Գործք Առաքելոց 1

1
Նախաբան
1Առաջին գիրքը, որ գրեցի, այն ամենի մասին էր, ո՛վ Թեոփիլե, ինչ Հիսուսը սկզբից արեց և ուսուցանեց 2մինչև այն օրը, երբ Սուրբ Հոգու միջոցով իր ընտրյալ առաքյալներին պատվիրեց և համբարձվեց, 3որոնց իսկ իր չարչարանքներից հետո բազում ապացույցներով կենդանի ներկայանալով՝ քառասուն օրերի ընթացքում հայտնվեց նրանց և Աստծու արքայության մասին խոսեց։ 4Որքան ժամանակ#1.4 Հավաքված ժամանակ կամ երբ ուտում էին։ որ միասին էին, Հիսուսը նրանց պատվիրում էր. «Չհեռանա՛ք Երուսաղեմից, այլ Հոր խոստմա՛նը սպասեք, ինչպես որ ինձանից լսեցիք. 5որովհետև չնայած Հովհաննեսը մկրտում էր ջրով, իսկ դուք սրանից ոչ շատ օրեր հետո կմկրտվեք Սուրբ Հոգով»։
6Աշակերտներն իրար միացան և նրան հարցրին՝ ասելով. «Տե՛ր, այս ժամանա՞կ ես Իսրայելի թագավորությունը վերահաստատելու»։ 7Եվ Հիսուսն ասաց նրանց. «Ձեր գործը չէ ժամերն ու ժամանակներն իմանալը, որ Հայրն իր իշխանությամբ սահմանեց։ 8Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը»։
Հիսուսի համբարձումը
(Մրկ. 16.19-20, Ղուկ. 24.50-53)
9Այս ասելուց հետո, մինչ նրանք նայում էին, Հիսուսը վեր բարձրացավ, և ամպը նրան ծածկեց նրանց աչքերից։ 10Եվ մինչ նրանք իրենց հայացքը սևեռել էին դեպի երկինք և Հիսուսի գնալուն էին նայում, ահա սպիտակ զգեստներով երկու մարդ երևացին 11և նրանց ասացին. «Ո՛վ գալիլեացիներ, ի՞նչ եք կանգնել ու երկինք նայում։ Այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք համբարձվեց, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ նրան տեսաք երկինք գնալիս»։
Առաքյալների խումբը
12Այդ ժամանակ նրանք Երուսաղեմ վերադարձան Ձիթենյաց կոչվող լեռան վրայից, որը մոտ էր Երուսաղեմին և գտնվում էր մի շաբաթ օրվա ճանապարհի#1.12 1100 մետր։ չափ հեռավորության վրա։
13Երբ քաղաք մտան, բարձրացան վերնատուն, որտեղ մնում էին Պետրոսն ու Հակոբոսը, Հովհաննեսն ու Անդրեասը, Փիլիպպոսն ու Թովմասը, Բարթողոմեոսն ու Մատթեոսը, Ալփեոսի որդի Հակոբոսն ու Սիմոն Նախանձահույզը և Հակոբոսի որդի Հուդան։ 14Սրանք բոլորը միշտ միաբան աղոթքի մեջ էին մի քանի կանանց, Հիսուսի մոր՝ Մարիամի և նրա եղբայրների հետ միասին։
Մատաթիայի ընտրությունը
15Եվ այդ օրերին Պետրոսը վեր կացավ կանգնեց եղբայրների մեջ (այնտեղ հարյուր քսան հոգու չափ բազմություն կար) և ասաց. 16«Եղբայրնե՛ր, պետք է իրականանար գրվածը, որ Սուրբ Հոգին Դավթի բերանով նախապես ասել էր Հուդայի մասին, որը Հիսուսին ձերբակալողներին ուղեկցողը եղավ։ 17Որովհետև նա էլ մեզանից մեկն էր և մասնակից էր այս ծառայությանը։ 18Արդ, նա իր անիրավության վարձով մի ագարակ ստացավ ու գլխիվայր ընկնելով՝ մեջտեղից պատռվեց, և նրա ամբողջ փորոտիքը դուրս թափվեց։ 19Եվ Երուսաղեմի բոլոր բնակիչներին սա հայտնի դարձավ, այնպես որ այդ ագարակն իրենց բարբառով Ակեղդամա կոչվեց, այսինքն՝ "Արյան ագարակ"։ 20Քանի որ Սաղմոսների գրքում գրված է.
"Թող նրա տունն ավերակ դառնա,
և ոչ ոք թող այնտեղ չբնակվի" (Սաղ. 69.25),
և
"Թող նրա առաքելությունն ուրիշն առնի" (Սաղ. 109.8)։
21Արդ, պետք է, որ այստեղ եղած մարդկանցից մեկը, որոնք մեզ հետ են եղել այն ամբողջ ժամանակ, երբ Տեր Հիսուսը մեզ հետ էր՝ 22սկսած Հովհաննեսի մկրտությունից մինչև այն օրը, երբ մեզանից համբարձվեց, նա պետք է մեզ հետ միասին նրա հարության վկան լինի»։ 23Եվ ներկայացրեցին երկու հոգու՝ Հովսեփին, որ Բարսաբբաս էր կոչվում և Հուստոս անվանվեց, ու Մատաթիային։ 24Եվ աղոթելով ասացին. «Դու, Տե՛ր, որ գիտես բոլորի սրտերը, հայտնի՛ր, թե այս երկուսից ո՛ւմ ես ընտրել 25այս ծառայությանը և առաքելությանը մասնակից լինելու, որից Հուդան ընկավ և իր տեղը գնաց»։ 26Եվ նրանց մեջ վիճակ գցեցին. վիճակը Մատաթիային ընկավ, և նա գումարվեց տասնմեկ առաքյալներին։

Արդեն Ընտրված.

Գործք Առաքելոց 1: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք