Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 11

11
Սեմայիայի մարգարեությունը
(Գ Թագ. 12.21-24)
1Ռոբովամը եկավ Երուսաղեմ և Հուդայի ու Բենիամինի տնից հավաքեց հարյուր ութսուն հազար ընտիր ռազմիկներ, որպեսզի պատերազմեն Իսրայելի դեմ և թագավորությունը ետ դարձնեն Ռոբովամին։ 2Տիրոջ խոսքը եղավ Աստծու մարդ Սեմայիային՝ ասելով. 3«Խոսի՛ր Հուդայի թագավոր Սողոմոնի որդի Ռոբովամի և Հուդայում ու Բենիամինում գտնվող բոլոր իսրայելացիների հետ՝ ասելով. “Այսպես է ասում Տերը. 4"Վեր մի՛ ելեք և մի՛ պատերազմեք ձեր եղբայրների դեմ. ամեն մարդ թող վերադառնա իր տունը, որովհետև ինձնի՛ց եղավ այս բանը"”»։ Նրանք լսեցին Տիրոջ խոսքը և հրաժարվեցին Հերոբովամի վրա գնալուց։
Ռոբովամն ամրացնում է քաղաքները
5Ռոբովամը բնակվեց Երուսաղեմում և պարսպապատ քաղաքներ կառուցեց Հուդայի մեջ, 6այսինքն՝ կառուցեց Բեթլեհեմը, Ետամը, Թեկուեն, 7Բեթսուրը, Սոքովը, Ոդողոմը, 8Գեթը, Մարեսան, Զիփը, 9Ադորայիմը, Լաքիսը, Ազեկան, 10Սարաան, Այեղոնը և Քեբրոնը, որոնք Հուդայի ու Բենիամինի մեջ պարսպապատ քաղաքներ էին։ 11Նա դրանց պարիսպներն ամրացրեց, զորապետներ դրեց դրանց մեջ և ուտելիքի, ձեթի ու գինու շտեմարաններ։ 12Վահաններ ու նիզակներ դրեց յուրաքանչյուր քաղաքում և խիստ ամրացրեց դրանք։ Հուդան և Բենիամինը նրանը եղան։
Քահանաները և ղևտացիները գնում են Հուդա
13Ամբողջ Իսրայելում գտնվող քահանաներն ու ղևտացիները երկրի բոլոր սահմաններից հավաքվեցին նրա մոտ, 14որովհետև ղևտացիները թողնում էին իրենց ագարակներն ու իրենց կալվածքները և գնում էին Հուդա ու Երուսաղեմ, քանի որ Հերոբովամն ու նրա որդիները նրանց դուրս էին անում Տիրոջ քահանայությունից։ 15Նա իր համար քահանաներ նշանակեց Բարձր տեղերի, սատիրների#11.15 Այծամարդ կամ այծի կերպարանքով արձաններ։ և հորթերի արձանների վրա, որ ինքն էր շինել։ 16Նրանցից հետո Իսրայելի բոլոր ցեղերից Երուսաղեմ եկան մարդիկ, որոնք սրտանց փնտրում էին Իսրայելի Տեր Աստծուն, որպեսզի զոհեր մատուցեն իրենց հայրերի Տեր Աստծուն։ 17Նրանք երեք տարվա ընթացքում զորացրին Հուդայի թագավորությունը, հզորացրին Սողոմոնի որդի Ռոբովամին, որովհետև այդ երեք տարիներին գնում էին Դավթի և Սողոմոնի ճանապարհով։
Ռոբովամի ընտանիքը
18Ռոբովամը կին առավ Դավթի որդի Հերիմոթի դուստր Մայելեթին և Հեսսեի որդի Եղիաբի դուստր Աբիքելին։ 19Նա Ռոբովամի համար որդիներ ծնեց՝ Հեուսին, Սամարիային և Զաամին։ 20Դրանից հետո Ռոբովամը կին առավ Աբիսողոմի աղջիկ Մաաքային, որը նրա համար ծնեց Աբիային, Եթթիին, Զիզային և Սաղոմիթին։ 21Ռոբովամն Աբիսողոմի աղջիկ Մաաքային ավելի էր սիրում իր բոլոր կանանցից և հարճերից (որովհետև նա ուներ տասնութ կին և վաթսուն հարճ, որոնցից ունեցավ քսանութ տղա և վաթսուն աղջիկ)։ 22Ռոբովամը Մաաքայի որդի Աբիային գլխավոր նշանակեց իր եղբայրների մեջ, որովհետև ուզում էր նրան թագավոր դարձնել։ 23Նա խելացիություն արեց և իր որդիներից ոմանց ցրեց Հուդայի և Բենիամինի բոլոր երկրներում, բոլոր պարսպապատ քաղաքներում և նրանց տվեց ապրուստի առատ պաշար և շատ կանայք ուզեց նրանց համար։

Արդեն Ընտրված.

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 11: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք