Գործք Առաքելոց 20:17-36

Գործք Առաքելոց 20:17-36 ՆՎԱԱ

Միլետոսից մարդ ուղարկելով Եփեսոս՝ կանչեց եկեղեցու երեցներին։ Երբ Պողոսի մոտ եկան, նրանց ասաց. «Դուք գիտեք, թե առաջին օրից ի վեր, երբ Ասիա եկա, այդ ամբողջ ժամանակ ինչպե՛ս ձեզ հետ ապրեցի՝ ծառայելով Տիրոջը ամենայն խոնարհությամբ, արտասուքով ու փորձություններով, որ հրեաների նենգությունների պատճառով պատահեցին ինձ։ Ես բնավ չհրաժարվեցի ձեզ պատմել այն, ինչ օգտակար է, և ձեզ ուսուցանել ինչպես հրապարակավ, այնպես էլ տներում։ Հրեաներին և հեթանոսներին վկայություն տվեցի՝ Աստծու առաջ ապաշխարության և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի։ Այժմ ահա հոգու մղումով գնում եմ Երուսաղեմ ու չգիտեմ, թե այնտեղ ինձ ի՛նչ է պատահելու։ Բայց Սուրբ Հոգին ամեն քաղաքի մեջ վկայում է ինձ ու ասում, որ կապանքներ և նեղություններ են սպասում ինձ։ Բայց ես իմ կյանքը ոչ մի բանով այդքան արժեքավոր չեմ համարում, որքան այն, որ ուրախությամբ կատարեմ իմ ընթացքը և ծառայությունը, որ Տեր Հիսուսից ստանձնել եմ Աստծու շնորհի Ավետարանը վկայելու համար։ Այժմ ահա ես գիտեմ, որ դուք բոլորդ, որոնց մեջ շրջեցի՝ Աստծու արքայությունը քարոզելով, իմ երեսն այլևս չեք տեսնի։ Դրա համար այսօր վկայում եմ ձեր առաջ, որ բոլորիդ արյունից ես մաքուր եմ, որովհետև ես չքաշվեցի ձեզ հաղորդելու Աստծու կամքն ամբողջությամբ։ Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզ համար և ամբողջ հոտի, որի վրա Սուրբ Հոգին վերակացուներ կարգեց ձեզ, որպեսզի հովվեք Աստծու եկեղեցին, որ նա ձեռք բերեց իր արյունով։ Ես գիտեմ, որ իմ հեռանալուց հետո ձեր մեջ հափշտակող գայլեր կգան, որոնք հոտին չեն խնայի։ Իսկ ձեր միջից դուրս կգան մարդիկ, որոնք թյուր բաներ կխոսեն, որպեսզի աշակերտներին իրենց հետևից տանեն։ Դրա համար էլ արթո՛ւն կացեք՝ հիշելով, որ երեք տարի գիշեր-ցերեկ յուրաքանչյուրիդ անդադար խրատեցի արտասուքներով։ Այժմ ձեզ հանձնում եմ Աստծուն ու նրա շնորհի խոսքին, որ կարող է կառուցել և ձեզ ժառանգություն տալ բոլոր սրբացածների հետ։ Ես ձեզանից ոչ ոքի արծաթը կամ ոսկին կամ հագուստը չցանկացա։ Դուք ինքներդ գիտեք, որ այս ձեռքերն իմ կարիքները հոգացին, նաև նրանց կարիքները, ովքեր ինձ հետ էին։ Ամեն բան ձեզ ցույց տվեցի, որ այսպես պետք է աշխատել և հոգ տանել տկարներին ու Տեր Հիսուսի խոսքը հիշել, որ ասաց. "Ավելի երանելի է տալը, քան առնելը"»։ Եվ երբ այս ասաց, բոլորի հետ ծնկի եկավ ու աղոթեց։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում