Բ Պետրոս 2

2
Ընդդեմ սուտ ուսուցիչների
1Ժողովրդի մեջ եղան նաև սուտ մարգարեներ, ինչպես ձեր մեջ էլ սուտ ուսուցիչներ կլինեն, որոնք վնասակար հերձվածներ կներմուծեն և ուրանալով Տիրոջը, որ իրենց փրկագնեց, իրենց վրա արագահաս կորուստ կբերեն։ 2Եվ շատերը կհետևեն նրանց անառակությանը, որոնց պատճառով ճշմարտության ճանապարհը պիտի պղծվի։ 3Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. նրանց դատաստանը վաղուց պատրաստ է, և նրանց կործանումը չի ուշանալու։
4Քանի որ եթե Աստված մեղանչած հրեշտակներին չխնայեց, այլ խավարի կապանքներով տարտարոսը գցելով՝ դատաստանի համար պահեց, 5նա չխնայեց նաև հին աշխարհին, այլ ութ հոգուն և Նոյին՝ արդարության քարոզչին, պահեց և ամբարիշտների աշխարհի վրա ջրհեղեղ բերեց, 6սոդոմացիների ու գոմորացիների քաղաքները մոխիր դարձնելով՝ կործանման դատապարտեց՝ օրինակ դարձնելով գալիք ամբարիշտների համար։ 7Փրկեց արդար Ղովտին, որ անօրենների անառակ վարքից ձանձրացել էր, 8որովհետև արդարը, նրանց մեջ բնակվելով, տեսնելով ու լսելով նրանց անօրեն գործերը, օրեցօր իր արդար հոգին տանջվում էր. 9Տերը գիտի աստվածապաշտներին փորձությունից փրկել և անիրավներին դատաստանի օրվա համար պահել, 10մանավանդ նրանց, որոնք գնում են մարմնական պիղծ ցանկության հետևից և արհամարհում Աստծու իշխանությունը։
Հանդուգն ու ինքնահավան՝ նրանք չեն վախենում երկնային փառքը հայհոյելուց, 11մինչդեռ հրեշտակները, որոնք զորությամբ և կարողությամբ ավելի մեծ են, Տիրոջ առաջ նրանց դեմ հայհոյալից դատապարտություն չեն բերում։ 12Իսկ սրանք, ինչպես անբան անասուններ, որ ի բնե որսի ու ապականության համար են ծնվել, հայհոյում են չիմացած բաները և իրենց ապականության մեջ էլ կործանվելու են՝ 13այդ կերպ իրենց անիրավության վարձն ստանալով. նրանք ցերեկով ցանկությանը հագուրդ տալը հաճույք են համարում. կեղտոտներ և արատավորներ, որոնք իրենց խաբեբայությունների մեջ հաճույք են ստանում ձեզ հետ համատեղ ուտել-խմելիս։ 14Պոռնկությամբ լի աչքեր ունեն, մեղանչելուց չեն հագենում, խաբում են երերուն հոգիներին, ագահությամբ բռնված սրտեր ունեն, անեծքի որդիներ են, 15շիտակ ճանապարհը թողած՝ մոլորվեցին՝ Բոսորի որդի Բաղաամի ճանապարհին հետևելով, որ անիրավության վարձը սիրեց 16և իր անօրենության համար հանդիմանություն ստացավ. անխոս էշը, մարդկային ձայնով խոսելով, արգելք եղավ մարգարեի խելահեղությանը։
17Սրանք անջուր աղբյուրներ են, մրրիկից քշված ամպեր, որոնց համար խավարի մթությունն է հավիտյան պահված։ 18Որովհետև ունայն և ամբարտավան բաներ խոսելով՝ գիջությամբ, մարմնական ցանկություններով խաբում են նրանց, ովքեր իսկապես փախել են մոլորության մեջ ապրողներից։ 19Նրանց ազատություն են խոստանում, մինչդեռ իրենք ապականության ծառաներ են, որովհետև ինչից մեկը հաղթվի, նրան էլ ծառայում է։ 20Որովհետև նրանք, ովքեր հեռացել են աշխարհիկ պղծություններից մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին ունեցած գիտությամբ, բայց դարձյալ դրանց մեջ թաթախվելով պարտվել են, նրանց վախճանը ավելի վատ կլինի, քան նախկինում։ 21Որովհետև նրանց համար ավելի լավ էր, որ արդարության ճանապարհը ճանաչած չլինեին, քան ճանաչեցին և հետ քաշվեցին այն սուրբ պատվիրանից, որ ավանդվեց իրենց։ 22Նրանց է վերաբերում ճշմարիտ առածը. «Շունն իր փսխածին է վերադառնում» (Առկ. 26.11) կամ «Լվացված խոզի աչքը ցեխի մեջ է»։

Արդեն Ընտրված.

Բ Պետրոս 2: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք