Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:1-11

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:1-11 ՆՎԱԱ

Հետևյալ տարի՝ թագավորների պատերազմի դուրս գալու ժամանակ, Դավիթը Հովաբին և նրա հետ իր ծառաներին ու բոլոր իսրայելացիներին ուղարկեց, որոնք կոտորեցին ամմոնացիներին և պաշարեցին Ռաբբան. բայց Դավիթը մնացել էր Երուսաղեմում։ Մի օր՝ երեկոյան դեմ, Դավիթը, ելնելով իր անկողնուց, ման էր գալիս պալատի տանիքի վրա և տանիքից տեսավ, որ մի կին լվացվում էր, և այդ կինը տեսքով շատ գեղեցիկ էր։ Դավիթը մարդ ուղարկեց ու հարցուփորձ արեց այդ կնոջ մասին. և ասացին. «Դա Բերսաբեն է՝ Էլիամի աղջիկը, քետացի Ուրիայի կինը»։ Եվ Դավիթը պատգամաբերներ ուղարկեց և վերցրեց նրան, ու կինը եկավ նրա մոտ, և Դավիթը պառկեց նրա հետ. և կինը նոր էր մաքրվել իր դաշտանից. նա վերադարձավ իր տուն։ Կինը հղիացավ և մարդ ուղարկեց ու Դավթին հաղորդեց՝ ասելով. «Ես հղի եմ»։ Դավիթը մարդ ուղարկեց Հովաբի մոտ՝ ասելով. «Քետացի Ուրիային ուղարկի՛ր ինձ մոտ»։ Եվ Հովաբը Ուրիային ուղարկեց Դավթի մոտ։ Երբ Ուրիան եկավ նրա մոտ, Դավիթը հարցրեց Հովաբի որպիսության և զորքի որպիսության ու պատերազմի վիճակի մասին։ Դավիթն ասաց Ուրիային. «Իջի՛ր քո տուն և ոտքերդ լվա՛»։ Եվ երբ Ուրիան դուրս եկավ թագավորի պալատից, թագավորն էլ նրա հետևից պարգև ուղարկեց։ Բայց Ուրիան թագավորի պալատի դռանը քնեց իր տիրոջ բոլոր ծառաների հետ և չգնաց իր տուն։ Դավթին հաղորդեցին՝ ասելով, որ Ուրիան չի գնացել իր տուն։ Եվ Դավիթն ասաց Ուրիային. «Չէ՞ որ դու ճանապարհից ես եկել, ինչո՞ւ չես իջել քո տուն»։ Ուրիան ասաց Դավթին. «Տապանակը և Իսրայելը և Հուդան վրաններում են բնակվում, և իմ տերը՝ Հովաբը, և իմ տիրոջ ծառաները գտնվում են բաց դաշտում, և ես գնամ իմ տո՞ւն՝ ուտելու, խմելու և կնոջս հետ պառկելու։ Երդվում եմ քո կյանքով, որ ես այդ բանը չեմ անի»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում