Գործք Առաքելոց 23

23
1Պողոսը հայացքն ուղղեց ատյանին ու ասաց. «Եղբայրնե՛ր, ես մինչև այսօր Աստծու առաջ ապրել եմ ամենայն ուղղամտությամբ»։ 2Անանիա քահանայապետը մոտը կանգնածներին հրամայեց, որ խփեն նրա բերանին։ 3Այդ ժամանակ Պողոսն ասաց նրան. «Աստված պիտի խփի քեզ, սպիտակեցրա՛ծ պատ#23.3 Կեղծավոր։. դու նստել ես ինձ օրենքի համաձայն դատելու և օրենքը խախտելով՝ հրամայում ես, որ ինձ խփե՞ն»։ 4Եվ ներկա գտնվողներն ասացին. «Աստծու քահանայապետի՞ն ես նախատում»։ 5Պողոսն ասաց. «Եղբայրնե՛ր, ես չգիտեի, որ քահանայապետ է, որովհետև գրված է. "Քո ժողովրդի իշխանին չչարախոսես" (Ելք 22.28)»։
6Երբ Պողոսն իմացավ, որ ատյանում մի մասը սադուկեցիներն են, իսկ մյուս մասը՝ փարիսեցիները, բացականչեց. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ ու փարիսեցու որդի. ահա դատվում եմ նաև մեռելների հարության հույսի համար»։ 7Երբ նա այս ասաց, փարիսեցիների ու սադուկեցիների միջև երկպառակություն ծագեց, և բազմությունը պառակտվեց։ 8Որովհետև սադուկեցիներն ասում են, որ հարություն չկա. ո՛չ հրեշտակ կա, ո՛չ էլ հոգի, իսկ փարիսեցիները հավատում են երկուսին էլ։ 9Եվ մեծ աղմուկ եղավ. փարիսեցիների կողմից որոշ դպիրներ վեր կացան և հակառակվելով՝ ասացին. «Այս մարդու մեջ ոչ մի չարություն չենք գտնում. թերևս նրա հետ հոգի կամ մի հրեշտակ խոսեց»։ 10Խռովությունն այնքան թեժացավ, որ հազարապետը, վախենալով, որ գուցե Պողոսը նրանց կողմից պատառ-պատառ արվի, զինվորներին հրամայեց իջնել, նրանց միջից Պողոսին վերցնել ու բերդ տանել։
11Հաջորդ գիշեր Տերը կանգնեց նրա մոտ ու ասաց. «Քաջալերվի՛ր, Պողո՛ս, որովհետև ինչպես ինձ համար Երուսաղեմում վկայեցիր, այնպես էլ Հռոմում պետք է վկայես»։
Հրեաների դավադրությունը Պողոսի կյանքի դեմ
12Երբ լուսացավ, հրեաներից ոմանք, հավաքվելով, երդվեցին, որ մինչև Պողոսին չսպանեն, ո՛չ ուտեն և ո՛չ էլ խմեն։ 13Միմյանց հետ այս երդումն անողները քառասունից ավելի էին։ 14Նրանք մոտեցան քահանայապետներին ու ծերերին և ասացին. «Մենք երդում արեցինք ոչինչ չուտելու, մինչև Պողոսին չսպանենք։ 15Այժմ դուք հազարապետին ատյանի հետ միասին հայտնե՛ք, որ վաղը նրան ձեզ մոտ իջեցնի, իբր թե ուզում եք նրա մասին ավելի ստույգ բաներ իմանալ. իսկ մենք նախքան նրա մոտենալը պատրաստ ենք նրան վերացնելու»։ 16Երբ Պողոսի քրոջ որդին նրանց այս դավադրությունը լսեց, մտավ բերդ ու պատմեց Պողոսին։ 17Պողոսը հարյուրապետներից մեկին իր մոտ կանչեց ու ասաց. «Այս պատանուն հազարապետի մո՛տ տար, որովհետև նրան հայտնելու բան ունի»։ 18Եվ նա, պատանուն վերցնելով, հազարապետի մոտ տարավ ու ասաց. «Բանտարկյալ Պողոսն ինձ կանչեց՝ խնդրելով, որ այս պատանուն քեզ մոտ բերեմ. քեզ ասելու բան ունի»։ 19Հազարապետը, նրա ձեռքից բռնելով, մի կողմ գնաց ու առանձին հարցրեց. «Ի՞նչ ունես ինձ հայտնելու»։ 20Նա ասաց. «Հրեաները պայմանավորվեցին քեզ խնդրելու, որ վաղը Պողոսին ատյան իջեցնես, իբր թե ուզում են նրա մասին ավելի մանրամասն քննություն կատարել։ 21Արդ դու նրանց մի՛ լսիր, որովհետև նրանցից ավելի քան քառասուն մարդ դավ են նյութել նրա դեմ ու երդվել, որ ո՛չ ուտեն և ո՛չ էլ խմեն, մինչև չսպանեն Պողոսին։ Այժմ պատրաստ՝ քո հրամանին են սպասում»։ 22Ապա հազարապետն արձակեց պատանուն՝ պատվիրելով. «Ոչ ոքի չասես, որ այս բաների մասին ինձ հայտնել ես»։
Պողոսը տարվում է Կեսարիա
23Նա կանչեց հարյուրապետներից երկուսին ու ասաց. «Երկու հարյուր զինվոր, յոթանասուն հեծյալ և երկու հարյուր նիզակավո՛ր պատրաստեք, որ գիշերվա երրորդ ժամին գնան Կեսարիա։ 24Պատրաստե՛ք նաև գրաստներ, որ Պողոսին նստեցնեն և ապահով հասցնեն Փելիքս կուսակալի մոտ»։ 25Գրեց նաև մի նամակ, որի բովանդակությունն այս էր. 26«Կլավդիոս Լյուսիասից Ձերդ գերազանցություն Փելիքս կուսակալին ողջո՜ւյն։ 27Այս մարդուն, որին հրեաները բռնել էին, և նրանց կողմից սպանվելու մոտ էր, զինվորներով վրա հասա, ազատեցի՝ իմանալով, որ հռոմեացի է։ 28Ցանկանալով իմանալ նրա հանցանքը, որի համար նրան ամբաստանում էին, նրան նրանց ատյան իջեցրի։ 29Նրան իրենց օրենքի մի՛ հարցում ամբաստանված գտա, սակայն մեռնելու կամ բանտարկվելու արժանի ոչ մի հանցանք չուներ։ 30Երբ տեղեկացա, որ հրեաների կողմից այդ մարդու դեմ դավ կա, նրան ուղարկեցի քեզ մոտ և հրամայեցի, որ չարախոսողները նրա մասին քո առաջ խոսեն։ Ո՛ղջ եղիր»։
31Զինվորները, իրենց տրված հրամանի համաձայն Պողոսին վերցնելով, գիշերով տարան Անտիպատրիս։ 32Հաջորդ օրը հեծյալներին թողեցին, որ նրա հետ գնան, իսկ իրենք բերդ վերադարձան։ 33Նրանք մտան Կեսարիա, նամակը հանձնեցին կուսակալին, իսկ Պողոսին կանգնեցրին նրա առաջ։ 34Երբ կուսակալը կարդաց, հարցրեց, թե ո՛ր նահանգից է, և երբ տեղեկացավ, որ Կիլիկիայից է, 35ասաց. «Քեզ կլսեմ, երբ քեզ ամբաստանողներն էլ ներկա գտնվեն»։ Եվ հրամայեց, որ նրան Հերովդեսի պալատում պահեն։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք