Գործք Առաքելոց 20:1-16

Գործք Առաքելոց 20:1-16 ՆՎԱԱ

Աղմուկը դադարելուց հետո Պողոսն աշակերտներին կանչեց, քաջալերեց նրանց և հրաժեշտ տալով՝ ելավ Մակեդոնիա գնաց։ Այդ կողմերում շրջելով ու նրանց բազում խոսքերով քաջալերելով՝ եկավ Հունաստան, որտեղ մնաց երեք ամիս. մինչ պատրաստվում էր Ասորիք նավարկել, հրեաները նրա դեմ դավ նյութեցին, ուստի որոշեց Մակեդոնիայով վերադառնալ։ Եվ մինչև Ասիա նրա հետ էին Պյուռոսի որդի Սոպատրոս Բերիացին, թեսաղոնիկեցիներից Արիստարքոսն ու Սեկունդոսը, Գայիոս Դերբացին ու Տիմոթեոսը և ասիացիներ Տյուքիկոսն ու Տրոփիմոսը։ Սրանք նախապես էին գնացել և մեզ սպասում էին Տրովադայում։ Իսկ մենք Բաղարջակերաց տոնի օրերից հետո նավարկեցինք Փիլիպպեից և հինգ օրից հասանք նրանց մոտ՝ Տրովադա, որտեղ կանգ առանք յոթ օր։ Շաբաթվա առաջին օրը, երբ հավաքվել էինք հաց կտրելու, Պողոսը խոսում էր նրանց հետ, որովհետև հաջորդ օրը գնալու էր, և խոսքը մինչև կեսգիշեր երկարեց։ Վերնատանը, որտեղ մենք հավաքվել էինք, բավականաչափ լապտերներ կային։ Եվտիքոս անունով մի երիտասարդ նստել էր պատուհանին և խոր քուն մտել։ Մինչ Պողոսը շարունակում էր խոսել, նա, խոր քնով բռնված, տան երրորդ հարկից ցած ընկավ, ու նրան մեռած վերցրին։ Պողոսը, իջնելով, նրա վրա ընկավ ու գիրկն առնելով նրան՝ ասաց. «Մի՛ անհանգստացեք, որովհետև հոգին իր մեջ է»։ Այնուհետև վեր ելավ, հացը կտրեց ու կերավ և մինչև առավոտ շատ բաներ ևս խոսեց, ապա մեկնեց։ Իսկ պատանուն կենդանի բերեցին և մեծապես մխիթարվեցին։ Իսկ մենք առաջանալով նավ նստեցինք և ուղղվեցինք դեպի Ասոս, որտեղից պետք է վերցնեինք Պողոսին, որովհետև այդպես էր պատվիրել, քանի որ ինքը ցամաքով էր գնալու։ Երբ նա Ասոսում մեզ հանդիպեց, նրան վերցրինք և Միտիլենե եկանք։ Այդտեղից նավարկելով՝ հաջորդ օրը հասանք Խիոսի դիմացը, մյուս օրը՝ Սամոս, հետևյալ օրը՝ Միլետոս. որովհետև Պողոսը որոշել էր Եփեսոսի մոտով նավարկել, որպեսզի Ասիայում ժամանակ չկորցներ, քանի որ շտապում էր, որ եթե հնարավոր լիներ, Պենտեկոստեի օրը Երուսաղեմում լիներ։