Գործք Առաքելոց 12

12
Հակոբոսը՝ սպանված, Պետրոսը՝ բանտարկված
1Այդ ժամանակ Հերովդես թագավորը ձեռնամուխ եղավ եկեղեցուց ոմանց չարչարելու գործին։ 2Եվ սրով սպանեց Հակոբոսին՝ Հովհաննեսի եղբորը։ 3Տեսնելով, որ դա հաճելի է հրեաներին, Բաղարջակերաց տոնի օրերին Պետրոսին էլ ձերբակալել տվեց։ 4Թագավորը բռնեց նրան և բանտ դրեց՝ հանձնելով քառակազմ զինվորների չորս հերթափոխի հսկողությանը։ Նա կամենում էր Զատկից հետո նրան ժողովրդի առաջ հանել։ 5Պետրոսը պահվում էր բանտում, բայց եկեղեցին նրա համար անդադար աղոթում էր Աստծուն։
Պետրոսի ազատումը բանտից
6Երբ Հերովդեսն ուզեց նրան դուրս բերել, այդ գիշեր Պետրոսը, կրկնակի շղթաներով կապված, քնած էր երկու զինվորների միջև, իսկ պահակները դռան առաջ պահպանում էին բանտը։ 7Եվ ահա Տիրոջ հրեշտակը եկավ, և բանտախցում լույս ծագեց։ Նա հրեց Պետրոսի կողին, արթնացրեց նրան ու ասաց. «Շո՛ւտ, վե՛ր կաց»։ Եվ շղթաներն ընկան նրա ձեռքերից։ 8Հրեշտակն ասաց նրան. «Գոտիդ կապի՛ր և հողաթափերդ հագի՛ր»։ Նա այդպես էլ արեց։ Եվ ասաց նրան. «Զգեստդ վրա՛դ գցիր ու ի՛նձ հետևիր»։ 9Դուրս ելնելով՝ նա գնում էր նրա հետևից ու չգիտեր, որ հրեշտակի կողմից կատարվածը իրական էր, որովհետև կարծում էր, թե տեսիլք է տեսնում։ 10Երբ նրանք անցան առաջին և երկրորդ պահապաններից, հասան մինչև երկաթյա դուռը, որ դեպի քաղաք էր տանում։ Այն ինքնիրեն բացվեց նրանց առաջ։ Նրանք դուրս ելան և մի փողոց անցան, և հրեշտակն իսկույն հեռացավ նրանից։ 11Երբ Պետրոսն ուշքի եկավ, ասաց. «Այժմ իրապես գիտեմ, որ Տերն իր հրեշտակին ուղարկեց և ինձ փրկեց Հերովդեսի ձեռքից ու այն ամենից, ինչ սպասվում էր հրեա ժողովրդից»։ 12Եվ սթափվելով՝ եկավ «Մարկոս» կոչված Հովհաննեսի մոր՝ Մարիամի տուն, որտեղ շատերը հավաքվել և աղոթում էին։ 13Բախեց դրսի դուռը. Ռոդի անունով մի աղախին մոտեցավ լսելու։ 14Նա ճանաչեց Պետրոսի ձայնը և ուրախությունից դուռը չբացեց, այլ ներս վազեց ու պատմեց, որ Պետրոսը դռանը կանգնած է։ 15Նրանք ասացին նրան. «Խելագարվել ես»։ Իսկ նա պնդում էր, որ այդպես է։ Նրանք էլ ասում էին. «Նրա հրեշտակն է»։ 16Պետրոսը շարունակում էր դուռը բախել. երբ բացեցին, տեսան նրան ու զարմացան։ 17Նա ձեռքով նշան արեց նրանց, որ լուռ մնան, և պատմեց, թե ինչպե՛ս Տերն իրեն բանտից հանեց։ Եվ ասաց. «Սրա մասին հայտնե՛ք Հակոբոսին ու եղբայրներին»։ Ապա դուրս ելավ և ուրիշ տեղ գնաց։
18Երբ առավոտ եղավ, զինվորների մեջ մեծ իրարանցում էր, թե Պետրոսն ի՛նչ եղավ։ 19Երբ Հերովդեսը նրան փնտրեց ու չգտավ, պահակներին քննելուց հետո հրամայեց սպանել։ Պետրոսը Հրեաստանից իջավ Կեսարիա ու այնտեղ էր մնում։
Հալածիչի մահը
20Հերովդեսը Տյուրոսի և Սիդովնի բնակիչների հետ պայքարի մեջ էր։ Նրանք միաբանված ներկայացան նրան և համոզելով Բլաստոսին՝ արքունի սենեկապետին, խաղաղություն էին խնդրում, որովհետև իրենց երկիրն արքունիքից էր կերակրվում։ 21Որոշված օրը Հերովդեսը, թագավորական զգեստ հագած, նստել էր ատյանում և հրապարակավ խոսում էր նրանց հետ։ 22Իսկ ամբոխն աղաղակում էր. «Դա Աստծու ձայնն է և ոչ թե մարդու»։ 23Եվ Տիրոջ հրեշտակն իսկույն հարվածեց նրան, որովհետև Աստծո՛ւն չտվեց փառքը, և որդերով լցվեց ու մեռավ։
24Իսկ Աստծու խոսքն աճում էր ու բազմանում։ 25Բառնաբասն ու Սողոսը ծառայությունը կատարելուց հետո վերադարձան Երուսաղեմ՝ իրենց հետ վերցնելով նաև Հովհաննեսին, որ Մարկոս էր կոչվում։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք