Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9
9
Հեուն Իսրայելի թագավոր է օծվում
1Եղիսե մարգարեն կանչեց մարգարեների խմբից մեկին և ասաց նրան. «Գոտիդ կապի՛ր մեջքիդ և յուղի այս սրվակը վերցրո՛ւ ձեռքդ ու գնա՛ Ռամովթ-Գաղաադ։ 2Եվ երբ այնտեղ հասնես, այնտեղ փնտրի՛ր Նամեսսիի որդի Հոսափատի որդի Հեուին և գնա՛ ու նրան վերցրո՛ւ իր եղբայրների միջից ու տա՛ր ներսի սենյակներից մեկը։ 3Վերցրո՛ւ յուղի սրվակը, թափի՛ր նրա գլխին և ասա՛. “Այսպես է ասում Տերը. "Ես քեզ թագավոր օծեցի Իսրայելի վրա"”։ Հետո դուռը բա՛ց արա և փախի՛ր ու էլ մի՛ հապաղիր»։ 4Եվ այն երիտասարդը՝ մարգարեի ծառան, գնաց Ռամովթ-Գաղաադ։ 5Երբ եկավ, զորքերի պետերն ահա նստած էին։ Նա ասաց. «Զորապե՛տ, ես մի խոսք ունեմ քեզ ասելու»։ Հեուն ասաց. «Մեր բոլորից՝ ո՞ւմ»։ Եվ նա ասաց. «Քեզ, ո՛վ զորապետ»։ 6Հեուն վեր կացավ, տուն մտավ, և նա յուղը թափեց նրա գլխին ու ասաց նրան. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ես քեզ թագավոր օծեցի Տիրոջ ժողովրդի՝ Իսրայելի վրա։ 7Եվ դու պիտի ջարդես քո տիրոջ՝ Աքաաբի տունը, որպեսզի իմ մարգարե ծառաների և Տիրոջ բոլոր ծառաների արյան վրեժն առնեմ Հեզաբելից։ 8Աքաաբի ամբողջ տունը պիտի ոչնչանա, և պիտի ջնջեմ Աքաաբի բոլոր արու մարդկանց՝ Իսրայելում գերի լինեն, թե ազատ։ 9Եվ Աքաաբի տունը պիտի դարձնեմ Նաբատի որդի Հերոբովամի տան պես և Աքիայի որդի Բաասայի տան նման։ 10Հեզաբելին էլ շները պիտի ուտեն Հեզրայելի ագարակում, և նրան թաղող չպիտի լինի”»։ Եվ դուռը բացեց ու փախավ։
11Հեուն դուրս եկավ, գնաց իր Տիրոջ ծառաների մոտ, և նրան ասացին. «Խաղաղությա՞մբ է. ինչո՞ւ էր այդ ցնորվածը եկել քեզ մոտ»։ Եվ նա ասաց նրանց. «Դուք ճանաչում եք այդ մարդուն էլ, նրա խոսքն էլ»։ 12Բայց նրանք ասացին. «Ճիշտ չէ, պատմի՛ր մեզ»։ Եվ նա ասաց. «Այսպես ու այսպես խոսեց ինձ հետ և ասաց. “Այսպես է ասում Տերը. "Ես քեզ թագավոր օծեցի Իսրայելի վրա"”»։ 13Եվ նրանցից ամեն մեկն արագ վերցրեց իր հանդերձները և գցեց նրա տակ՝ բուն սանդուղքի վրա։ Եվ փող փչեցին ու ասացին. «Հեուն է թագավորը»։
Իսրայելի Հովրամ թագավորը սպանվում է
14Եվ Նամեսսիի որդի Հոսափատի որդի Հեուն ապստամբեց Հովրամի դեմ։ (Իսկ Հովրամն ինքը ամբողջ Իսրայելի հետ ասորիների Ազայել թագավորից պաշտպանում էր Ռամովթ-Գաղաադը։ 15Սակայն Հովրամ թագավորը ասորիների Ազայել թագավորի դեմ պատերազմելու ժամանակ ասորիների՝ իրեն հասցրած վերքերից բուժվելու համար վերադարձել էր Հեզրայել)։ Եվ Հեուն ասաց. «Եթե համաձայն եք ինձ հետ, թող ոչ մի փախստական դուրս չգա այս քաղաքից, որ գնա և հայտնի Հեզրայելում»։
16Հեուն կառք նստեց և գնաց Հեզրայել, քանի որ Հովրամը պառկած էր այնտեղ, և Հուդայի Օքոզիա թագավորն էլ այնտեղ էր իջել, որ տեսնի Հովրամին։ 17Դետը կանգնել էր Հեզրայելի աշտարակի վրա. տեսավ, որ գալիս է Հեուի գունդը, և ասաց. «Տեսնում եմ՝ մի գունդ է գալիս»։ Եվ Հովրամն ասաց. «Մի ձիավո՛ր վերցրու և ուղարկի՛ր նրանց մոտ, որ ասի՝ խաղաղությա՞մբ է»։ 18Ձիավորը գնաց նրան դիմավորելու և ասաց. «Այսպես է ասում թագավորը՝ խաղաղությա՞մբ է»։ Եվ Հեուն ասաց. «Դու ի՞նչ գործ ունես խաղաղության հետ, հետևի՛ր ինձ»։ Եվ դետը հայտնեց՝ ասելով. «Պատգամավորը գնաց նրանց մոտ, բայց ետ չդարձավ»։ 19Մի երկրորդ ձիավոր ուղարկեց, և նա գնաց նրանց մոտ ու ասաց. «Այսպես է ասում թագավորը՝ խաղաղությա՞մբ է»։ Եվ Հեուն ասաց. «Դու ի՞նչ գործ ունես խաղաղության հետ, հետևի՛ր ինձ»։ 20Դետը հայտնեց ու ասաց. «Մինչև նրանց մոտ գնաց, բայց ետ չդարձավ։ Եվ այս ընթացքը նման է Նամեսսիի որդի Հեուի ընթացքին, որովհետև կատաղորեն է քշում»։
21Հովրամն ասաց՝ լծե՛ք, և նրանք լծեցին նրա կառքը, և Իսրայելի Հովրամ թագավորն ու Հուդայի Օքոզիա թագավորը՝ ամեն մեկն իր կառքով, դուրս եկան Հեուին դիմավորելու և նրան գտան հեզրայելացի Նաբովթի ագարակում։ 22Երբ Հովրամը տեսավ Հեուին, ասաց. «Խաղաղությա՞մբ է, Հեո՛ւ»։ Եվ նա ասաց. «Ի՜նչ խաղաղություն, քանի դեռ շատանում են քո մոր՝ Հեզաբելի պոռնկություններն ու կախարդությունները»։ 23Հովրամը շրջեց իր ձեռքերն ու փախավ և Օքոզիային ասաց. «Դավաճանություն է, Օքոզիա՛»։ 24Հեուն ամուր քաշեց աղեղը և զարկեց Հովրամին նրա ուսերի մեջտեղից. նետն անցավ նրա սրտի միջով, և նա կծկվելով ընկավ իր կառքի մեջ։ 25Եվ Հեուն ասաց իր զորապետ Բադեկարին. «Վերցրո՛ւ դրան և գցի՛ր հեզրայելացի Նաբովթի կալվածքի ագարակը. արդ հիշի՛ր, թե ինչպես երբ որ ես ու դու, ձիեր հեծած, երկուսով գնում էինք նրա հայր Աքաաբի ետևից, Տերն այս վճիռը տվեց նրա նկատմամբ։ 26“Իրավ է,- ասում է Տերը,- երեկ տեսա Նաբովթի արյունը և նրա որդիների արյունը և քեզ պիտի հատուցեմ այս ագարակում”. և հիմա, ինչպես ասել է Տերը, վերցրո՛ւ դրան և գցի՛ր ագարակը»։
Հուդայի Օքոզիա թագավորը սպանվում է
27Երբ Հուդայի թագավոր Օքոզիան տեսավ այդ, փախավ պարտեզի տան ճանապարհով. Հեուն հետապնդեց նրան և ասաց. «Դրա՛ն էլ սպանեք իր կառքի վրա». և նրան վիրավորեցին Հեբղաամի մոտ գտնվող Գուր բլրի վրա։ Օքոզիան փախավ Մակեդդով և այնտեղ էլ մեռավ։ 28Նրա ծառաները նրան կառքով տարան Երուսաղեմ և թաղեցին իր գերեզմանում իր հայրերի հետ Դավթի քաղաքում։
29Եվ Օքոզիան Հուդայի վրա թագավոր էր դարձել Աքաաբի որդի Հովրամի տասնմեկերորդ տարում։
Հեզաբել թագուհին սպանվում է
30Երբ Հեուն եկավ Հեզրայել, Հեզաբելը լսեց, ծարիր դրեց աչքերին, զարդարեց իր գլուխը և պատուհանից դուրս էր նայում։ 31Մինչ Հեուն քաղաք էր մտնում դռնից, Հեզաբելն ասաց. «Ամեն բան լա՞վ է, Զամբրի՛, տիրոջդ սպանո՛ղ»։ 32Իսկ նա իր գլուխը բարձրացրեց դեպի պատուհանը և ասաց. «Ո՞վ է ինձ հետ, ո՞վ»։ Եվ երկու-երեք ներքինիներ նայեցին իրեն։ 33Եվ ասաց. «Ցա՛ծ գցեք դրան». և նրանք ցած գցեցին նրան, և նրա արյունը ցայտեց պատի ու ձիերի վրա, և ոտնատակ տվեցին նրան։ 34Հետո Հեուն եկավ, կերավ, խմեց ու ասաց. «Գտե՛ք այդ անիծվածին և թաղե՛ք դրան, որովհետև թագավորի աղջիկ է»։ 35Եվ գնացին նրան թաղելու, բայց նրանից բան չգտան, բացի գանգից, ոտքերից ու ձեռքերի ոսկորներից։ 36Ետ դարձան ու հայտնեցին Հեուին, և նա ասաց. «Դա Տիրոջ խոսքն է, որ խոսել է իր ծառա թեզբացի Եղիայի միջոցով՝ ասելով. “Հեզաբելի միսը շները պիտի ուտեն Հեզրայելի ագարակում։ 37Եվ Հեզաբելի դիակը Հեզրայելի ագարակում պիտի լինի աղբի նման այնպես, որ չասեն. "Սա Հեզաբելն է"”»։
Արդեն Ընտրված.
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018