Հեուի յոթերորդ տարում Հովասը թագավոր դարձավ և քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունը Սաբիա էր՝ Բերսաբեեից։ Եվ Հովասն իր բոլոր օրերին ուղիղ վարվեց Տիրոջ առաջ, քանի որ Հովիադա քահանան սովորեցնում էր նրան։ Միայն թե Բարձր տեղերը չվերացան. ժողովուրդը տակավին զոհ էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։
Եվ Հովասն ասաց քահանաներին. «Նվիրատվության ամբողջ փողը, որ բերում են Տիրոջ տուն, հաշվառված այդ փողը, յուրաքանչյուր մարդու անձի գնահատության փողը, այն ամեն փողը, որ ամեն մարդ իր հոժար կամքով նվիրում է, որ բերի Տիրոջ տուն, քահանաները՝ ամեն մարդ իր ծանոթից, թող վերցնեն իրենց համար և դրանով նորոգեն տան վնասված տեղերը, ուր որ վնասված տեղեր գտնվեն»։
Բայց մինչև Հովաս թագավորի քսաներեքերորդ տարին քահանաները տան վնասված տեղերը չէին նորոգել։ Եվ Հովաս թագավորը կանչեց Հովիադա քահանային ու քահանաներին և ասաց նրանց. «Ինչո՞ւ չեք նորոգում տան վնասված տեղերը։ Հիմա էլ փող չվերցնեք ձեր ծանոթներից, այլ այն տվե՛ք տան վնասված տեղերի նորոգման համար»։ Քահանաները հավանություն տվեցին, որ ժողովրդից փող չառնեն և տան վնասված մասերը չնորոգեն։ Հովիադա քահանան մի արկղ վերցրեց, նրա կափարիչի վրա մի ծակ փորեց և այն դրեց զոհասեղանի մոտ՝ Տիրոջ տուն եկող մարդկանց աջ կողմում. և դռան պահպանություն անող քահանաներն այնտեղ էին գցում ամբողջ փողը, որ բերվում էր Տիրոջ տուն։
Եվ երբ տեսնում էին, որ արկղի մեջ փողը շատ է, գալիս էին թագավորի գրագիրը և քահանայապետը, հաշվում էին ու ծրարում Տիրոջ տանը գտնվող փողը։ Հաշված փողը տալիս էին Տիրոջ տան վրա նշանակված գործավարների ձեռքը, և նրանք վճարում էին հյուսներին և Տիրոջ տունը շինող գործավորներին, որմնադիրներին ու քարհատներին, և որ Տիրոջ տան վնասված տեղերը նորոգելու համար փայտ ու տաշած քար առնեն, և այն բոլոր ծախսերի համար, որ պետք էր տունը նորոգելու համար։ Միայն թե Տիրոջ տուն եկած փողից Տիրոջ տան համար չշինվեցին արծաթե բաժակներ, պատրույգի մկրատներ, տաշտեր, փողեր և ամեն տեսակ ոսկե անոթներ ու արծաթե անոթներ, այլ տալիս էին գործավարներին, և դրանով նորոգում էին Տիրոջ տունը։ Եվ հաշիվ չէին ուզում այն մարդկանցից, որոնց ձեռքն էր տրվում փողը, որ գործավորներին տային, որովհետև հավատարմորեն էին աշխատում։ Հանցանքի ընծայի փողը և մեղքի զոհի փողը Տիրոջ տուն չէր բերվում, այլ քահանաներինն էր լինում։