Թագավորը կանչեց Հովիադա քահանայապետին և ասաց նրան. «Ինչո՞ւ ղևտացիներից չես պահանջում, որ Հուդայից ու Երուսաղեմից բերեն Տիրոջ ծառա Մովսեսի և Իսրայելի ժողովականների դրած տուրքը վկայության խորանի համար, որովհետև անօրեն Գոթողիան և նրա որդիները բռնությամբ մտել էին Աստծու տունը և Տիրոջ տան բոլոր նվերները գործածել Բահաղի համար»։ Թագավորը հրամայեց, և մի արկղ պատրաստեցին ու դրեցին Տիրոջ տան դռանը՝ դրսում։ Մունետիկ կանչել տվեցին Հուդայում և Երուսաղեմում, որ բերեն Աստծու ծառա Մովսեսի՝ Իսրայելի վրա անապատում դրած տուրքը Տիրոջ համար։ Բոլոր իշխաններն ու ամբողջ ժողովուրդը ուրախացան, և բերում ու գցում էին արկղի մեջ, մինչև որ այն լցվեց։ Երբ ղևտացիների ձեռքով արկղը բերում էին թագավորի վերակացուի մոտ և երբ տեսնում էին, որ փողը շատացել է, այն ժամանակ գալիս էին թագավորի գրագիրն ու քահանայապետի վերակացուն, դատարկում էին արկղը, ապա տանում էին ետ ու դնում իր տեղը։ Այսպես էին անում ամեն օր և շատ փող հավաքեցին։ Թագավորն ու Հովիադան այդ փողը տալիս էին Տիրոջ տան ծառայության գործն անողներին, որոնք քարհատներ և հյուսներ էին վարձում Տիրոջ տունը նորոգելու համար, ինչպես նաև երկաթագործներին ու պղնձագործներին՝ Տիրոջ տունն ամրացնելու համար։ Գործավորներն աշխատում էին, և նորոգության գործը կատարվեց նրանց ձեռքով. Աստծու տունը վերականգնեցին իր նախկին չափով և ամրացրին այն։ Գործն ավարտելուց հետո փողի մնացած մասը բերեցին թագավորի և Հովիադայի առաջ, և Տիրոջ տան համար անոթներ շինվեցին, անոթներ պաշտամունքի և ողջակեզների համար, խնկամաններ և ոսկե ու արծաթե այլ անոթներ։ Հովիադայի բոլոր օրերին միշտ ողջակեզներ էին մատուցում Տիրոջ տանը։ Հովիադան ծերացավ ու մեռավ՝ իր կյանքի օրերից հագեցած։ Մեռնելիս նա հարյուր երեսուն տարեկան էր։ Նրան թաղեցին Դավթի քաղաքում՝ թագավորների մոտ, որովհետև Իսրայելում նա բարություն էր արել Աստծու և նրա տան համար։
Կարդալ Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 24
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 24:6-16
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր