Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11

11
Դավիթը և Բերսաբեն
1Հետևյալ տարի՝ թագավորների պատերազմի դուրս գալու ժամանակ, Դավիթը Հովաբին և նրա հետ իր ծառաներին ու բոլոր իսրայելացիներին ուղարկեց, որոնք կոտորեցին ամմոնացիներին և պաշարեցին Ռաբբան. բայց Դավիթը մնացել էր Երուսաղեմում։ 2Մի օր՝ երեկոյան դեմ, Դավիթը, ելնելով իր անկողնուց, ման էր գալիս պալատի տանիքի վրա և տանիքից տեսավ, որ մի կին լվացվում էր, և այդ կինը տեսքով շատ գեղեցիկ էր։ 3Դավիթը մարդ ուղարկեց ու հարցուփորձ արեց այդ կնոջ մասին. և ասացին. «Դա Բերսաբեն է՝ Էլիամի աղջիկը, քետացի Ուրիայի կինը»։ 4Եվ Դավիթը պատգամաբերներ ուղարկեց և վերցրեց նրան, ու կինը եկավ նրա մոտ, և Դավիթը պառկեց նրա հետ. և կինը նոր էր մաքրվել իր դաշտանից. նա վերադարձավ իր տուն։ 5Կինը հղիացավ և մարդ ուղարկեց ու Դավթին հաղորդեց՝ ասելով. «Ես հղի եմ»։ 6Դավիթը մարդ ուղարկեց Հովաբի մոտ՝ ասելով. «Քետացի Ուրիային ուղարկի՛ր ինձ մոտ»։ Եվ Հովաբը Ուրիային ուղարկեց Դավթի մոտ։ 7Երբ Ուրիան եկավ նրա մոտ, Դավիթը հարցրեց Հովաբի որպիսության և զորքի որպիսության ու պատերազմի վիճակի մասին։ 8Դավիթն ասաց Ուրիային. «Իջի՛ր քո տուն և ոտքերդ լվա՛»։ Եվ երբ Ուրիան դուրս եկավ թագավորի պալատից, թագավորն էլ նրա հետևից պարգև ուղարկեց։ 9Բայց Ուրիան թագավորի պալատի դռանը քնեց իր տիրոջ բոլոր ծառաների հետ և չգնաց իր տուն։ 10Դավթին հաղորդեցին՝ ասելով, որ Ուրիան չի գնացել իր տուն։ Եվ Դավիթն ասաց Ուրիային. «Չէ՞ որ դու ճանապարհից ես եկել, ինչո՞ւ չես իջել քո տուն»։ 11Ուրիան ասաց Դավթին. «Տապանակը և Իսրայելը և Հուդան վրաններում են բնակվում, և իմ տերը՝ Հովաբը, և իմ տիրոջ ծառաները գտնվում են բաց դաշտում, և ես գնամ իմ տո՞ւն՝ ուտելու, խմելու և կնոջս հետ պառկելու։ Երդվում եմ քո կյանքով, որ ես այդ բանը չեմ անի»։ 12Դավիթն ասաց Ուրիային. «Այսօր էլ մնա՛ այստեղ, և վաղը կճանապարհեմ քեզ»։ Եվ Ուրիան այդ օրը և հաջորդ օրը մնաց Երուսաղեմում։ 13Դավիթը կանչեց նրան, և Ուրիան կերավ ու խմեց նրա առաջ. Դավիթը հարբեցրեց նրան, և նա երեկոյան դուրս եկավ ու գնաց իր անկողնում քնելու իր տիրոջ ծառաների հետ և չգնաց իր տուն։ 14Առավոտյան Դավիթը մի նամակ գրեց Հովաբին և Ուրիայի ձեռքով ուղարկեց։ 15Նամակի մեջ գրեց. «Ուրիային դրե՛ք սաստիկ պատերազմի առջևի կողմը, և դուք ե՛տ քաշվեք նրանից, որ նրան զարկեն, և սպանվի»։ 16Երբ Հովաբը պաշարել էր քաղաքը, Ուրիային դրեց այնտեղ, ուր գիտեր, որ կային զորավոր մարդիկ։ 17Մարդիկ դուրս եկան այդ քաղաքից և պատերազմեցին Հովաբի դեմ, և զորքից ու Դավթի ծառաներից մարդիկ ընկան. քետացի Ուրիան էլ սպանվեց։ 18Հովաբը մարդ ուղարկեց և Դավթին պատմեց պատերազմի բոլոր եղելությունները։ 19Եվ պատվիրեց պատգամաբերին՝ ասելով. «Երբ որ պատերազմի բոլոր եղելությունները պատմես թագավորին ու վերջացնես, 20և եթե թագավորի բարկությունը բորբոքվի, ու քեզ ասի. “Ինչո՞ւ մոտեցաք քաղաքին պատերազմելու, չգիտեի՞ք, որ պարսպի վրայից նետեր կարձակեն։ 21Ո՞վ սպանեց Հերոբեսեթի որդի Աբիմելեքին։ Չէ՞ որ մի կին նրա վրա պարսպի վրայից երկանաքարի մի կտոր գցեց, և նա մեռավ Թեբեսում։ Ինչո՞ւ մոտեցաք պարսպին”, դու էլ կասես. “Քո ծառա քետացի Ուրիան էլ է մեռել”»։ 22Եվ պատգամաբերը գնաց ու Դավթին պատմեց այն ամենը, ինչի համար Հովաբը ուղարկել էր նրան։ 23Եվ պատգամաբերն ասաց Դավթին. «Այդ մարդիկ մեզ գերազանցեցին և դաշտ դուրս եկան մեր դեմ, բայց մենք նրանց հալածեցինք մինչև քաղաքի դուռը. 24և աղեղնավորները պարսպի վրայից նետեր արձակեցին քո ծառաների վրա, և թագավորի ծառաներից մեռան, և քո ծառա քետացի Ուրիան էլ է մեռել»։ 25Եվ Դավիթը պատգամաբերին ասաց. «Այսպես կասես Հովաբին. “Թող այդ բանը չար չթվա քո աչքին, որովհետև սուրը մերթ այսպես է հարվածում, մերթ՝ այնպես։ Սաստկացրո՛ւ պատերազմը քաղաքի դեմ և քանդի՛ր այն”։ Իսկ դու քաջալերի՛ր նրան»։ 26Եվ Ուրիայի կինը լսեց, որ իր մարդը՝ Ուրիան, մեռել է, և սուգ արեց իր մարդու համար։ 27Եվ երբ սուգն անցավ, Դավիթը մարդ ուղարկեց, նրան իր տուն բերել տվեց, և նա դարձավ նրա կինը ու նրա համար որդի ծնեց։ Բայց այս բանը, որ արեց Դավիթը, Տիրոջ աչքին չար երևաց։

Արդեն Ընտրված.

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում