Գործք Առաքելոց 19

19
Պողոսը Եփեսոսում
1Մինչ Ապողոսը Կորնթոսում էր, Պողոսը վերին կողմերում շրջելուց հետո իջավ Եփեսոս և մի քանի աշակերտներ գտնելով՝ 2նրանց հարցրեց. «Երբ հավատացիք, Սուրբ Հոգին ընդունեցի՞ք»։ Նրան պատասխանեցին. «Մենք չենք էլ լսել, որ Սուրբ Հոգի կա»։ 3Պողոսն ասաց. «Արդ ինչո՞վ մկրտվեցիք»։ Նրանք ասացին. «Հովհաննեսի մկրտությամբ»։ 4Պողոսն ասաց. «Հովհաննեսը ժողովրդին ապաշխարության մկրտությունն էր տալիս և ասում էր, որ հավատան նրան, ով իրենից հետո էր գալու, այսինքն՝ Քրիստոս Հիսուսին»։ 5Եվ լսելով՝ մկրտվեցին Տեր Հիսուսի անունով։ 6Երբ Պողոսը ձեռքը նրանց վրա դրեց, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա. նրանք տարբեր լեզուներով էին խոսում ու մարգարեանում։ 7Նրանք բոլորը շուրջ տասներկու հոգի էին։
Եփեսոսի եկեղեցու հիմնումը
8Ժողովարան մտնելով՝ Պողոսը երեք ամիս համարձակ քարոզում էր՝ համոզիչ ապացույցներ բերելով Աստծու արքայության մասին։ 9Իսկ երբ ոմանք համառեցին ու չհավատացին՝ ժողովրդի բազմության առաջ նրանց վարդապետությունը վարկաբեկելով, նա բաժանվեց նրանցից, աշակերտներին առանձնացրեց և ամեն օր խոսում էր ոմն Տյուրանի դպրանոցում։ 10Դա տևեց երկու տարի, մինչև որ Ասիայի բոլոր բնակիչները՝ և՛ հրեաները, և՛ հեթանոսները, լսեցին Տիրոջ խոսքը։
Հրեա երդվեցնողները
11Աստված Պողոսի ձեռքով ոչ պակաս զորավոր գործեր էր անում։ 12Մինչև իսկ նրա մարմնի վրայից թաշկինակներ ու գլխաշորեր էին տանում՝ հիվանդների վրա դնելու, և ախտերը նրանցից հեռանում էին, ու չար ոգիները դուրս էին գալիս։ 13Շրջիկ հրեաներից ոմանք էլ, որ երդվեցնողներ էին, փորձեցին չար ոգիներ ունեցողների վրա Տեր Հիսուսի անունը կանչել՝ ասելով. «Երդվեցնում եմ ձեզ այն Հիսուսով, որին Պողոսն է քարոզում»։ 14Այս անում էին ոմն հրեա քահանայապետ Սկևայի յոթ որդիները։ 15Բայց չար ոգին պատասխանեց ու ասաց. «Հիսուսին գիտեմ և Պողոսին ճանաչում եմ, իսկ դո՞ւք ով եք»։ 16Եվ այն մարդը, որի մեջ չար ոգի կար, նրանց վրա հարձակվելով և երկուսին էլ բռնելով, այնպիսի ուժ ցուցաբերեց նրանց նկատմամբ, որ այդ տնից մերկ ու վիրավոր փախան։ 17Այս բանը հայտնի դարձավ Եփեսոսում բնակվող բոլոր հրեաներին և հեթանոսներին։ Նրանց բոլորի մեջ ահ ընկավ. և Տեր Հիսուսի անունը փառավորվում էր։ 18Հավատացյալներից շատերը գալիս խոստովանում էին և պատմում իրենց գործերի մասին։ 19Կախարդությամբ զբաղվողներից շատերը բերում էին գրքերը, բոլորի առաջ այրում։ Հաշվեցին դրանց արժեքն ու տեսան, որ հիսուն հազար արծաթի էր։ 20Եվ այսպես Տիրոջ զորությամբ խոսքը տարածվում էր ու հզորանում։
21Երբ սա կատարվեց, Պողոսը մտադրվեց գնալ Երուսաղեմ՝ Մակեդոնիայով և Աքայիայով անցնելով։ Նա ասում էր. «Իմ այնտեղ գնալուց հետո ես պետք է Հռոմն էլ տեսնեմ»։ 22Իրեն ծառայողներից երկուսին՝ Տիմոթեոսին ու Երաստոսին, ուղարկեց Մակեդոնիա, իսկ ինքը միառժամանակ մնաց Ասիայում։
Արծաթագործների խռովությունը Եփեսոսում
23Այդ ժամանակ Տիրոջ վարդապետության դեմ մեծ խռովություն եղավ։ 24Դեմետրիոս անունով մի արծաթագործ Արտեմիսի տաճարի արծաթյա մանրակերտներն էր պատրաստում և վարպետներին ոչ քիչ շահ բերում։ 25Նա, հավաքելով նրանց և այս արհեստի մասնագետներին, ասաց. «Ո՛վ մարդիկ, դուք ինքներդ գիտեք, որ մեր բարօրությունը կախված է այս գործից։ 26Տեսնում եք ու լսում, որ այս Պողոսը ոչ միայն եփեսացիներից, այլև գրեթե ամբողջ Ասիայից բազում ժողովրդի համոզելով դարձի է բերել՝ ասելով, որ դրանք ձեռագործներ են, ոչ աստվածներ։ 27Սա ոչ միայն մեր արհեստն է արհամարհվելու վտանգին ենթարկում, այլև մեծ աստվածուհու՝ Արտեմիսի տաճարն է ոչինչ համարվում։ Եվ պիտի ավերվի նրա մեծությունը ևս, որին ամբողջ Ասիան ու աշխարհն են պաշտում»։
28Երբ այս լսեցին, լցվեցին բարկությամբ, աղաղակեցին ու ասացին. «Մեծ է եփեսացիների Արտեմիսը»։ 29Ողջ քաղաքը խռովությամբ լցվեց. բոլորը միասին խուժեցին թատրոն՝ քարշ տալով Պողոսի ուղեկիցներ Գայիոս և Արիստարքոս Մակեդոնացիներին։ 30Բայց երբ Պողոսը ցանկացավ ամբոխի մեջ մտնել, աշակերտները նրան չթողեցին։ 31Ասիայի իշխանավորներից ոմանք, որ նրա բարեկամներն էին, նրա մոտ մարդ ուղարկեցին ու աղաչեցին, որ չգնա թատրոն։ 32Իսկ ուրիշներն այլ բան էին աղաղակում, որովհետև ժողովը շփոթության մեջ էր. նրանցից շատերը նույնիսկ չգիտեին, թե ինչի՛ համար են հավաքվել։ 33Եվ այդ ամբոխից առաջ բերեցին Ալեքսանդրոսին։ Երբ հրեաները նրան առաջ քաշեցին, Ալեքսանդրոսը ձեռքը շարժեց և ուզում էր ամբոխի առջև խոսել։ 34Երբ իմացան, որ հրեա է, բոլորը միաձայն մոտ երկու ժամ աղաղակում էին. «Մեծ է եփեսացիների Արտեմիսը»։ 35Քաղաքի ատենադպիրը ամբոխին հանդարտեցնելուց հետո ասաց. «Եփեսացինե՛ր, ո՞վ է այն մարդը, որ չգիտի՝ Եփեսոսը քաղաքն է Արտեմիս մեծ աստվածուհու տաճարի և երկնքից ընկած նրա կուռքի։ 36Եվ քանի որ դա անկասկած այդպես է, դուք պետք է հանդարտվեք և ոչ մի հանդգնություն չանեք։ 37Դուք այստեղ բերեցիք այդ մարդկանց, որոնք ո՛չ մեհյանն են կողոպտել, ո՛չ էլ մեր աստվածուհուն հայհոյել։ 38Ուրեմն եթե Դեմետրիոսն ու նրա հետ եղող վարպետները մեկի դեմ որևէ բան ունեն, թող ատյանները տանեն, որտեղ հյուպատոսներ կան, և թող միմյանց ամբաստանեն։ 39Իսկ եթե ձեր խնդիրը մի ուրիշ բանի համար է, թող օրինավոր ժողովում վճռվի։ 40Որովհետև մենք էլ ենք վտանգված մեղադրվելու այսօրվա խռովության համար, որը պատահեց առանց որևէ պատճառի։ Արդ այս հավաքի համար չենք կարողանալու որևէ պատասխան տալ»։ Եվ այս ասելով՝ ժողովն արձակեց։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք