Գործք Առաքելոց 19:1-20

Գործք Առաքելոց 19:1-20 ՆՎԱԱ

Մինչ Ապողոսը Կորնթոսում էր, Պողոսը վերին կողմերում շրջելուց հետո իջավ Եփեսոս և մի քանի աշակերտներ գտնելով՝ նրանց հարցրեց. «Երբ հավատացիք, Սուրբ Հոգին ընդունեցի՞ք»։ Նրան պատասխանեցին. «Մենք չենք էլ լսել, որ Սուրբ Հոգի կա»։ Պողոսն ասաց. «Արդ ինչո՞վ մկրտվեցիք»։ Նրանք ասացին. «Հովհաննեսի մկրտությամբ»։ Պողոսն ասաց. «Հովհաննեսը ժողովրդին ապաշխարության մկրտությունն էր տալիս և ասում էր, որ հավատան նրան, ով իրենից հետո էր գալու, այսինքն՝ Քրիստոս Հիսուսին»։ Եվ լսելով՝ մկրտվեցին Տեր Հիսուսի անունով։ Երբ Պողոսը ձեռքը նրանց վրա դրեց, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա. նրանք տարբեր լեզուներով էին խոսում ու մարգարեանում։ Նրանք բոլորը շուրջ տասներկու հոգի էին։ Ժողովարան մտնելով՝ Պողոսը երեք ամիս համարձակ քարոզում էր՝ համոզիչ ապացույցներ բերելով Աստծու արքայության մասին։ Իսկ երբ ոմանք համառեցին ու չհավատացին՝ ժողովրդի բազմության առաջ նրանց վարդապետությունը վարկաբեկելով, նա բաժանվեց նրանցից, աշակերտներին առանձնացրեց և ամեն օր խոսում էր ոմն Տյուրանի դպրանոցում։ Դա տևեց երկու տարի, մինչև որ Ասիայի բոլոր բնակիչները՝ և՛ հրեաները, և՛ հեթանոսները, լսեցին Տիրոջ խոսքը։ Աստված Պողոսի ձեռքով ոչ պակաս զորավոր գործեր էր անում։ Մինչև իսկ նրա մարմնի վրայից թաշկինակներ ու գլխաշորեր էին տանում՝ հիվանդների վրա դնելու, և ախտերը նրանցից հեռանում էին, ու չար ոգիները դուրս էին գալիս։ Շրջիկ հրեաներից ոմանք էլ, որ երդվեցնողներ էին, փորձեցին չար ոգիներ ունեցողների վրա Տեր Հիսուսի անունը կանչել՝ ասելով. «Երդվեցնում եմ ձեզ այն Հիսուսով, որին Պողոսն է քարոզում»։ Այս անում էին ոմն հրեա քահանայապետ Սկևայի յոթ որդիները։ Բայց չար ոգին պատասխանեց ու ասաց. «Հիսուսին գիտեմ և Պողոսին ճանաչում եմ, իսկ դո՞ւք ով եք»։ Եվ այն մարդը, որի մեջ չար ոգի կար, նրանց վրա հարձակվելով և երկուսին էլ բռնելով, այնպիսի ուժ ցուցաբերեց նրանց նկատմամբ, որ այդ տնից մերկ ու վիրավոր փախան։ Այս բանը հայտնի դարձավ Եփեսոսում բնակվող բոլոր հրեաներին և հեթանոսներին։ Նրանց բոլորի մեջ ահ ընկավ. և Տեր Հիսուսի անունը փառավորվում էր։ Հավատացյալներից շատերը գալիս խոստովանում էին և պատմում իրենց գործերի մասին։ Կախարդությամբ զբաղվողներից շատերը բերում էին գրքերը, բոլորի առաջ այրում։ Հաշվեցին դրանց արժեքն ու տեսան, որ հիսուն հազար արծաթի էր։ Եվ այսպես Տիրոջ զորությամբ խոսքը տարածվում էր ու հզորանում։