Բ Պետրոս 2:1-17

Բ Պետրոս 2:1-17 ՆՎԱԱ

Ժողովրդի մեջ եղան նաև սուտ մարգարեներ, ինչպես ձեր մեջ էլ սուտ ուսուցիչներ կլինեն, որոնք վնասակար հերձվածներ կներմուծեն և ուրանալով Տիրոջը, որ իրենց փրկագնեց, իրենց վրա արագահաս կորուստ կբերեն։ Եվ շատերը կհետևեն նրանց անառակությանը, որոնց պատճառով ճշմարտության ճանապարհը պիտի պղծվի։ Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. նրանց դատաստանը վաղուց պատրաստ է, և նրանց կործանումը չի ուշանալու։ Քանի որ եթե Աստված մեղանչած հրեշտակներին չխնայեց, այլ խավարի կապանքներով տարտարոսը գցելով՝ դատաստանի համար պահեց, նա չխնայեց նաև հին աշխարհին, այլ ութ հոգուն և Նոյին՝ արդարության քարոզչին, պահեց և ամբարիշտների աշխարհի վրա ջրհեղեղ բերեց, սոդոմացիների ու գոմորացիների քաղաքները մոխիր դարձնելով՝ կործանման դատապարտեց՝ օրինակ դարձնելով գալիք ամբարիշտների համար։ Փրկեց արդար Ղովտին, որ անօրենների անառակ վարքից ձանձրացել էր, որովհետև արդարը, նրանց մեջ բնակվելով, տեսնելով ու լսելով նրանց անօրեն գործերը, օրեցօր իր արդար հոգին տանջվում էր. Տերը գիտի աստվածապաշտներին փորձությունից փրկել և անիրավներին դատաստանի օրվա համար պահել, մանավանդ նրանց, որոնք գնում են մարմնական պիղծ ցանկության հետևից և արհամարհում Աստծու իշխանությունը։ Հանդուգն ու ինքնահավան՝ նրանք չեն վախենում երկնային փառքը հայհոյելուց, մինչդեռ հրեշտակները, որոնք զորությամբ և կարողությամբ ավելի մեծ են, Տիրոջ առաջ նրանց դեմ հայհոյալից դատապարտություն չեն բերում։ Իսկ սրանք, ինչպես անբան անասուններ, որ ի բնե որսի ու ապականության համար են ծնվել, հայհոյում են չիմացած բաները և իրենց ապականության մեջ էլ կործանվելու են՝ այդ կերպ իրենց անիրավության վարձն ստանալով. նրանք ցերեկով ցանկությանը հագուրդ տալը հաճույք են համարում. կեղտոտներ և արատավորներ, որոնք իրենց խաբեբայությունների մեջ հաճույք են ստանում ձեզ հետ համատեղ ուտել-խմելիս։ Պոռնկությամբ լի աչքեր ունեն, մեղանչելուց չեն հագենում, խաբում են երերուն հոգիներին, ագահությամբ բռնված սրտեր ունեն, անեծքի որդիներ են, շիտակ ճանապարհը թողած՝ մոլորվեցին՝ Բոսորի որդի Բաղաամի ճանապարհին հետևելով, որ անիրավության վարձը սիրեց և իր անօրենության համար հանդիմանություն ստացավ. անխոս էշը, մարդկային ձայնով խոսելով, արգելք եղավ մարգարեի խելահեղությանը։ Սրանք անջուր աղբյուրներ են, մրրիկից քշված ամպեր, որոնց համար խավարի մթությունն է հավիտյան պահված։