «Գեղեցիկ» էր կոչվում, որպեսզի նա տաճար մտնողներից ողորմություն խնդրեր։ 3Երբ նա տեսավ Պետրոսին ու Հովհաննեսին տաճար մտնելիս, ողորմություն խնդրեց նրանցից։ 4Պետրոսը Հովհաննեսի հետ նայեց նրան ու ասաց. «Մե՛զ նայիր»։ 5Նա հայացքը նրանց վրա սևեռեց՝ ինչ-որ բան նրանցից վերցնելու ակնկալիքով։ 6Պետրոսն ասաց. «Արծաթ ու ոսկի չունեմ, բայց ինչ ունեմ, քեզ կտամ։ Հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի վե՛ր կաց և քայլի՛ր»։ 7Եվ նա, բռնելով նրա աջ ձեռքից, նրան ոտքի կանգնեցրեց, և նրա սրունքներն ու ազդրերն իսկույն ամրացան։ 8Նա ցատկելով ոտքի կանգնեց ու քայլեց և նրանց հետ տաճար մտավ՝ քայլելով, ցատկելով ու Աստծուն օրհնելով։ 9Ամբողջ ժողովուրդը տեսավ նրան, որ քայլում էր և օրհնում Աստծուն։ 10Եվ ճանաչում էին նրան, որ ողորմության համար նստում էր տաճարի «Գեղեցիկ» դռան մոտ։ Եվ պատահածի համար լցվեցին երկյուղով ու զարմանքով։
Պետրոսի ճառը տաճարի Սողոմոնի սրահում
11Մինչ նա Պետրոսին ու Հովհաննեսին բաց չէր թողնում, ամբողջ ժողովուրդը երկյուղած վազեց նրանց մոտ՝ այն սրահը, որ «Սողոմոնի սրահ» էր կոչվում։ 12Երբ Պետրոսը տեսավ, ժողովրդին ասաց. «Ո՛վ իսրայելացիներ, ինչո՞ւ եք սրա վրա զարմացել կամ ինչո՞ւ եք ապշած մեզ վրա նայում, կարծես թե մենք մեր զորությամբ կամ բարեպաշտությամբ ենք նրան քայլել տվել։ 13Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը՝ մեր հայրերի Աստվածը, փառավորեց իր Որդի Հիսուսին, որին դուք մատնեցիք ու Պիղատոսի առաջ ուրացաք, երբ նա վճռեց ազատ արձակել նրան։ 14Դուք Սրբին ու Արդարին մերժեցիք և խնդրեցիք, որ ձեզ մի մարդասպանի շնորհի։ 15Սպանեցիք կյանքի Առաջնորդին, որին Աստված մեռելներից հարություն տվեց, և մենք այդ բանին վկա եղանք։ 16Հիսուսի անվան հանդեպ հավատը ոտքի կանգնեցրեց սրան, որին դուք տեսնում և ճանաչում եք, և նրանով հավատը ձեր բոլորի առաջ սրան այս առողջությունը տվեց։ 17Եվ այժմ, եղբայրնե՛ր, գիտեմ, որ ինչպես դուք, այնպես էլ ձեր իշխանավորները անգիտությամբ արեցին։ 18Բայց Աստված ինչ որ իր բոլոր մարգարեների բերանով նախապես հայտնել էր Քրիստոսի չարչարվելու մասին, այնպես էլ կատարեց։ 19Արդ ապաշխարե՛ք ու դարձի՛ եկեք, 20որպեսզի ձեր մեղքերը ջնջվեն, որպեսզի Տիրոջից հանգստյան ժամանակները գան, և նա ուղարկի վաղօրոք ձեզ համար քարոզված#3.20 Ուրիշներն ավելացնում են ձեզ համար նախասահմանված։ Հիսուս Քրիստոսին. 21նա պետք է մնա երկնքում այնքան ժամանակ, մինչև իրականանա այն ամենը, ինչի մասին Աստված դարեր առաջ խոսեց իր սուրբ մարգարեների բերանով։ 22Նախ Մովսեսն է ասել. "Ձեր Տերը՝ Աստվածը, ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարե պիտի հանի. նրան պիտի լսեք ամեն ինչում, ինչ էլ ձեզ ասի։ 23Եվ ամեն մարդ, ով այդ մարգարեին չլսի, ժողովրդի միջից պիտի բնաջնջվի" (Բ Օր. 18.15-19)։ 24Սկսած Սամուելից՝ նրան հաջորդած բոլոր մարգարեները կանխասացին այս օրերի մասին։ 25Դուք եք որդիները մարգարեների և այն ուխտի, որ Աստված մեր հայրերի հետ հաստատեց և Աբրահամին ասաց. "Եվ քո սերնդով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը" (Ծնն. 22.18)։ 26Աստված նախ ձեզ համար հարություն տվեց իր Որդի Հիսուսին#3.26 Ոմանք Որդի Հիսուսին-ի փոխարեն ունեն իր ծառային։ և ուղարկեց նրան ձեզ օրհնելու՝ յուրաքանչյուրիդ իր չար գործերից հետ դարձնելով»։
Արդեն Ընտրված.
Գործք Առաքելոց 3: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018