Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:1-27

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:1-27 ՆՎԱԱ

Հետևյալ տարի՝ թագավորների պատերազմի դուրս գալու ժամանակ, Դավիթը Հովաբին և նրա հետ իր ծառաներին ու բոլոր իսրայելացիներին ուղարկեց, որոնք կոտորեցին ամմոնացիներին և պաշարեցին Ռաբբան. բայց Դավիթը մնացել էր Երուսաղեմում։ Մի օր՝ երեկոյան դեմ, Դավիթը, ելնելով իր անկողնուց, ման էր գալիս պալատի տանիքի վրա և տանիքից տեսավ, որ մի կին լվացվում էր, և այդ կինը տեսքով շատ գեղեցիկ էր։ Դավիթը մարդ ուղարկեց ու հարցուփորձ արեց այդ կնոջ մասին. և ասացին. «Դա Բերսաբեն է՝ Էլիամի աղջիկը, քետացի Ուրիայի կինը»։ Եվ Դավիթը պատգամաբերներ ուղարկեց և վերցրեց նրան, ու կինը եկավ նրա մոտ, և Դավիթը պառկեց նրա հետ. և կինը նոր էր մաքրվել իր դաշտանից. նա վերադարձավ իր տուն։ Կինը հղիացավ և մարդ ուղարկեց ու Դավթին հաղորդեց՝ ասելով. «Ես հղի եմ»։ Դավիթը մարդ ուղարկեց Հովաբի մոտ՝ ասելով. «Քետացի Ուրիային ուղարկի՛ր ինձ մոտ»։ Եվ Հովաբը Ուրիային ուղարկեց Դավթի մոտ։ Երբ Ուրիան եկավ նրա մոտ, Դավիթը հարցրեց Հովաբի որպիսության և զորքի որպիսության ու պատերազմի վիճակի մասին։ Դավիթն ասաց Ուրիային. «Իջի՛ր քո տուն և ոտքերդ լվա՛»։ Եվ երբ Ուրիան դուրս եկավ թագավորի պալատից, թագավորն էլ նրա հետևից պարգև ուղարկեց։ Բայց Ուրիան թագավորի պալատի դռանը քնեց իր տիրոջ բոլոր ծառաների հետ և չգնաց իր տուն։ Դավթին հաղորդեցին՝ ասելով, որ Ուրիան չի գնացել իր տուն։ Եվ Դավիթն ասաց Ուրիային. «Չէ՞ որ դու ճանապարհից ես եկել, ինչո՞ւ չես իջել քո տուն»։ Ուրիան ասաց Դավթին. «Տապանակը և Իսրայելը և Հուդան վրաններում են բնակվում, և իմ տերը՝ Հովաբը, և իմ տիրոջ ծառաները գտնվում են բաց դաշտում, և ես գնամ իմ տո՞ւն՝ ուտելու, խմելու և կնոջս հետ պառկելու։ Երդվում եմ քո կյանքով, որ ես այդ բանը չեմ անի»։ Դավիթն ասաց Ուրիային. «Այսօր էլ մնա՛ այստեղ, և վաղը կճանապարհեմ քեզ»։ Եվ Ուրիան այդ օրը և հաջորդ օրը մնաց Երուսաղեմում։ Դավիթը կանչեց նրան, և Ուրիան կերավ ու խմեց նրա առաջ. Դավիթը հարբեցրեց նրան, և նա երեկոյան դուրս եկավ ու գնաց իր անկողնում քնելու իր տիրոջ ծառաների հետ և չգնաց իր տուն։ Առավոտյան Դավիթը մի նամակ գրեց Հովաբին և Ուրիայի ձեռքով ուղարկեց։ Նամակի մեջ գրեց. «Ուրիային դրե՛ք սաստիկ պատերազմի առջևի կողմը, և դուք ե՛տ քաշվեք նրանից, որ նրան զարկեն, և սպանվի»։ Երբ Հովաբը պաշարել էր քաղաքը, Ուրիային դրեց այնտեղ, ուր գիտեր, որ կային զորավոր մարդիկ։ Մարդիկ դուրս եկան այդ քաղաքից և պատերազմեցին Հովաբի դեմ, և զորքից ու Դավթի ծառաներից մարդիկ ընկան. քետացի Ուրիան էլ սպանվեց։ Հովաբը մարդ ուղարկեց և Դավթին պատմեց պատերազմի բոլոր եղելությունները։ Եվ պատվիրեց պատգամաբերին՝ ասելով. «Երբ որ պատերազմի բոլոր եղելությունները պատմես թագավորին ու վերջացնես, և եթե թագավորի բարկությունը բորբոքվի, ու քեզ ասի. “Ինչո՞ւ մոտեցաք քաղաքին պատերազմելու, չգիտեի՞ք, որ պարսպի վրայից նետեր կարձակեն։ Ո՞վ սպանեց Հերոբեսեթի որդի Աբիմելեքին։ Չէ՞ որ մի կին նրա վրա պարսպի վրայից երկանաքարի մի կտոր գցեց, և նա մեռավ Թեբեսում։ Ինչո՞ւ մոտեցաք պարսպին”, դու էլ կասես. “Քո ծառա քետացի Ուրիան էլ է մեռել”»։ Եվ պատգամաբերը գնաց ու Դավթին պատմեց այն ամենը, ինչի համար Հովաբը ուղարկել էր նրան։ Եվ պատգամաբերն ասաց Դավթին. «Այդ մարդիկ մեզ գերազանցեցին և դաշտ դուրս եկան մեր դեմ, բայց մենք նրանց հալածեցինք մինչև քաղաքի դուռը. և աղեղնավորները պարսպի վրայից նետեր արձակեցին քո ծառաների վրա, և թագավորի ծառաներից մեռան, և քո ծառա քետացի Ուրիան էլ է մեռել»։ Եվ Դավիթը պատգամաբերին ասաց. «Այսպես կասես Հովաբին. “Թող այդ բանը չար չթվա քո աչքին, որովհետև սուրը մերթ այսպես է հարվածում, մերթ՝ այնպես։ Սաստկացրո՛ւ պատերազմը քաղաքի դեմ և քանդի՛ր այն”։ Իսկ դու քաջալերի՛ր նրան»։ Եվ Ուրիայի կինը լսեց, որ իր մարդը՝ Ուրիան, մեռել է, և սուգ արեց իր մարդու համար։ Եվ երբ սուգն անցավ, Դավիթը մարդ ուղարկեց, նրան իր տուն բերել տվեց, և նա դարձավ նրա կինը ու նրա համար որդի ծնեց։ Բայց այս բանը, որ արեց Դավիթը, Տիրոջ աչքին չար երևաց։