Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 9
9
Սաբայի թագուհու այցելությունը
(Գ Թագ. 10.1-13)
1Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի համբավը, նրան խրթին հարցերով փորձելու համար եկավ Երուսաղեմ շատ մեծ հանդիսությամբ, խնկերով, բազում ոսկով և թանկարժեք քարերով ծանրաբեռնված ուղտերով։ Նա եկավ Սողոմոնի մոտ և նրա հետ խոսեց իր մտքում եղած բոլոր բաների մասին։ 2Սողոմոնը պատասխանեց նրա բոլոր հարցերին, և որևէ գաղտնի բան չմնաց, որ նա չմեկնաբաներ նրա համար։ 3Երբ Սաբայի թագուհին տեսավ Սողոմոնի իմաստությունը, նրա կառուցած տունը, 4նրա սեղանի ուտելիքը, նրա իշխանավորների նստելու կարգը#9.4 Կամ նստելը։, նրա պաշտոնյաների վեր կենալը, նրանց հագուստները, նրա մատռվակներին ու նրանց հագուստները, այն աստիճանները, որոնցով նա բարձրանում էր Տիրոջ տունը, խելքը գլխից գնաց։ 5Եվ ասաց թագավորին. «Ճշմարիտ է ուրեմն այն, ինչ լսել եմ իմ երկրում քո խոսքերի և իմաստության մասին։ 6Ես չէի հավատում նրանց խոսքերին, մինչև որ եկա և իմ աչքերով տեսա. և ահա ինձ չի պատմվել քո մեծ իմաստության կեսի մասին անգամ։ Դու գերազանց ես այն համբավից, որ ես լսել եմ։ 7Երանի քո այս մարդկանց և երանի քո այս ծառաներին, որոնք մշտապես կանգնած են քո առաջ և լսում են քո իմաստությունը։ 8Օրհնյալ լինի քո Տեր Աստվածը, որ հավանեց քեզ, որպեսզի քեզ թագավոր դնի իր աթոռի վրա քո Տեր Աստծու համար։ Որովհետև քո Աստվածը սիրեց Իսրայելին և նրան հավիտյան հաստատելու է, քեզ թագավոր դրեց նրա վրա, որ իրավունք և արդարություն գործադրես»։ 9Եվ նա թագավորին հարյուր քսան տաղանդ ոսկի, չափազանց շատ խունկ և թանկարժեք քարեր տվեց. այնպիսի խունկ, ինչպիսին Սաբայի թագուհին տվեց Սողոմոն թագավորին, չի եղել։
10Քիրամի ծառաներն ու Սողոմոնի ծառաները ևս, որոնք Օփիրից ոսկի էին բերում, բերեցին նաև ալմուգ փայտ և թանկարժեք քարեր։ 11Թագավորն այդ ալմուգ փայտից Տիրոջ տան և թագավորի տան համար աստիճաններ սարքեց և երգիչների համար՝ քնարներ ու տավիղներ, որոնց նմանը դրանից առաջ չէր տեսնված Հուդայի երկրում։
Սողոմոն թագավորի հարստությունը
(Գ Թագ. 10.14-25)
12Սողոմոն թագավորը Սաբայի թագուհուն տվեց այն ամենը, ինչ նա ցանկացավ և ուզեց, բացի այն, որ նա բերել էր թագավորի համար։ Ապա նա վերադարձավ և գնաց իր երկիրը իր ծառաների հետ միասին։
13Միայն մեկ տարում Սողոմոնի համար բերված ոսկու կշիռը վեց հարյուր վաթսունվեց տաղանդ ոսկի էր, 14բացի այն, որ բերում էին առևտրականներն ու վաճառականները, և բացի այն ոսկուց ու արծաթից, որ բերում էին Արաբիայի թագավորներն ու երկրի նախարարները Սողոմոնի համար։
15Սողոմոն թագավորը երկու հարյուր վահան պատրաստեց կռածո ոսկուց. յուրաքանչյուր վահանի համար գործածվեց վեց հարյուր սիկղ կռածո ոսկի։ 16Նաև երեք հարյուր ասպար՝ կռածո ոսկուց՝ յուրաքանչյուր ասպարի համար գործածելով երեք հարյուր սիկղ ոսկի։ Թագավորը դրանք դրեց Լիբանանի անտառի տան մեջ։
17Թագավորը փղոսկրյա մի մեծ գահ պատրաստեց և այն պատեց մաքուր ոսկով։ 18Այդ գահն ուներ վեց ոսկե աստիճան և գահին կցված մի ոսկե պատվանդան։ Գահի նստատեղը այս և այն կողմից ուներ հենարաններ. այդ հենարանների մոտ կային քանդակված երկու առյուծներ։ 19Վեց աստիճանների վրա այս և այն կողմից տասներկու առյուծներ էին կանգնած։ Այսպիսի բան չէր պատրաստված ոչ մի թագավորության մեջ։
20Սողոմոն թագավորի խմիչքի բոլոր անոթները և Լիբանանի անտառի տան բոլոր անոթները մաքուր ոսկուց էին, արծաթից չէին։ Սողոմոնի օրոք արծաթը ոչինչ էր համարվում։ 21Որովհետև թագավորն ուներ նավեր, որոնք Քիրամի ծառաների հետ գնում էին Թարսիս. երեք տարին մեկ անգամ Թարսիսի նավերը գալիս էին՝ բեռնված ոսկով, արծաթով, փղոսկրով, կապիկներով և սիրամարգերով։
22Սողոմոն թագավորը հարստությամբ և իմաստությամբ գերազանցեց երկրի բոլոր թագավորներին։ 23Երկրի բոլոր թագավորները ցանկանում էին հանդիպել Սողոմոնին, որպեսզի լսեն նրա իմաստությունը, որն Աստված դրել էր նրա սրտում։ 24Նրանցից ամեն մեկը ամեն տարի բերում էր իր ընծան՝ արծաթե անոթներ, ոսկե անոթներ, հագուստներ, զենք, խնկեր, ձիեր և ջորիներ։
25Սողոմոնն ուներ չորս հազար ախոռ ձիերի և մարտակառքերի համար և տասներկու հազար ձիավոր, որոնց նա տեղավորեց մարտակառքերի քաղաքներում և Երուսաղեմում՝ թագավորի մոտ։ 26Նա իշխում էր բոլոր թագավորների վրա՝ Եփրատ գետից մինչև փղշտացիների երկիրը և մինչև Եգիպտոսի սահմանը։ 27Թագավորը Երուսաղեմում արծաթը քարի նման հասարակ բան դարձրեց և եղևնափայտը դաշտի#9.27 Եբր. Շեֆիլա, որ դաշտ է նշանակում։ մոլաթզենու չափ շատացրեց։ 28Սողոմոնի համար ձիեր էին բերում Եգիպտոսից և բոլոր երկրներից։
Սողոմոնի թագավորության ամփոփումը
(Գ Թագ. 11.41-43)
29Սողոմոնի առաջին և վերջին գործերի մնացած մասը գրի է առնված Նաթան մարգարեի պատմության մեջ, սիլոնացի Աքիայի մարգարեության մեջ և Նաբատի որդի Հերոբովամի մասին Ադդով տեսանողի գրած տեսիլքների մեջ։ 30Սողոմոնը քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում ամբողջ Իսրայելի վրա։ 31Ապա Սողոմոնը ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին իր հոր՝ Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավոր եղավ նրա որդի Ռոբովամը։
Արդեն Ընտրված.
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 9: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018