Գործք Առաքելոց 24
24
Դատ Պողոսի դեմ
1Հինգ օր հետո Անանիա քահանայապետը մի քանի ծերերի և Տերտյուղոս անունով մի ճարտասանի հետ եկավ։ Կուսակալին հաղորդեցին Պողոսի մասին։ 2Նրան կանչելուց հետո Տերտյուղոսն սկսեց ամբաստանել և ասել. «Քանի որ քո շնորհիվ մեծ խաղաղություն ենք գտել, և քո հոգածությամբ այս ազգի մեջ շատ բաներ են կարգավորվել, 3ամեն բանի համար և ամենուրեք քեզնից շնորհակալ ենք և մեծապես երախտապարտ, ո՛վ պատվական Փելիքս։ 4Բայց որպեսզի քեզ ավելորդ նեղություն չպատճառեմ, խնդրում եմ, որ քո համբերատարությամբ լսես մեր հակիրճ խոսքը։ 5Մենք գտանք, որ այս մարդը ամբողջ աշխարհում գտնվող բոլոր հրեաներին ապականողն ու խռովեցնողն է և նազովրեցիների աղանդի առաջնորդը։ 6Նա փորձեց նույնիսկ տաճարը պղծել, և նրան բռնեցինք։ #24.6 24.7 համարը հին հունարենում պակասում է։ 8Դու ինքդ էլ կարող ես նրան վերաքննելով տեղեկանալ այն բոլոր բաների մասին, որոնց համար նրան ամբաստանում ենք»։ 9Հրեաներն էլ հավանություն տվեցին և ասացին. «Այդպես է»։
Պողոսի ինքնապաշտպանությունն ատյանի առաջ
10Երբ կուսակալը նրան նշան արեց, որ խոսի, Պողոսը պատասխանեց. «Գիտեմ, որ դու շատ տարիներ ի վեր այս ազգի դատավորն ես, ուստի հոժարությամբ եմ իմ մասին պատասխան տալիս։ 11Դու կարող ես իմանալ, որ տասներկու օրից ավելի չէ, ինչ ես բարձրացել եմ Երուսաղեմ՝ երկրպագություն անելու։ 12Ինձ ո՛չ տաճարում են որևէ մարդու հետ խոսելիս կամ շուրջս ամբոխ հավաքելիս գտել, ո՛չ ժողովարաններում, ո՛չ էլ քաղաքում։ 13Եվ ոչ էլ կարող են քեզ ապացուցել այն, ինչի համար ինձ այժմ ամբաստանում են։ 14Բայց սա եմ քեզ խոստովանում, որ համաձայն ա՛յն ճանապարհի, որին "հերձված" են կոչում, այդպե՛ս եմ պաշտում մեր հայրերի Աստծուն՝ հավատալով այն ամենին, ինչ գրված է օրենքում և մարգարեների մեջ։ 15Հույս ունեմ առ Աստված, ինչպես որ նրանք են ակնկալում, որ արդարների և մեղավորների հարություն է լինելու։ 16Դրա համար ինքս միշտ ջանք եմ թափում, որ Աստծու և մարդկանց առաջ մաքուր խիղճ ունենամ։ 17Արդ բազում տարիներ հետո եկա, որ իմ ազգին ողորմություն տամ ու ընծաներ մատուցեմ։ 18Մինչ դրանցով էի զբաղված, ինձ գտան տաճարում մաքրվելիս՝ ո՛չ ամբոխի հետ և ո՛չ էլ խռովության մեջ։ 19Ասիայի հրեաներից ոմանք պետք է քո առաջ գային ու ամբաստանեին, եթե իմ դեմ մի բան ունեին։ 20Կամ հենց սրանք թող ասեն, թե ի՛նչ անիրավություն գտան իմ մեջ, մինչ ատյանի առաջ կանգնած էի, 21բացի այն մի խոսքից, որ նրանց մեջ կանգնած աղաղակեցի. "Մեռելների հարություն առնելու համար եմ ես այսօր դատվում ձեր կողմից"»։
Պողոսը կալանքի տակ
22Փելիքսը, ավելի ստույգ իմանալով այս ուղղության մասին, հետաձգեց գործը և ասաց. «Ձեր վերաբերյալ գործը կքննվի, երբ Լյուսիաս հազարապետն իջնի»։ 23Նա հրամայեց հարյուրապետին Պողոսին պահել, բայց ազատություն տալ և նրա յուրայիններից ոչ մեկին չարգելել նրան ծառայելու։
24Մի քանի օր հետո Փելիքսը եկավ իր կնոջ՝ Դրուսիլայի հետ, որը հրեա էր։ Կանչեց Պողոսին ու նրանից լսեց Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի մասին։ 25Մինչ Պողոսը արդարության, ժուժկալության և գալիք դատաստանի մասին էր խոսում, Փելիքսը զարհուրելով ասաց. «Դու առայժմ գնա՛, երբ ժամանակ լինի, քեզ կկանչեմ»։ 26Միևնույն ժամանակ նա ակնկալում էր, որ Պողոսն իրեն դրամ կտա, և դրա համար հաճախ էր կանչում նրան ու հետը զրուցում։
27Երկու տարին լրանալուց հետո Փելիքսին հաջորդեց Պորկիոս Փեստոսը։ Փելիքսը, ցանկանալով հրեաներին շնորհ անել, Պողոսին կալանքի տակ թողեց։
Արդեն Ընտրված.
Գործք Առաքելոց 24: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018