Ա Թեսաղոնիկեցիներին 2

2
Պողոսի գործունեությունը Թեսաղոնիկեում
1Եղբայրնե՛ր, ինքներդ գիտեք, որ ձեզ մոտ մեր մուտքը զուր չեղավ, 2այլ, ինչպես գիտեք, նախ չարչարվելով ու անարգվելով Փիլիպպեում, մեր Աստծով համարձակվեցինք քարոզել ձեզ Աստծու Ավետարանը՝ հակառակ մեծ դժվարությանը։ 3Որովհետև մեր քարոզը ո՛չ մոլորության վրա է հիմնված, ո՛չ պղծության, ո՛չ էլ նենգության, 4այլ ինչպես մենք Աստծուց ընտրվեցինք, որ Ավետարանը մեզ վստահվի, այնպես էլ քարոզում ենք ոչ թե մարդկանց հաճելի լինելու, այլ Աստծուն, որ մեր սրտերը քննում է։ 5Երբեք շողոքորթ խոսքերով հանդես չեկանք, ինչպես գիտեք, և ոչ էլ ագահության պատրվակով. Աստված վկա է։ 6Ո՛չ մարդկանցից փառք փնտրեցինք, ո՛չ ձեզանից, ո՛չ էլ ուրիշներից։ 7Թեև կարող էինք որպես Քրիստոսի առաքյալներ ծանրություն դառնալ, բայց ձեր մեջ հեզահոգի եղանք։ Ինչպես ստնտուն է կերակրում իր երեխաներին, 8այդպես էլ մենք ձեզ վերաբերվեցինք. հաճեցինք ոչ միայն Աստծու Ավետարանը ձեզ տալ, այլև մեր իսկ կյանքը, որովհետև մեր սիրելիները եղաք։ 9Եղբայրնե՛ր, հիշում եք մեր վաստակն ու ջանքը, երբ գիշեր-ցերեկ աշխատում էինք, որպեսզի ձեզանից ոչ մեկի վրա ծանրություն չլինեինք, և Աստծու Ավետարանը քարոզում էինք ձեզ։ 10Դուք ինքներդ վկա եք, վկա է նաև Աստված, թե ինչպիսի սրբությամբ, արդարությամբ ու անարատությամբ եղանք ձեր՝ հավատացյալներիդ հանդեպ։ 11Ինչպես գիտեք, ձեզանից ամեն մեկին, ինչպես հայրը՝ իր զավակներին, 12հորդորում և մխիթարում էինք ու աղաչում, որ ընթանաք, ինչպես որ վայել է Աստծուն, որ ձեզ կանչեց իր արքայությանն ու փառքին։
Թեսաղոնիկեցիների հավատի վկայությունը
13Դրա համար էլ մենք Աստծուն անդադար գոհություն ենք հայտնում, որ դուք, Աստծու քարոզության խոսքը մեզանից ստանալով, ընդունեցիք ոչ որպես մարդկանց խոսք, այլ, ինչպես ճշմարիտ է, որպես Աստծու խոսք, որը և ներգործում է ձեր՝ հավատացյալներիդ մեջ։ 14Եղբայրնե՛ր, դուք նմանվեցիք Աստծու այն եկեղեցիներին, որ Հրեաստանում են Քրիստոս Հիսուսով, որովհետև դուք էլ ձեր հայրենակիցներից նույնը կրեցիք, ինչպես որ նրանք էլ՝ հրեաներից, 15որոնք Տեր Հիսուսին ու մարգարեներին սպանեցին, նաև մեզ հալածեցին ու Աստծուն անհաճո եղան և բոլոր մարդկանց թշնամի դարձան։ 16Մեզ արգելում են հեթանոսներին քարոզել, որպեսզի իրենքփրկվեն, և շարունակ իրենց մեղքերի չափն են լրացնում։ Բայց նրանց վրա է հասել բարկությունը մինչև վերջ։
Պողոսի փափագը՝ վերադառնալու Թեսաղոնիկե
17Իսկ մենք, եղբայրնե՛ր, թեև առժամանակ ձեզանից բաժանված մնացինք՝ հեռու աչքից և ոչ սրտից, սակայն առավել ևս շտապեցինք ձեր երեսը տեսնելու մեծ փափագով։ 18Դրա համար ես՝ Պողոսս, մի երկու անգամ կամեցա ձեզ մոտ գալ, բայց սատանան մեզ խոչընդոտեց։ 19Արդարև ո՞վ է մեր հույսը կամ ուրախությունը կամ պարծանքի պսակը, եթե ոչ դուք Տիրոջով, մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջ, նրա գալստյան ժամանակ։ 20Դուք եք մեր փառքը և ուրախությունը։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում