Գործք Առաքելոց 20
20
Պողոսի ճանապարհորդությունը Մակեդոնիայում և Հունաստանում
1Աղմուկը դադարելուց հետո Պողոսն աշակերտներին կանչեց, քաջալերեց նրանց և հրաժեշտ տալով՝ ելավ Մակեդոնիա գնաց։ 2Այդ կողմերում շրջելով ու նրանց բազում խոսքերով քաջալերելով՝ եկավ Հունաստան, 3որտեղ մնաց երեք ամիս. մինչ պատրաստվում էր Ասորիք նավարկել, հրեաները նրա դեմ դավ նյութեցին, ուստի որոշեց Մակեդոնիայով վերադառնալ։ 4Եվ մինչև Ասիա նրա հետ էին Պյուռոսի որդի Սոպատրոս Բերիացին, թեսաղոնիկեցիներից Արիստարքոսն ու Սեկունդոսը, Գայիոս Դերբացին ու Տիմոթեոսը և ասիացիներ Տյուքիկոսն ու Տրոփիմոսը։ 5Սրանք նախապես էին գնացել և մեզ սպասում էին Տրովադայում։ 6Իսկ մենք Բաղարջակերաց տոնի օրերից հետո նավարկեցինք Փիլիպպեից և հինգ օրից հասանք նրանց մոտ՝ Տրովադա, որտեղ կանգ առանք յոթ օր։
Պողոսը Տրովադայում. Եվտիքոսի հառնումը
7Շաբաթվա առաջին օրը, երբ հավաքվել էինք հաց կտրելու, Պողոսը խոսում էր նրանց հետ, որովհետև հաջորդ օրը գնալու էր, և խոսքը մինչև կեսգիշեր երկարեց։ 8Վերնատանը, որտեղ մենք հավաքվել էինք, բավականաչափ լապտերներ կային։ 9Եվտիքոս անունով մի երիտասարդ նստել էր պատուհանին և խոր քուն մտել։ Մինչ Պողոսը շարունակում էր խոսել, նա, խոր քնով բռնված, տան երրորդ հարկից ցած ընկավ, ու նրան մեռած վերցրին։ 10Պողոսը, իջնելով, նրա վրա ընկավ ու գիրկն առնելով նրան՝ ասաց. «Մի՛ անհանգստացեք, որովհետև հոգին իր մեջ է»։ 11Այնուհետև վեր ելավ, հացը կտրեց ու կերավ և մինչև առավոտ շատ բաներ ևս խոսեց, ապա մեկնեց։ 12Իսկ պատանուն կենդանի բերեցին և մեծապես մխիթարվեցին։
Տրովադայից դեպի Միլետոս
13Իսկ մենք առաջանալով նավ նստեցինք և ուղղվեցինք դեպի Ասոս, որտեղից պետք է վերցնեինք Պողոսին, որովհետև այդպես էր պատվիրել, քանի որ ինքը ցամաքով էր գնալու։ 14Երբ նա Ասոսում մեզ հանդիպեց, նրան վերցրինք և Միտիլենե եկանք։ 15Այդտեղից նավարկելով՝ հաջորդ օրը հասանք Խիոսի դիմացը, մյուս օրը՝ Սամոս, հետևյալ օրը՝ Միլետոս. 16որովհետև Պողոսը որոշել էր Եփեսոսի մոտով նավարկել, որպեսզի Ասիայում ժամանակ չկորցներ, քանի որ շտապում էր, որ եթե հնարավոր լիներ, Պենտեկոստեի օրը Երուսաղեմում լիներ։
Պողոսի հրաժեշտը Եփեսոսի երեցներին
17Միլետոսից մարդ ուղարկելով Եփեսոս՝ կանչեց եկեղեցու երեցներին։ 18Երբ Պողոսի մոտ եկան, նրանց ասաց. «Դուք գիտեք, թե առաջին օրից ի վեր, երբ Ասիա եկա, այդ ամբողջ ժամանակ ինչպե՛ս ձեզ հետ ապրեցի՝ 19ծառայելով Տիրոջը ամենայն խոնարհությամբ, արտասուքով ու փորձություններով, որ հրեաների նենգությունների պատճառով պատահեցին ինձ։ 20Ես բնավ չհրաժարվեցի ձեզ պատմել այն, ինչ օգտակար է, և ձեզ ուսուցանել ինչպես հրապարակավ, այնպես էլ տներում։ 21Հրեաներին և հեթանոսներին վկայություն տվեցի՝ Աստծու առաջ ապաշխարության և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի։ 22Այժմ ահա հոգու մղումով գնում եմ Երուսաղեմ ու չգիտեմ, թե այնտեղ ինձ ի՛նչ է պատահելու։ 23Բայց Սուրբ Հոգին ամեն քաղաքի մեջ վկայում է ինձ ու ասում, որ կապանքներ և նեղություններ են սպասում ինձ։ 24Բայց ես իմ կյանքը ոչ մի բանով այդքան արժեքավոր չեմ համարում, որքան այն, որ ուրախությամբ կատարեմ իմ ընթացքը և ծառայությունը, որ Տեր Հիսուսից ստանձնել եմ Աստծու շնորհի Ավետարանը վկայելու համար։
25Այժմ ահա ես գիտեմ, որ դուք բոլորդ, որոնց մեջ շրջեցի՝ Աստծու արքայությունը քարոզելով, իմ երեսն այլևս չեք տեսնի։ 26Դրա համար այսօր վկայում եմ ձեր առաջ, որ բոլորիդ արյունից ես մաքուր եմ, 27որովհետև ես չքաշվեցի ձեզ հաղորդելու Աստծու կամքն ամբողջությամբ։ 28Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզ համար և ամբողջ հոտի, որի վրա Սուրբ Հոգին վերակացուներ կարգեց ձեզ, որպեսզի հովվեք Աստծու եկեղեցին, որ նա ձեռք բերեց իր արյունով։ 29Ես գիտեմ, որ իմ հեռանալուց հետո ձեր մեջ հափշտակող գայլեր կգան, որոնք հոտին չեն խնայի։ 30Իսկ ձեր միջից դուրս կգան մարդիկ, որոնք թյուր բաներ կխոսեն, որպեսզի աշակերտներին իրենց հետևից տանեն։ 31Դրա համար էլ արթո՛ւն կացեք՝ հիշելով, որ երեք տարի գիշեր-ցերեկ յուրաքանչյուրիդ անդադար խրատեցի արտասուքներով։ 32Այժմ ձեզ հանձնում եմ Աստծուն ու նրա շնորհի խոսքին, որ կարող է կառուցել և ձեզ ժառանգություն տալ բոլոր սրբացածների հետ։ 33Ես ձեզանից ոչ ոքի արծաթը կամ ոսկին կամ հագուստը չցանկացա։ 34Դուք ինքներդ գիտեք, որ այս ձեռքերն իմ կարիքները հոգացին, նաև նրանց կարիքները, ովքեր ինձ հետ էին։ 35Ամեն բան ձեզ ցույց տվեցի, որ այսպես պետք է աշխատել և հոգ տանել տկարներին ու Տեր Հիսուսի խոսքը հիշել, որ ասաց. "Ավելի երանելի է տալը, քան առնելը"»։ 36Եվ երբ այս ասաց, բոլորի հետ ծնկի եկավ ու աղոթեց։ 37Բոլորն էլ շատ էին լաց լինում և Պողոսի վզովն ընկած՝ համբուրում էին նրան։ 38Ցավում էին մանավանդ այն խոսքի համար, որ ասում էր, թե իր երեսն այլևս չեն տեսնելու։ Եվ նրան ճանապարհ գցեցին դեպի նավ։
Արդեն Ընտրված.
Գործք Առաքելոց 20: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018