Բ Պետրոս 2:4-11

Բ Պետրոս 2:4-11 ՆՎԱԱ

Քանի որ եթե Աստված մեղանչած հրեշտակներին չխնայեց, այլ խավարի կապանքներով տարտարոսը գցելով՝ դատաստանի համար պահեց, նա չխնայեց նաև հին աշխարհին, այլ ութ հոգուն և Նոյին՝ արդարության քարոզչին, պահեց և ամբարիշտների աշխարհի վրա ջրհեղեղ բերեց, սոդոմացիների ու գոմորացիների քաղաքները մոխիր դարձնելով՝ կործանման դատապարտեց՝ օրինակ դարձնելով գալիք ամբարիշտների համար։ Փրկեց արդար Ղովտին, որ անօրենների անառակ վարքից ձանձրացել էր, որովհետև արդարը, նրանց մեջ բնակվելով, տեսնելով ու լսելով նրանց անօրեն գործերը, օրեցօր իր արդար հոգին տանջվում էր. Տերը գիտի աստվածապաշտներին փորձությունից փրկել և անիրավներին դատաստանի օրվա համար պահել, մանավանդ նրանց, որոնք գնում են մարմնական պիղծ ցանկության հետևից և արհամարհում Աստծու իշխանությունը։ Հանդուգն ու ինքնահավան՝ նրանք չեն վախենում երկնային փառքը հայհոյելուց, մինչդեռ հրեշտակները, որոնք զորությամբ և կարողությամբ ավելի մեծ են, Տիրոջ առաջ նրանց դեմ հայհոյալից դատապարտություն չեն բերում։